Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում չունենք թաքցրած անգամ մեկ մասունք»․ դատական բժիշկ

Հունիս 04,2021 15:34

«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի վերաբերյալ այսօր հրավիրված ասուլիսում Արմավիրի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Սերգեյ Աբգարյանն ասաց՝ երբ դիերը քայքայված են, նեխած, եւ միայն ոսկրեր են, ապա սառնարանային պայմանները կամ արտաքին միջավայրի որոշակի ջերմային պայմանները էական նշանակություն չեն կարող ունենալ դիակի պահպանման հարցում։

Պարոն Աբգարյանի խոսքով․ «Իրականում այդ դիակները պետք է պահպանվեին այնպիսի միջավայրում, այնպիսի փակ տարածքում, որ դրանով բացառվի հետագայում մասունքի կամ դիակի մեխանիկական կամ այլ արտաքին գործոնով վնասվելու հանգամանքը։ Այսինքն, եթե արդեն իսկ փորձաքննության ենթարկված տվյալ նմուշի մասունքի կամ դիակի մոտ փափուկ հյուսվածքները բացակայում են, այսինքն՝ բացահայտ կմախքային վիճակ է, ուզում եմ ճիշտ հասկանաք, այդ ամենը, որ պահվում է սառնարանային վիճակում, կներեք, բայց դա ավելի շատ էմոցիոնալ ֆոնի վրա է, որ մենք հանգիստ լինենք, որ մեր տղաները սառնարանում են։ Այդ սառնարանում, այդ աստիճան նեխային փոփոխությունների ենթարկված դիերի պահպանման փաստացի ոչ մի գործընթաց տեղի չի ունենում։ Սառնարանը ուղղակի դանդաղեցնում է այդ պրոցեսը։ Եթե փափուկ հյուսվածքներ չկան, չի կարող միջատի ձվադրում լինել, այդ ձվադրման հետեւանքով է դին փափուկ հյուսվածքներից զրկվել։ Հարյուրավոր եմ տեսել՝ մերկ ոսկոր, փափուկ հյուսվածքներից զերծ ոսկրեր։ Այս պահին մեզ ի պահ հանձնած բոլոր տղաներից մասունքներ են, որոնք սառնարանում ենք պահպանում, ոսկոր ենք պահպանում՝ առանձին ծնոտ, առանձին նախադաստակային ոսկոր, առանձին ազդրոսկր, ու մենք խոսում ենք սառնարանային պայմաններից, պետք է որոշակի տարածություն այդ պարագայում, ուղղակի տղաներին սահմանազատենք արտաքին այլ գործոնների ազդեցության չենթարկելուց»։

Պարոն Աբգարյանն ասաց, որ դատաբժշկական փորձաքննությունների Արմավիրի մասնաճյուղում այս պահին գտնվում է 87 դի եւ 58 անձի մասունքներ։

Ասուլիսի մասնակից Արարատի մարզիդ դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գեւորգյանն էլ հավելեց․ «Բոլոր դիակները, որ ստացել ենք սպիտակ գույնի պոլիէթիլենե դիապարկերի մեջ տեղակայված են, որի արտաքին մակերեսին առանձին թափանցիկ թաղանթով գրպանիկ կա, որտեղ տրված է մեզ մոտ բերվող տվյալ դիակի հերթական համարը։ Ոչ մի դիակի վրա անուն ազգանուն չկա գրված, գենետիկ համադրումից հետո նոր պարզվում է դիակի անունը»։

Ինչ վերաբերում է պնդումներին, թե դիեր են թաքցնում, որպեսզի զոհվածների իրական թիվը չբացահայտվի, պարոն Գեւորգյանն այս հարցը համարեց վիրավորական եւ բացառեց դիակ թաքցնելը․ «Նման հարցադրումները մեր կատարած աշխատանքի դիմաց մեր արժանապատվությանն է կպնում, անգամ մեկ մասունք չունենք թաքցրած, բոլորը երեք թիվ տված գենետիկական փորձաքննության փուլում են կամ կրկնակի նմուշառման փուլում։ Բոլորը մատենավորված են։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ ՀՀ-ում անգամ մեկ մասունք չունենք թաքցրած»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930