Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Թուրքիայի նախագահը սրում է խաղադրույքները թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի հետ հարաբերություններում. Արմեն Աշոտյան

Ապրիլ 16,2021 13:04

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի հանրային դիսկուրսը մեծապես ախտահարված է հանցավոր միամտության և կարճատես ռոմանտիզմի վիրուսով, ուստի կարևոր եմ համարում իրական քաղաքականության՝ real politic-ի ցավալի մի դրույթ առավել մանրամասն քննարկել ձեզ հետ:

Աշխարհում շատ քիչ են պետությունները, որոնց աշխարհագրական դիրքը այդքան որոշիչ ու ազդեցիկ լինի, որքան Թուրքիայինն է:
Թուրքական քաղաքական մտքի բացառիկ ինտելեկտուալներից, նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ճշգրիտ նկարագրել էր, որ «Թուրքիան եվրոպական երկիր է, ասիական երկիր է, միջին արևելյան երկիր է, բալկանյան երկիր է, կովկասյան երկիր է, Աֆրիկայի հարևանն է, սևծովյան երկիր է, կասպյան երկիր է՝ այս ամբողջը»:

Ծովերի, մայրցամաքների և ռեգիոնների խաչմերուկում գտնվող այս պետության կարևորությունը գիտակցում են գլոբալ աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքար մղող բոլոր հիմնական դերակատարները:

Բալկաններ, Սև Ծով, Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելք, Միջերկրական ջրավազան՝ ահա այն գեոպոլիտիկ ծաղկեփունջը, որ կստանա է որպես մրցանակ «թուրքական թամբի» հեծնողը:

ԱՄՆ-ին և ԵՄ-ին Թուրքիան օդի ու ջրի պես է անհրաժեշտ Ռուսաստանի դեմ թե արտաքին բազմաթատերաբեմ պայքարը սրելու, թե հենց Ռուսաստանի ներսում պանթուրքիստական և պանիսլամիստական անհանգստության օջախներ ստեղծելու համար: Թուրքիան նաև Չինաստանի գերաճող ազդեցությունը զսպելու հանգուցային դերակատար է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախագծի շրջանակներում՝ որպես այդ նախագծի միջնային միջանցքի` «Middle corridor» մարգարիտ:

Թուրքիայի արժեքն այնքան մեծ է, որ Արևմուտքը իրականում պատրաստ է բավարարվել կոսմետիկ պատժամիջոցներով և ոչ մի հետևանք չունեցող հերթապահ քաղաքական քննադատություններով և նրան ներել և թե ռուսական S 400 ձեռքբերումը, թե մարդու իրավունքների ոտնահարումները, թե քրդերի դեմ պայքարը, թե Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ բացահայտ ագրեսիվ գործողությունները, թե հանրային նվաստացումները, ինչպես վերջերս Անկարայում տեղի ունեցավ ԵՀ ղեկավար Ուրսուլա Վան դեր Լեյենի հետ:

Պակաս առատաձեռն չէ նաև հավաքական Արևելքը՝ Թուրքական էներգետիկ հանգույցներ, նոր ատոմակայան, հսկայական ներդրումներ, միջմայրցամաքային նշանակության լոգիստիկ ուղիներ, աշխարհաքաղական ամբիցիաների բավարարում՝ Լիբիայից մինչև Հարավային Կովկաս, և այլն:

Ռուսաստանի և Չինաստանի համար Թուրքիան եվրասիական տարածքը ցեմենտող և Արևմուտքի ոտնձգություններից ապահովագրող կարևորագույն գործոն է Սև ծովից մինչև Միջին Ասիա ընկած հսկայական տարածքում: Առանց Թուրքիայի ներգրավման անհնար կլինի կոնսոլիդացնել եվրասիական ողջ պոտենցիալը գեոպոլիտիկ պայքարի առկա փուլում:

Թուրքիայի նախագահը այս ամենը հրաշալի է պատկերացնում: Նա սրում է խաղադրույքները թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի հետ հարաբերություններում և հիմնականում ստանում է այն, ինչ անհրաժեշտ է հենց Թուրքիային՝ դառնալու համար ոչ միայն տարածաշրջանային գերտերություն, ինչին նա այլևս հասել է, այլ հավակնելու նաև առնվազն ենթագլոբալ մակարդակի դերակատարությանը՝ հմտորեն խաղալով մյուս դերակատարների տարաձայնությունների վար և դիվանագիտության մեջ ճշգրիտ համադրելով կոշտ և փափուկ ուժերը:

Այս ամենը մանրամասնորեն ներկայացնում եմ, որովհետեւ ակնհայտ է, որ նկարագրված գործընթացները ուղղակիորեն ազդում են նաև Հայաստանի ու Արցախի վրա, ինչի շուրջ և այս ամենում՝ Նիկոլի առանձնահատուկ դերակատարության մասին կխոսեմ հաջորդիվ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930