Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ մարտի 22-ը կատարվել է 3716 դիակի եւ մասունքի դատաբժշկական փորձաքննություն․ ինչու չեն համընկնում վարչապետի եւ ԱՆ-ի հրապարակած տվյալները

Մարտ 30,2021 20:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին Արագածոտնի մարզ այցելության ժամանակ տեղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է․ «Այսօրվա դրությամբ, պաշտոնապես հաստատված մենք ունենք 3250 զոհ, այսինքն՝ մահվան վկայականներով արձանագրված»։

Մինչդեռ Aravot.am-ի հարցմանն ի պատասխան առողջապահության նախարարությունից տրամադրած տվյալների համաձայն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2021 թվականի մարտի 22-ը ներառյալ կատարվել է 3716 դիակի եւ մասունքի դատաբժշկական փորձաքննություն։

Մարտի 22-ի դրությամբ, ըստ ԱՆ-ի, 3716-ից 312 մարմնից եւ մասունքներից վերցված փորձանմուշները դեռեւս չեն նույնականացվել։ 2391 դիակից եւ մասունքից վերցված փորձանմուշներ ենթարկվել են դատագենետիկական փորձաքննության, արդյունքում 2147-ը նույնականացվել։ Ըստ նախարարության, 2391 փորձանմուշները ներառվում են ընդհանուր 3716 դիակի եւ մասունքի դատաբժշկական փորձաքննության ենթարկված թվի մեջ։

Մարտի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հաստատված 3250 զոհի մասին, իսկ փետրվարի 13-ին, առողջապահության նախարարության տվյալներով, դատաբժշկական փորձաքննության ենթարկված զոհերի թիվը 3577 է եղել։

Թե ինչու չեն համընկնում վարչապետի եւ առողջապահության նախարարության հրապարակած տվյալները։ Ընդ որում, վարչապետի հնչեցրած զոհերի թիվը պակաս է։ Նախարարությունից պարզաբանեցին՝ վարչապետի նշած՝ մահվան վկայականներով զոհերի թիվն, ամենայն հավանականությամբ, տրամադրվել է արդարադատության նախարարությունից, քանի որ մահվան վկայականները հենց այս գերատեսչությունն է տրամադրում։

Իսկ առողջապահության նախարարության հրապարակած տվյալները վերաբերում են աճյուններին եւ մասունքներին։ Այսինքն, ըստ, առողջապահության նախարարության, լինում են դեպքեր, երբ մի քանի մասունք՝ մարմնի տարբեր մասեր, պատկանում է մեկ անձի կամ այս դեպքում՝ մեկ մարմնի։ Եւ մասունքների եւ մարմինների նույնականացումից հետո զոհերի թիվն ավելի պակաս է լինում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031