Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե  չչեղարկվի այս շղթայական հանքի գործունեությունը, մենք ապրիլի 26-ին կաթվածահար ենք անելու ամբողջ մարզը». Լոռիում փորձում են նոր հանք շահագործել

Ապրիլ 19,2021 00:12

Հայաստանում մետաղական հանքերի թվով Լոռին շարունակում է մնալ առաջատար մարզերի շարքում: Հիմա էլ չեխական «Լուսաջուր Վենչերզ Ինվեստ» ՍՊԸ-ն է ցանկանում մարզում հանքարդյունաբերություն սկսել:

Երկրաբանական ուսումնասիրությունների թույլտվություն ստանալու նպատակով մարզի 5 hամայնքում` Մարգահովիտում, Վահագնաձորում, Վահագնիում, Դեբեդում եւ Եղեգնուտում, նախնական հանրային լսումներ էին նախատեսված: Սակայն տեղի բնակիչները, բնապահպան-ակտիվիստները Մարգահովիտ եւ Վահագնաձոր համայնքներում տապալվեցին լսումները: Նրանք չցանկացան լսել ո՛չ հանքավայրի եւ ո՛չ էլ ուսումնասիրությունների մասին, քանի որ, ինչպես իրենք են ասում, հանքարդյունաբերական ոլորտի վնասները վաղուց են տեսել Լոռու մարզում: Իսկ շահագործող կողմը չցանկացավ շարունակել ու այցելել մյուս համայնքներ, ենթադրելի էր, որ մյուս 3 համայնքերում նույնպես այն չէր կարող կայանալ:

«Լոռու տուրիզմի զարգացման եւ հետազոտական կենտրոնի» համակարգող Գեւորգ Վարդանյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց հանքի շահագործման հետեւանքով ի հայտ եկող մի քանի խնդիրներ. «Վահագնաձոր համայնքում խմելու ջրեր կան, իսկ ռելիեֆը, եթե խախտվեց, այդ խմելու ջրերն էլ են վնասակար լինելու: Նույնը նաեւ Մարգահովիտ համայնքին է վերաբերվում: Վանաձոր քաղաքի մի մասը նույնպես խմելու ջուր ստանում է Մարգահովիտ համայնքից: Իսկ ռադիացիայի առումով, եթե դիտարկենք, Եղեգնուտ համայնքում  կան նաեւ ուրանի պաշարներ: Ուրանն ունի մշակման հատուկ պրոցեսներ: Այսինքն, եթե այնտեղ հանքը բացվի, ուրանի այդ պաշարին էլ կպնեն, ռադիացիան ավելի ուժեղ կլինի, եւ այդ ժամանակ նույն Եղեգնուտ համայնքի բնակիչները չեն կարող բնակվել իրենց համայնքում եւ կսկսեն լքել տվյալ գյուղը»:

Հանքի շահագործման արդյունքում գյուղը դատարկվելու վտանգի առջեւ կկանգնի, նաեւ մոտ հազար բնակիչ ունեցող Եղեգնուտ համայնքը: Մարդիկ, մտածելով իրենց ու իրենց երեխայի առողջության մասին, կսկսեն լքել այն. «Ժողովուրդը մտածում է իր առողջության, իր երեխայի առողջության, իրենց բնության մասին: Եթե անասունն այդ տարածքում արածելու է, բնականաբար անասունին էլ է փոխանցվելու այդ վնասակար նյութերը: Այսինքն, դարձավ, որ մարդիկ պետք է օգտագործեն վարակված անասունի միս: Բացի այդ, չի կարողանալու նորմալ հողագործությամբ զբաղվի կամ տնտեսությունը զարգացնի, գյուղում մնա էլ ի՞նչ անի: Կա՛մ փորձելու է քաղաք գնա, կա՛մ երկրից դուրս գա»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Եղեգնուտ համայնքի ղեկավար Սարգիս Հակոբյանն ու տեղեկացրեց, որ համայնքի բնակիչները դեմ են հանքի շահագործմանը. «Մեր խմելու ջուրը սարից է գալիս՝ այդ տարածքից: Մեր արոտավայրերը նույնպես այդտեղ են: Ժողովրդի գրեթե 30 տոկոսն ամռանն անասուններին տանում են սար, ու մարդիկ այնտեղ են ապրում: Ես՝ որպես համայնքի ղեկավար, իմ ժողովրդի կողքին եմ: Եթե ժողովուրդը կողմ լինի, ես էլ կողմ կլինեմ, եթե դեմ՝ ես էլ եմ դեմ»:

Մարգահովիտ համայնքի բնակիչ Էմիլիա Մարտիրոսյանն ասում է, որ իրենց համայնքում եւս բնակիչների ճնշող մեծամասնության կարծիքը բացասական է: Համայնքապետարանը չի տալիս նախնական համաձայնություն՝ նախատեսված ծրագրի իրականացման համար. «Մեր ՏԻՄ-ը եւ համայնքի ղեկավարը նույնպես բացասական են տրամադրված: Իրենք էլ են բնակիչների հետ համակարծիք: Ի՞նչ պարտադիր է թունավոր նյութերով, հանք մշակելով մենք աշխատատեղեր ստեղծենք կամ հարկ վճարենք: Չե՞նք կարող այլ ձեւով աշխատատեղեր ստեղծենք, որոնք արդեն իսկ ընթացքի մեջ են: Մեր պետությունն այսպես թե այնպես ստանալու է հարկերը, բայց չվնասելով բնությունն ու ավելի քաղաքակիրթ ծառայություններ մատուցելով: Պետք չէ մտածել միայն հանքի մասին»:

Թեւեւ հանրային լսումների առաջին փուլը տապալվեց, սակայն առջեւում երկրորդ փուլն է: Գեւորգ Վարդանյանն ասում է, որ հանրային լսումների երկրորդ գործընթացը նախատեսվում է իրականացվել մեկ շաբաթվա ընթացքում: Նա կարծում է, որ նշված 5 համայնքներից որեւէ մեկում բնակիչները գուցե փոխեն իրենց կարծիքն ու կողմ լինեն հանքի շահագործմանը. «Ես վստահ եմ, որ իրենք մի համայնքում կփորձեն նաեւ բնակիչների վրա ազդել, որպեսզի հանրային լսման օրը նաեւ կողմ բնակիչներ լինեն: Դա փորձված տարբերակ է: Թեղուտ համայնքում մենք նման երեւույթի արդեն հանդիպել ենք, երբ որ Թեղուտի հանքի առաջին լսման ժամանակ գյուղացիները դեմ էին, բայց երկրորդ լսման  ժամանակ մի գիշերվա մեջ շահագործող կողմը բնակիչների մի մասի հետ համաձայնության էր եկել: Եվ երկրորդ հանրային լսման ժամանակ նրանք կողմ էին»:

Իսկ մինչ այդ փորձելու են այնպես անեն, որպեսզի երկրորդ հանրային լսումներ չկազմակերպվեն. «Մենք հիմա մոբիլիզացնում ենք մեր ուժերը՝ թե՛ մարզում, թե՛ մարզից դուրս: Եթե մինչեւ ապրիլի 25-ը ՀՀ Շրջակա միջավայրի, ինչպես նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների կողմից չչեղարկվի այս շղթայական հանքի գործունեությունը, մենք ապրիլի 26-ին կաթվածահար ենք անելու ամբողջ մարզը: Մենք ավելի լուրջ ենք տրամադրվել, եւ պետք է շուտափույթ այս շղթայական հանքի ծրագիրը չեղարկվի»,- խոսքը եզրափակեց Գեւորգ Վարդանյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930