Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ պարտվել սրանց. ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի». Սերժ Սարգսյան

Ապրիլ 30,2021 22:22

«Ես չեմ պարտվել սրանց. ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի: Դուք ուզում եք, որ ես կոնկրետ ուժե՞ր նշեմ: Ասեմ, որ այդպիսի ուժեր բոլոր տեղերում էլ կային`եւ Արեւմուտքում, եւ Հյուսիսում: Բայց դրանք պետությունների մոտեցումները չէին»,- այսօր, ArmNews հեռուստաընկերության եթերում, կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ զրույցում ասաց պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը`խոսելով 2018 թվականի իշխանափոխության աշխարհաքաղաքական ենթատեքստերի մասին:

Սերժ Սարգսյանը նաեւ ասաց, որ որպեսզի հրաժարական տաս երկրի ղեկավարի պաշտոնից, դու դրանից ավելի կարևոր բան պետք է ունենաս. «Ես ունեի: Ես դա ասել եմ նաև այս երեք տարիների ընթացքում և դրանից առաջ` նկատի ունենալով հետևյալը, որ պաշտոնը երբեք ինքնանպատակ չի լինում, իշխանության գալը երբեք չի կարող լինել առանց գլխավոր նպատակի: Ես ունեի այդ կարևոր բանը, ես ունեի իմ գլխավոր նպատակը: Եվ ինձ համար այդ կարևոր բանը բազմաթիվ զրկանքների գնով անկախացած Հայաստանն էր և Արցախը: Եվ այդ կայացման ակունքներում կանգնածներից մեկն էլ, շատ-շատերի հետ, ես էի: Ինձ համար դա շատ թանկ բան էր: Ես պատրաստ չէի փորձությունների ենթարկել Արցախի անվտանգությունը, ես պատրաստ չէի զոհել մարդկանց հանուն նրա, որ մնամ իշխանության: Ինչպես ցույց տվեցին նաև հետագա գործողությունները, այս վարչապետի համար, այս իշխանությունների համար մարդկային կյանքը արժեք չունի: Եթե արժեք ունենար, ապա մենք, եթե ունենայինք պատերազմ, կունենայինք ոչ այսպիսի արդյունքներով: Սա միանշանակ է: Եվ իմ հրաժարականի տեքստում հենց նաև դրա մասին էր խոսքը, երբ ես ասում էի, որ կարծում էի նրա համար մարդկային կյանքը թանկ արժե»:

Սերժ Սարգսյանի համոզմամբ, այս վարչապետը, այս իշխանությունները կամավոր հրաժարական չեն տա. «Չնայած այս երեք տարիներին միայն քանդելով են զբաղված եղել, միայն քանդել են: Քանդել են, մարդկանց տարել են, չեմ ուզում այդ բառը ասել, համենայնդեպս տարել են պատերազմ՝ վստահ լինելով, համոզված լինելով, որ ունենալու ենք անհամաչափ քանակի զոհեր: Իսկ ինչո՞ւ իշխանությունը պահելու համար նրանք ուժ չեն կիրառի, անհամաչափ ուժ: Մենք տեսանք այդ անհամաչափ ուժի կիրառումը տարբեր տեղերում և հիմա էլ տեսնում ենք այս օրերին, թե ինչպես են իրենց պահում ոստիկանները, իրավապահ մարմիններն այն մարդկանց հանդեպ, ովքեր համարձակվել են անվայելուչ խոսք ասել վարչապետի հասցեին: Այսինքն, վարչապետը կարող է բոլորի հասցեին ինչ ասես ասել, ուրիշներն իր հասցեին չե՞ն կարող ասել: Այսինքն, ինչո՞ւ նա կարող է մի ստվար հատվածի, ժողովրդի մի ստվար հատվածի անվանել գայլ, իսկ ինքն իրեն՝ գելխեղդ, իսկ մի սովորական քաղաքացի վարչապետին չի կարող անվանել, չգիտեմ, կա՛մ հիմար, կա՛մ մեկ այլ անուն տալ:

Ես հիմա ուզում եմ ասել հետևյալը. եթե մենք գայլ ենք, ապա ես կարող եմ դրանից շատ չվիրավորվել, որովհետև գայլը բոլոր դեպքերում նենգ չի: Եթե մենք գայլ ենք, իրենք ոչ թե գելխեղդ են, այլ շնագայլեր են: Կարծեմ ռուսերեն «шакал» են ասում շնագայլերին»:

Սերժ Սարգսյանն ասաց, որ իշխանությունը առաջին հերթին պատասխանատվություն է. «Բա, այսինքն, իրեն չե՞ն հարցնելու, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մենք կորցրեցինք մեր երկրորդ հանրապետության տարածքի 75 տոկոսը, բա իրեն չե՞ն հարցնելու՝ ինչպե՞ս եղավ, որ մենք ունեցանք այդքան զոհեր, բա իրեն չե՞ն հարցնելու՝ ի՞նչ է նշանակում, որ դու հնարավորություն ունեիր (իր արտահայտությունն է), այսպես ասած, Ջաբրայիլից հետո պատերազմը կանգնեցնելու, բայց եթե կանգնեցներ, իրեն դավաճան կանվանեին: Բա ինչ ուզում են անվանեն: Հիմա և հրաժարականի պահին ես պատրաստ էի ցանկացած քննադատություն, ցանկացած վիրավորանք լսելու և որը տեղին էր, ես կընկալեի, որը տեղին չէր, կփորձեի ասել, որ դա այդպես չէ: Իշխանությունը տարբեր մարդիկ տարբեր կերպ են բնութագրում, բայց ինձ շատ հոգեհարազատ է մի ոչ ստանդարտ ձևակերպում, որ իշխանությունը ստվեր է պատին, և լինում են դեպքեր, երբ փոքր մարդիկ մեծ ստվեր են գցում պատին և հետո գայթակղվելով, տեսնելով իրենց մեծությունը` իրենց համարում են ամենագետ, իրենց համարում են ամենակարող, առանց որևէ կաշկանդվածության ներխուժում են պետական այնպիսի ոլորտներ, որտեղ իրենք էլեմենտար գիտելիք չունեն և ջարդում են, փշրում են, քանդում են, հետո արդյունքները լինում են կործանարար: Հասկանո՞ւմ եք: Իրենք կործանում են և՛ իրենց, և՛ այդ կառույցը կամ այդ կառույցները և, ընդհանրապես, պետությունն ամբողջությամբ: Եվ մեզնից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի պատասխանելու տարբեր հարցերի, որոնք հնչում են, ու սա կլինի պատասխանատու մոտեցում: Անպատասխանատու մարդիկ որևէ տեղ, անկախ նրանից՝ նրանք շփվում են միայն իրենց ընտանիքի անդամների հետ, թե շատ ավելի մեծ շրջապատ ունեն կամ գտնվում են իշխանության մեջ, անպատասխանատու մարդիկ ամենավտանգավորն են, նրանք ամեն ինչի ունակ են: Եվ երբ գերագույն գլխավոր հրամանատարը, որ ինքն իրեն էր գլխավոր գերագույն հրամանատար հռչակել, ասում է, որ ինքը պատասխանատու է, բայց մեղավոր չէ, դա անպատասխանատու մոտեցման դասագրքային օրինակ կարող է դառնալ»:

Սերժ Սարգսյանը նաեւ զուգահեռներ անցկացրեց ապրիլյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմների միջեւ`ասելով. «Մենք ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրեցինք 75 մարդ՝ 75 իրոք հերոսաբար կռված տղաների, մենք կորցրեցինք 400 հեկտար տարածք, թեև ես ասում էի 800 hեկտար տարածք, հասկանալի պատճառներով ես դա մի անգամ բացատրել եմ, մենք մեղավո՞ր էինք, պատասխանատո՞ւ էինք, իսկ 5000 հոգի կորցրածը և 8000 քառակուսի կիլոմետր կորցրածը, որ 800 000 հեկտար է, մեղավոր չէ՞»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930