Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավագույն մտադրությունը» ավտորիտար երկրում

Փետրվար 12,2021 10:00

2019 թվականի մարտի 29-ին Ռուսաստանում ուժի մեջ է մտել օրենք, որը պատասխանատվություն է նախատեսում, այսպես կոչված, «ֆեյք տեղեկությունների» հրապարակման համար: Օրենքը, մասնավորապես, նախատեսում է տուգանք 400-ից մինչեւ 20 հազար դոլար: Ռուսաստանցի օրենսդիրները «ֆեյքի» տակ հասկանում են, օրինակ, «պետության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք», որի մեկնաբանությունն, իմ կարծիքով, կարող է չափազանց կամայական լինել:

Օրենքի կիրառումը սկսվեց ընդունումից մի քանի օր անց: Առաջինը տուգանեցին հասարակական ակտիվիստ մի աղջկա, որն Արխանգելսկում բողոքում էր աղբանոցի կառուցման դեմ: Նա սոցցանցերից մեկում գրել էր, որ այսինչ օրը այդ հարցով կկայանա բողոքի ակցիա: Ոստիկանությունը որոշել էր, որ դա «ֆեյք» լուր է: Ինչո՞ւ: Որովհետեւ, թեեւ հանրահավաքը կայացավ, այն արտոնված չէր տեղական իշխանությունների կողմից, եւ այդ պատճառով, ըստ ոստիկանների տրամաբանության, տեղեկությունը կեղծ է:

Ասածս ի՞նչ է: Ոչ ժողովրդավարական, ավտորիտար երկրներում (որպիսիք են Ռուսաստանն ու Հայաստանը) ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, որն առնչվում է նման խնդիրներին, իրականում մահակ է դառնում իշխանության ձեռքին: Դա տեղի է ունենում նույնիսկ այն դեպքերում, երբ խնդիրները, որոնք օրենքներն իբր կոչված են լուծել, իրականում գոյություն ունեն: Բայց տեսականորեն ճիշտ մտահոգությունները ավտորիտարիզմի պարագայում ունեն մեկ՝ իշխանության՝ ինքն իրեն ուժեղացնելու նպատակը:

Հենց այդ տեսանկյունից է պետք է դիտարկել «Իմ քայլի» վերջին երկու նախաձեռնությունները, որոնք կարող են նպաստել խոսքի ազատության սահմանափակմանը: Արտաքուստ ամեն ինչ տրամաբանական է թվում: Լրատվամիջոցների իրական սեփականատերերը պետք է «տեսանելի» լինեն հասարակության համար, եւ այդպիսով, զուտ տեսության մեջ, լրատվամիջոցը եւ «ոչ լրատվամիջոցը» պետք է տարբերակվեն: Բայց շատ մեծ է հավանականությունը, որ նման օրենքը (եթե ընդունվի) կիրառվելու է ընդդիմության հեռուստաալիքների դեմ, իսկ իշխանությանը հավատարիմ նույնատիպ «անտեսանելի սեփականատերերը» այդպես էլ անտեսանելի կմնան: Կամ՝ քաղաքացիներն, անշուշտ, պետք է պաշտպանված լինեն վիրավորանքից եւ զրպարտությունից: Բայց օրենքի խստացումն իրական կյանքում կմեկնաբանվի այնպես, որ հե՛նց իշխանավորները պաշտպանություն կստանան ցանկացած սուր քննադատությունից:

Ինչո՞ւ են ավտորիտար երկրներում նման «խեղումներ» տեղի ունենում: Շատ պարզ. երբ ուժային եւ քննչական մարմինները գործադիր իշխանության գրպանում են, ժողովրդավարությանը եւ խոսքի ազատությանն առնչվող ցանկացած օրենք կիրառվում է դրանց սահմանափակման ուղղությամբ: Ի դեպ, դատական համակարգը Հայաստանում (ի տարբերություն Ռուսաստանի) մասամբ անկախ է, բայց այդ «թերությունը» արդարադատության նախարարը եւ «իմքայլական» մեծամասնությունը շուտով «կշտկեն»:

Ավելի խորքային հարցն այն է, որ Հայաստանում գերակայող տեսակետի համաձայն, մեր հասարակությունը «դեռ պատրաստ չէ» ժողովրդավարությանն ու խոսքի ազատությանը: Բայց դա այլ խոսակցության թեմա է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Իրատես says:

    Օրենքների ընտրովի կիրառումը արդարացնում է մեր քաղաքացիների արհամարական վարքագիծը այդ օրենքների նկատմամբ։ Ինչ վերաբերում է ֆեյքերին՝ ապա նրանց կուրատորների մինիմալ տեղեկատվական գրագիտության պարագայում անհնար ա այդ ֆեյքերին հայտնաբերել։ «Դռբի» տակ ընկնելու են միայն «հարիֆները»։ Ներողություն բառապաշարի համար։

  2. Armen says:

    Ճիշտ կլիներ խրախուսել բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք «ֆեյք» լուրերով և տեղեկատվությամբ հասարակությանը ընկճախտ ու հուսալքություն են պարգևում, որի հետևանքով բնականաբար պետությունը ունենում է թռիչքային զարգացում, մարդիք էլ՝ բարձր տրամադրություն: Բա որ այդ ֆեյքերը ֆինանսավորողները գան իշխանության, ինչքա՜ն լավ կլինի՜….

  3. Nimar says:

    Օրենքի համաձայն, հավասարապես գործում է սեփականատերերի «տեսանելիության» պահանջը բոլոր լրատվամիջոցներին, ներառյալ իշխանություններին հավատարիմները:
    Ոմանք պաշտոնյաների հասցեին վիրավորանքներն ու զրպարտությունը մեկնաբանում են
    որպես կոշտ քննադատություն իշխանությունների հասցեին, ապա հայտարարում են հետապնդումների մասին քաղաքական պատճառներով: Եվ շատերն ընդհանրապես չեն հասկանում, թե որն է տարբերությունը պաշտոնի և այն զբաղեցրած անձի միջև: Քաղաքացիական ծառայողների որոշ կատեգորիաներ ավելի պաշտպանված են, քան մյուսները, օրինակ ՝ ոստիկանության աշխատակցին վիրավորելը ծառայություն կատարելիս քրեական հանցագործություն է: Բայց արդյո՞ք վարչապետին վիրավորելը ընդդիմադիր քաղաքական գործունեություն է:

  4. Արամ Աբրահամյան says:

    Շնորհակալություն բոլոր մեկնաբանությունների համար: Կարծում եմ, որ, ցավոք, Հայաստանն այն երկիրը չի, որտեղ օրենքը կիրառվում է բոլորի հանդեպ հավասարապես:

  5. Ruben says:

    «Երդվում եմ ձեր առաջ, երդվում եմ հավիտենականի անունով, երդվում եմ իմ հայրենիքի արևով և այս սուրբ գերեզմանով, որ ես չեմ վերադառնալ այլևս իմ ընտանյաց գիրկը, չեմ մտնիլ իմ հարկի տակ, մինչև վերջին հագարացին չհալածեմ հայրենի սահմաններից։ Թո՛ղ կործանե ինձ աստված, թո՛ղ քրիստոնյան ինձ Հուդա և հայը Վասակ անվանե, եթե ես երբեք դրժեմ իմ ուխտին ու երդմանը։ Ես պիտի ապացուցանեմ, որ ամրոցների և իշխանական զորության մեջ չէ ամփոփվում հայրենիքի ուժը, այլ նրա որդիների անձնվիրության մեջ․ պիտի ապացուցանեմ, որ քսան անձնազոհ նահատակներն ավելի արժեն, քան քսան հազար զինվորներից կազմած բանակը․․․ Օ՛ն ուրեմն, հառա՛ջ․․․ Հայի աստվածը մեզ օգնական, հայի խաչը մեզ ապավե՜ն․․․»։
    https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D6%87%D5%B8%D6%80%D5%A3_%D5%84%D5%A1%D6%80%D5%A6%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB/%D5%80%D5%A5%D6%80%D5%B8%D5%BD%D5%AB_%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728