Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակաբնական է 20 գարուններ չտեսած երիտասարդի մասին անցյալով խոսելը». հերոսի տատիկ

Ապրիլ 27,2021 14:23

Դավիթ Արմանի Յակովլեւը Արցախյան երկրորդ պատերազմի հերոսներից է, ի թիվս այլ լուսավոր տղաների, նա անմահացավ այս պատերազմում, մինչդեռ այնքանն երիտասարդ էր, ու ինչ երազանքներ ուներ:

Դավիթը ծնվել է 2001թ. հունիսի 18-ին, Երևանում, ավարտել էր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը, 2019թ. ընդունվել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, ապա նույն տարվա հուլիսին զորակոչվել բանակ։

Դավիթի տատիկը` Անահիտ Հայթայանն ասում է` ուրախ է, որ Դավիթը իրենց բոլորի կյանքը 19 տարի երջանկացրել է: Միեւնույն ժամանակ հավելում է. «Անասելի ծանր ու հակաբնական է 20 գարուններ չտեսած, կյանքով ու սիրով լեցուն, բազում երազներ ունեցող երիտասարդի մասին անցյալ ժամանակով խոսելը…»: Հերոս թոռան մասին խոսելիս նշում է, որ Դավիթը խելացի էր, հետաքրքրասեր, խոհուն, արդարամիտ, նպատակասլաց, կոկիկ ու անկրկնելի ժպիտ ուներ:

Անահիտ Հայթայանն Aravot.am-ի հետ զրույցում նշում է, որ Դավիթը ծառայության ժամանակ երբեք չի տրտնջացել. «Միշտ ասում էր` շատ ապահով ենք, բունկերի միջով գնում ենք՝ մտնում ենք մեր սարքի մեջ, «գաստրոլներ» ենք տալիս, այսինքն` ավիրում ենք ու հետ ենք գալիս: Միակ բանը, որ մեզ պատերազմի մասին ասել է, դա է: Ասում էր ուժեղ ենք: Դա ընդհանրապես նրա ամենասիրելի բառն էր»:

 

Տատիկը նշում է, որ փոքր տարիքից Դավիթի հարցերն ավելի շատ աստղագիտությանը, ֆիզիկային, ինժեներիային էին վերաբերում, իսկ եզրահանգումները` զարմացնում էին շատերին. «Մաթեմատիկական մտածողությունը շատ վաղ զգացնել տվեց։ Գուցե հենց դա էր պատճառը, որ թեև շատ առարկաներից էր ուժեղ, մաթեմատիկան նրա տարերքը դարձավ։ Բազմաթիվ անգամներ մասնակցեց տարբեր օլիմպիադաների, մրցանակներ շահեց։

Բնավ պատահական չէր, որ «Ուսում» դպրոցի սանը, հաջող քննություններ հանձնելով` ընդունվեց ու ավարտեց Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը…Դավիթն անընդհատ շտապում էր, ուզում էր հասցնել հնարավորինս շատ բան անել։ Նրա մոտ կարծես ամեն ինչ խտացված էր»։

Հավելում է, որ դեռեւս 13-14 տարեկան Դավիթը Թումո ստեղծագործական կենտրոնի ռոբոտիքսի հաղթող թիմերից մեկի ղեկավարն էր, իսկ մինչ դպրոցն ավարտելը հասցրել էր Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում հատուկ դասընթացներ անցնել և հաջողությամբ ավարտել C#մակարդակ 2 «Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում» դասընթացը։

Ի թիվս այլնի, Դավիթը գերազանց տիրապետում էր HTML, CSS, C#, PHP, MySQL, JavaScript ծրագրերին, նաև, հաղթելով API-ի միջոցով կայքերի ստեղծման մրցույթում, առաջին մրցանակի էր արժանացել։ Նրա ստեղծած և Youtube-ում տեղադրած բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ խաղերը, մեծ հավանումներ էին ստանում։

«Ուրախանում էր, որ ինքնուրույն կարողանում է գումար վաստակել ու իր աշխատած առաջին գումարով սիրելի մայրիկին ժամացույց էր նվիրել։ Իսկապես, զարմանալ կարելի է, թե իր ապրած տարիների ընթացքում ինչպե՞ս հասցրեց դառնալ կայացած անհատ։ Այսօր նրա շրջապատից շատերն են խոստովանում, որ միշտ ձգտել են Դավիթին նմանվել»,-ասում է Անահիտ Հայթայանը:

Դավիթն ուղղակի սրբացնում էր մորը, առիթով, թե անառիթ ծաղիկներ նվիրում, իսկ հայրը նրա համար մեծագույն հեղինակություն էր, խորհրդատու: Մեր զրուցակիցը հիշում է, թե ինչպես 12 տարեկանում Դավիթը խնդրեց, ուղղակի պարտադրեց, որ մայրը եւս մեկ բալիկ ունենա. «Այդպես ծնվեց երրորդ տղան, որը շատ նման է իրեն… Հիմա փոքր եղբայրը` Արամը դեռ լավ չի ընկալում, թե ինչո՞ւ մյուս զինվորների պես իր եղբայրն էլ չի վերադառնում։ Բայց եւ ներքին մի զգացողությամբ խուսափում է հարցեր տալ։ Իսկ իրենից ընդամենը երկու տարով փոքր, միջնեկ եղբոր՝ Արեգի ամենօրյա կյանքով ու դասերով Դավիթը հետաքրքրվում էր բանակից»։

Անահիտ Հայթայանը հիշեց նաեւ Դավիթի ռուսաց լեզվի ուսուցչուհու պատմածը. «Երբ դասերի ընթացքում Ապրիլյան պատերազմ են վերլուծել, այն ժամանակ 15-ամյա Դավիթն ասել է, որ դա պատերազմ չէր, վարժանքներ են, իսկ պատերազմ կլինի այն ժամանակ, երբ ինքը բանակում կլինի` Արցախում ու հայրենիքը պաշտպանելիս զոհվի…»:

 

Տատիկը նշում է, որ Դավիթի բոլոր, այդ թվում՝ զինակից ընկերները, նրան հարգում ու սիրում էին, այդպես էլ մինչև վերջ մնաց համախմբող ու կազմակերպող, բոլորի մասին հոգացող:

Անահիտ Հայթայանը նշում է. «Նրա զինակիցներից ավելի ուշ իմացանք, որ դասակի հրամանատարի տեղակալ, դասային որակավորման 3-րդ կարգի հրետանավոր, հրետանային ինքնագնաց կայանքի (САУ)-ի հրամանատար Դավիթ Յակովլեւի վերջին, վեցօրյա թեժ մարտը Մարտունիի կետերից մեկում էր։ Մաթեմատիկական փայլուն գիտելիքների շնորհիվ կատարված ճշգրիտ հաշվարկներով, ոչ միայն արագ ու անվրեպ ոչնչացվում էին թիրախները, այլ օգնում էր մարտկոցի մյուս երեք САУ-ների հաշվարկները կատարելուն…Պատմում են, որ ռադիոկապն անդադար գործում էր։ Կենտրոնին վրա-վրա զեկուցվում էր, որ թիրախը վերացված է ու նոր թիրախ պահանջվում։ Թշնամու կողմից դա աննկատ չէր մնացել…»,- ասում է տատիկը:

Հոկտեմբերի 26-ին Դավիթը 11 ընկերների և հրամանատարի հետ զոհվեց սմերչի հարվածից։ Դավիթ Յակովլևը հետմահու արժանացել է ԱՀ Մարտական ծառայության և արիության համար մեդալի։

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է Անահիտ Հայթայանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930