Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեք հրապարակ` երկիրը պահելու եւ Արցախը մի օր վերադարձնելու համար». Շուշան Պետրոսյան

Փետրվար 16,2021 15:52

«Հպարտը ո՞րն է, հողի հետ աշխատողը հպա՞րտ է, հողի հետ աշխատողը հողի հետ կապված է ամեն ինչով… Ինքը ոչինչ չի ծախում, հողը մշակում է, որպեսզի պտուղ ստանա, պտուղը վաճառի, իր ընտանիքի հանապազօրյա հացը վաստակի… Հպարտը ո՞րն է»,-վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի արտահայտության մասին «Հայելի» ակումբում հարց հնչեցրեց երգչուհի Շուշան Պետրոսյանը:

«Այդ մարդը այս երկրին ոչ մի օգուտ չի տվել, խեղել է հերոսներին, վարկաբեկել հերոսի կերպարը»,-ասաց երգչուհին:

Իր գործընկերների մասին խոսելիս էլ երգչուհին ասաց, որ ժամանակին ոմանք ոչ թե Նիկոլ Փաշինյանին են ընտրել, այլ ուղղակի իր դեմ ցույց էին արել:

«Ես շատ լավ հիշում եմ Հայկ Մարությանի, մեր ընկեր Հայկոյի ելույթները, որ առիթ բաց չէր թողնում այս կամ այն լրատվականով ելույթ ունենար ու ասեր, թե ինչիս էր պետք իմ գնալը խորհրդարան, ես պիտի երգեի… Հիմա ես ամեն օր նայում եմ իր սկեթչերը, նույն միտքն է գալիս մի տարբերությամբ. ես երկրիս ծառայել եմ ու ծառայում եմ մինչեւ հիմա, իսկ իր ծառայությունը դեռ չեմ տեսել…

Ինքը մի ամբողջ ազգ բաժանեց սեւերի ու սպիտակների եւ դա արեց հրապարակավ…Ինձ համար զավեշտ է, ոնց կարող էր մեր ընկեր Հայկոն, որ բավականին ինտելեկտուալ շրջապատի մեջ էր, հաստատ «Գանձերի կղզին», «15-ամյա նավապետը» կարդացած երեխեքի մեջ էր, դուրս գալ հրապարակ եւ խեղկատակի նման շարժումներ անել, սեւեր-սպիտակներ հայտարարել, որը եղավ ողբերգական եւ որոշիչ՝ հասարակությունը հիվանդացնելու առումով»,-ասաց Շուշան Պետրոսյանը:

Նրա ձեւակերպմամբ, այլեւս ներկա իրավիճակը հանդուրժել չի կարելի: «Այսպես շարունակվել չի կարող, պետք է հարմարավետ կոմպյուտերային անկյունիկներից դուրս գալ փողոց, փետրվարի 20-ին գալ հրապարակ… Շատ շատերն են լինելու այնտեղ, մարդիկ, որոնք զգում են ողբերգությունը, հրատապությունը` այս չարիքից ազատվելու… խնդրում եմ, թողեք ձեր հարմարավետ անկյունները եւ եկեք հրապարակ երկիրը պահելու եւ ինչու չէ՝ Արցախը մի օր վերադարձնելու համար»,-կոչ արեց երգչուհին:

Շուշան Պետրոսյանը վերլուծելով մեր երկրի հետ տեղի ունեցածը` կարծում է, որ մի ամբողջ ինստիտուտ է աշխատել այս ամենը կազմակերպելու համար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728