Լրահոս
Օրվա լրահոսը

Գործողության մեջ կդրվի «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագիրը

Մարտ 03,2021 20:15

Մարտի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելին և ծրագրի տեխնիկական խորհրդատուներին: Հանդիպման սկզբում Քրիստիան Հենշելը տեղեկացրեց, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից, իրականացվում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի գործընկերներ են հանդիսանում ՀՀ շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները:

«Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի նպատակն է` բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի քաղցրահամ ջրի որակը, որպեսզի այն բացասաբար չանդրադառնա տարածաշրջանի շրջակա միջավայրի և հանրապետության տնտեսական ներուժի վրա:

Հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ողջունեց հյուրերին՝ մարզ այցելելու և բնապահպանական խնդիրների կարգավորման ուղղությամբ նախաձեռնություն ցուցաբերելու համար, նշելով, որ մարզը բնապահպանական առումով մի շարք խնդիրներ ունի, իսկ նշված ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի դրանց զգալի մասին դրական լուծումներ տալ:

Խոսելով մարզում արդեն մեկնարկած ծրագրի մասին՝ Քրիստիան Հենշելը նշեց, որ այն կհիմնվի առկա ձեռքբերումների և պլանների վրա, կլրացնի և կօժանդակի Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված գործողություններին:

«Սևանա լճի խնդիրը համարվում է գերակա խնդիր և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ աշխատում ենք այդ ուղղությամբ: Ծրագիրը կշարունակվի մինչև 2024 թվականի օգոստոս ամիսը: Սա պետությունը պետության համար ձևաչափով աշխատանք է ենթադրում, որին մենք պետք է օժանդակենք տեխնիկապես և ֆինանսապես: Մենք ակնկալում ենք Գեղարքունիքի մարզպետարանի և մարզի համայնքների աջակցությունը, որպեսզի համատեղ ուժերով իրականացնենք այս նախաձեռնությունը: Անհամբեր սպասում ենք արդյունավետ աշխատանքի»,-ասաց Քրիստիան Հենշելը:

Այնուհետև ծրագրի ղեկավարը և տեխնիկական խորհրդատուները, յուրաքանչյուրն իր համակարգման ոլորտով, հանգամանալից խոսեցին ծրագրից բխող արդյունքների մասին: Ըստ բանախոսների՝ դրանք են՝ Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման ու կառավարման կարողությունների բարելավումը, էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունների բարձրացումը,կեղտաջրերի մաքրման, ներառյալ բնության վրա հիմնված լուծումների իրականացման կարողությունների ավելացումը, Սևանա լճի էկոհամակարգի արդյունավետ կառավարումը, Սևանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունը:

Քննարկման ընթացքում մարզպետ Գնել Սանոսյանը հանդես եկավ մի շարք առաջարկություններով՝ ի նպաստ ծրագրի արդյունավետության բարձրացման: «Սևանի գլխավոր խնդիրը կապված է ջրի որակի հետ, որի կարգավորման համար կարևոր են Սևանի ափին գտնվող շենք -շինությունների համար առանձին կոյուղացման համակարգերի կառուցումը, լիճ թափվող գետերի աղտոտվածության բացառումը: Այս ուղղությամբ առաջիկայում արդեն մարզում կյանքի կկոչվի աղբահանությանն ուղղված գլոբալ ծրագիրը՝ նախատեսված Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի համար: Կարևորում եմ նաև ծառատնկման գործընթացը մարզում, որը ենթադրում է և՛ սոցիալական, և՛ բնապահպանական խնդիրների լուծում: Ես կցանկանամ, որ այս աշխատանքների մեջ համագործակցության արդյունավետությունը բարձր լինի»,- ամփոփելով հանդիպումը՝ նշեց Գեղարքունիքի մարզպետը:

Գնել Սանոսյանը նաև իր և Գեղարքունիքի մարզպետարանի անունից պատրաստակամություն հայտնեց՝ աջակցելու բնապահպանական կարևորագույն խնդիր լուծմանը:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031