Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. «Նիկոլը դատվելու է ու նրա նկատմամբ լինելու է երկու դատ»

Փետրվար 17,2021 20:55

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում շարունակում է հանդիպումները քաղաքացիների հետ:

Լրատվամիջոցները Վազգեն Մանուկյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ են մարդիկ քիչ, ինչին նա պատասխանեց. «Կշատանան: Փետրվարի 20-ին այստեղ շատ մարդ կլինի: Իսկ դրանից հետո այս հրապարակը մենք կօգտագործենք որպես շտաբ: Այսինքն, ոչ միայն ես կլինեմ այստեղ, այլեւ իմ մյուս գործընկերները կլինեն: Չնայած, Իշխան Սաղաթելյանը միշտ գալիս է: Շարժումը որպեսզի առաջ գնա, մի կենտրոն պիտի լինի: Առաջին դեպքը չէ, որ այս հրապարակը ծառայում է որպես շտաբ: Դա եղել է որոշ ընտրություններից հետո, եղել է նաեւ Ղարաբաղյան շարժման ժամանակ»:

Հարցին՝ մինչ ինքը այստեղ վարչապետի հրաժարականն է պահանջում, Նիկոլ Փաշինյանն այսօր Շիրակի մարզում՝ Գյումրիում, հայտարարեց, թե շենացնելու են, խոսեց առաջիկա ծրագրերի մասին, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Դա նրա առաջին սուտն է՞: Որ ուզենա էլ, չի կարողանա: Նախ եւ առաջ, այս ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ ինքը չի կարողանում կառավարել: Ոչ բանակն է կարողանում ղեկավարել, ոչ պետությունը: Երկրորդ, երբ մարդու ամբողջ ուշքն ու դարդը ուղղված է նրան, որ իշխանություն պահի, պոպուլիստական քայլեր կարող է անել: Բայց կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը արդեն դարձել է վտանգավոր մեր պետության համար: Նրա ամենահայրենասիրական քայլը կլիներ այն, որ կամավոր դուրս գար ու գնար:

Դիտարկմանը, թե այսօր տեսագրություն տրածվեց, թե ինչպես են Շիրակում Փաշինյանի մեքենան կանգնեցնում եւ ժողովուրդը նրան աջակցություն է ցույց տալիս, Վազգեն Մանուկյանը մեկնաբանեց. «Երկու հանգամանք կա. առաջին, իշխանությունը այդպիսի բաներ միշտ էլ կարողանում է կազմակերպել: Դա դժվար չէ: Երկրորդ,  եթե հետեւեք, թե Գյումրիի հանրահավաքում ո՞ր մասն էր Գյումրիից, ո՞ր մասն էր բերված, կտեսնեք, որ դա կազմակերպված ներկայացում էր: Նաեւ հասարակության մեջ ցանկացած ղեկավարի դեպքում կլինեն մարդիկ, որոնք այդ ղեկավարի նկատմամբ հարգանքով են վերաբերվում: Խոսքը ընդհանուր ժողովրդի մասին է եւ նրանց, ում ինքը անվանեց էլիտա: էլիտան՝ բոլոր մասնագետները, գիտնականները, արվեստագետները, բոլոր այն մարդիկ, որոնք ամեն ինչ հասկանում են, նրա նկատմամբ որեւէ հարգանք չունեն: Իսկ ժողովուրդն էլ նրա ղեկավարման տարիների ընթացքում ավելի լավ չի ապրել: Նիկոլը այս ամեն ինչի համար պատասխան տալու է: Բայց լինելու է երկու դատ: Առաջինում ինքը պատասխան է տալու կոռուպցիայի համար, որ երկիրը խրեց կոռուպցիայի մեջ, որի դեմ ինքը պայքարում էր, երկրորդը կլինի պատերազմում դավաճանության համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728