«Մոդեռնիզացիան եւ բարեփոխումները վերաբերում են բոլոր ոլորտներին՝ սկսած օրենսդրական, կառուցվածքային, վերջացրած բուհական համակարգով։ Խնդիր ունենք բանակը համապատասխանեցնելու նոր ռազմաքաղաքական իրավիճակին»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով հարցին, թե հայկական բանակի բարեփոխումները որքանով են վերաբերում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանին՝ ասաց պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։
Նա նշեց․ «Բնականաբար, անդրադառնում ենք նաեւ բուհերին։ Մեկը կադրային փոփոխությունն է։ Խնդիր եմ դրել, որպեսզի այն դասախոսապրոֆեսորական կազմը, որն այսօր այնտեղ է, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չունի մարտական փորձ եւ չի անցել զորային օղակը։ Մենք նրանց կուղարկենք զորք, իսկ ով փորձ ունի, կբերենք համալսարաններ։ Երկրորդ ուղղությունը ծրագրերն են։ Մենք նաեւ նոր զենքի, սպառազինության ձեռքբերման ծրագիր ունենք, ուստի այդ զինատեսակները պետք է ներդնենք բուհական համակարգում, որպեսզի սաները սովորեն ժամանակակից զենքին։ Երրորդ․ ՌԴ-ի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն։ Ասել են, որ անսահմանափակ կարող են ընդունել, որքան մենք կամենանք։ Բացի դա, մեր հրամկազմն ըստ պայմանավորվածության՝ պետք է պրակտիկա անցնի տարբեր երկրների զորամասերում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































