Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքի իմաստը․ վերադարձ նալբանդյանական ազատությանը․ ՄԱՍ 1

Փետրվար 02,2021 13:19

Ո՞րն է կյանքի իմաստը։

Երկիր ունեցող, ազգային ազատություն ու անձնագիր ձեռք բերած անկախության սերնդի համար ավելի բազմաշերտ էին պատանեկության շրջանում ձևավորվող այս հարցի պատասխանները։

Կյանքի իմաստի փնտրտուքներում յուրաքանչյուրն անձնական երջանկության հասնելու իր ճանապարհն էր գծում, և նպատակին հասնելու իր ազատության, պայքարի ուղենիշն էր դնում։

Այդ ուղենիշների անուններն էին՝ ազատ սեքս, կնոջ ազատություն, ամուսնության ազատություն, ծնողներից առանձին ապրելու ազատություն, ծխելու ազատություն՝ թե՛ ծխախոտ, թե՛ մարիխուանա, կրթության ընտրության ազատություն, շրջագայելու ազատություն, խղճի, դավանանքի ազատություն, ստեղծագործելու ազատություն, սեռական կողմնորոշման ազատություն, սեռի ընտրության ազատություն։

Այս ազատությունների շուրջ հայալեզու բանավեճերը գոյություն ունեին Հայաստան անունով այս տարածքում՝ շնորհիվ ազգային ազատության դարավոր պայքարի, սակայն պարադոքս է, որ ազգային ազատության գաղափարները կեղծ ու հետադիմական հռչակվեցին և արհամարհվեցին, փոխանակ հնարավորությունների՝ անձնային ազատությունը սերտաճեր ազգային ազատության հետ։

Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիրներից Վազգեն Մանուկյանն ասում է, որ հետսովետական անկախ Հայաստանը կառուցում էին երեք սյան վրա՝ ազգային սյուն, ազատության սյուն, աշխարհին ինտեգրվելու սյուն։

Այս եռոտանին տարիների ընթացքում պիտի ճոճվեր ու փլվեր, քանի որ ազգային պետության մեջ ազգայինն ու ազատությունն առանձին սյուների վրա էին։ Մինչդեռ ազգային ազատության սյան շնորհիվ հայերը աշխարհում վերաձեռքբերեցին իրենց տարածքը, հետևաբար, ազգայինն ու ազատությունը ոչ թե իրար հակասող կամ փոխլրացնող սյուներ են, այլ մեր նախնիների ձևավորած կյանքի, տարածքի իմաստի սյունն են. մեկ անբաժանելի սյուն։ Ազգային ազատություն, ահա հայերի հազարամյակների կյանքի իմաստը, որը բոլոր ազգերի կյանքի, գոյության իմաստն է նաև։ Եվ, ի վերջո, ազգային ազատությամբ է անձը ինտեգրվում թե՛ իր պետության, թե՛ աշխարհի մեջ՝ արդեն իր անձնային ազատություններով ձևավորված։

Ազգային՝ նալբանդյանական ազատության համար մարդը մորից պորտով անջատվելուց հետո չի պայքարում, ինչպես անձնային ազատության պարագայում։ Տարածքն է հուշում, պատմությունն ու հիշողությունն է խթանում, որպեսզի Նալբանդյանի «Ազատության» անբարբառ մանուկը՝ մոր քունը, հանգստությունը խանգարելով օգնություն խնդրի ազատության հասնելու համար, բազուկները արձակի։

Տարբեր մայրերից և հայրերից ծնված այս մանուկների առաջին խոսքը «չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ», ազատությո՜ւն է, դուրս թռչում «մանկական բերանից», քանի որ հայրն ու մայրը մասնավոր են, իսկ ազգային ազատությունն ընդհանուր է։ Իսկ ընդհանրական հայրերն ու մայրերը սերնդեսերունդ ազգային ազատության ձգտման հիշողությունն են:

Այս է, որ Միքայել Նալբանդյանը զարգացնում է «Երկու տող» հոդվածում. ազգային ազատության համար կռվողները «ապրեցին և քրտնեցին ընդհանուրի օգտի համար, լավ հասկանալով, որ սո՜ւտ է մասնավորի քաջաբախտությունը, առանց ընդհանուրի երջանկության»։

Մինչդեռ հետսովետական Հայաստանի ազատության սյունը միայն մասնավորինն էր ու պիտի կործանվեր առանց ընդհանուրի երջանկության։

Պարզ է, որ Նալբանդյանը չի մերժում անձնային՝ մասնավորի ազատությունը, այլ տրամաբանող մտավորականի պես ներկայացնում է բնության ալգորիթմը, որ եթե ինքնությունդ պաշտպանված չի, ի՞նչ անձնային երջանկության՝ ազատության մասին կարող է խոսք լինել, եթե տեսակիդ գոյությունը վտանգված է, սիրո մասին ի՞նչ բանավեճեր կարող ես ունենալ։

Այդ պատճառով, «Մանկության օրեր» բանաստեղծությունում արվեստների հովանավոր Ապոլլոնին է վերադարձնում քնարը` հանգստի, վայելքի, թեթևության գործիքը՝ հաստատակամ հրամայելով. «Լո՛ւռ կաց, դու քնար, այլ մի՛ հնչեր ինձ, Ապոլլոն, հե՛տ առ դարձյալ դու նորան»։

Նա առաջարկում է քնարը տալ մեկ ուրիշին, ով ունի սիրո մասին մտորելու հնարավորություն՝ «զոհ բերել կյանքը սիրած աղջկան», որովհետև «սրտին ծանրացած ազգի վիճակին» քնարը պիտանի չէ։

Իսկ հայերի, Նալբանդյանի համար՝ «ներկա օրերում այլ ի՜նչ սև քնար, սուր է հարկավոր կտրիճի ձեռքին, արյու՛ն ու կրա՛կ թշնամու վրա, սա պիտի լինի խորհուրդը մեր կյանքի»։

Հովհաննես Թումանյանն էլ է համաձայն, որ ժամանակն էր թելադրում, որպեսզի Նալբանդյանի բերանում միայն ազգային ազատության խոսքը լինի, 19-րդ դարում, երբ հայերի ազատություններն ու իրավունքները ոտնահարում էին օսմանյան թուրքերն ու ցարական ռուսները, ու հայերը մի կաթսա չունեին, որ իրենց «հարիսան ինքնուրույն եփեին, ուտեին»։

«Մեր նախորդ շրջանի բանաստեղծները» հոդվածում Թումանյանը գրում է, որ հանկարծ չկարծեք, թե Նալբանդյանը չէր կարող սիրո՝ անձնային երջանկությունների մասին խոսել, եթե ազգի վիճակը էդպես դառը չլիներ․ «Այդ հեշտության, սիրո և քնարի օրեր չեն, խավար է շուրջը»,- բացատրում է Թումանյանը,- «այդպիսի ժամանակներում, այդ օրերում բանաստեղծն ուրիշ ցավ ունի»։

Իսկ ինչպե՞ս երգել սիրածի մասին, երբ արդեն պետություն ունես, երբ արդեն ազգային ազատությունը հասել է նպատակին։ Հասե՞լ է նպատակին։ Ո՛չ, ազգային ազատության պայքարը հարատև կռիվ է։ Քանի դեռ գոյություն ունի ազգային ինքնությունը, ուրեմն գոյություն ունի ազգային ինքնության դեմ սպառնալիքը՝ մեկ ուրիշի ազգային ազատության պայքարում։ Ազգային ինքնության այդ սպառնալիքը վերածվում է մասնավորի, ինչպես ազգային երջանկությունն է մասնավորինը, այնպես էլ ազգային դժբախտությունն է տարրալուծվում մասնավորի մեջ։ Այս շաղկապից է, որ անձի ազգային ազատության պայքարը մոր արգանդում է սկսվում, ոչ թե պորտը կտրելուց հետո, երբ մարդն առանձին անձ է դառնում ու սահմանում իր անձին հարիր ազատությունները։

Բայց ինչպե՞ս պիտի ազգային և անձնային ազատությունները սերտաճեն։ Ընդունելով, որ նախնիները, ծնողը, ավանդույթները ազատությանը հասնելու, բազուկներն արձակելու օգնականն են, այլ ոչ թե պատնեշը, ինչպես սովորաբար լինում է անձնային ազատություններին հասնելու պարագայում։ Սա՛ է, որ ծնողի ու զավակի ազատությունները, մեկինը՝ պահպանման, մյուսինը՝ վայելքի, եթե չսերտաճեն, ազատությունը ազգայինից վերածվելու է սերունդների ըմբոստության։ Այնպես, ինչպես եղավ հետխորհրդային Հայաստանում ու «Հայ մարդ, հայ ազգ, ասա՛, արդյոք որտե՛ղ է քո հայրենիքդ» երգելու վտանգի տակ է։ Այսպես Նալբանդյանն էր հարցնում «Հայ մարդու հայրենիք» բանաստեղծությունում, բայց ի տարբերություն մեզ, նա այդպես էլ հայրենիք չտեսավ, կյանքն ու գրիչը նվիրեց, որ մենք տեսնենք։

Ազգային ազատությունն, անշուշտ, վայելքների ազատություն չի, այդ ճանապարհը փշոտ է, ու անցնողին փորձանք կսպասի, և Նալբանդյանն էլ իր ընտրած կյանքի ուղուն համապատասխան մահացավ աքսորում՝ 37 տարեկան չդարձած, բայց այսպես է «Երկու տող» հոդվածում սահմանում Նալբանդյանը, հայի ոտնահարված իրավունքը պաշտպանելն է մեր կյանքի բուն իմաստն ու նպատակը․

«Եվ այս նպատակին հասանելու համար չպիտի ընկրկենք ո՛չ բանտի, և ո՛չ աքսորի առջև, ոչ միայն խոսքով և գրչով, այլև զենքով և արյունով, եթե մի օր արժանի լինենք զենք առնել մեր ձեռքը և մինչև այժմ քարոզած ազատությունը նվիրել և սիրել մեր արյունով»։

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728