Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Հանրային» հեռուստաընկերությանը չի կայանա. Վիկտոր Սողոմոնյան

Հունիս 16,2021 20:07

«Հանրային» հեռուստաընկերության հետ պայմանավորվածություն ենք ունեցել, որ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց կտա եւ այն պետք է տեղի ունենա նախագահի համար հարմար վայրում, ինչպես դա տեղի է ունենում վերջին բոլոր տարիներին: Նման պրակտիկա կա. այդ կարգավիճակն ունեցող մարդկանց համար հեռուստաընկերությունները հատուկ մոտեցում են ցուցաբերում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Պայմանավորվածությունից մի քանի օր հետո, «Հանրային» ՀԸ տնօրինությունը կտրականապես դեմ է արտահայտվում, որ լինի արտագնա հաղորդում. «Իրենք պայման դրեցին, որ մենք պետք է գնանք տաղավար։ Մեզ համար ցանկացած նախապայմանի առկայությունն այս պարագայում արդեն խնդրահարույց է: Բայց նաեւ հասկանալի դարձավ, որ պայմանավորվածությունները չեն պահվում. գուցե պայմանավորվենք տաղավարային հանդիպման մասին, բայց դա եւս 1-2 օր առաջ չեղարկվեց»:

Ինչ վերաբերում է դեբատներին, ըստ Վիկտոր Սողոմոնյանի, դրանք հանրության աչքում կորցրել են նաեւ իմաստը. «Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի հետ նույն վայրում գտնվելն ամոթալի է, ուր մնաց՝ ինչ-որ բանի մասին բանավիճելը»:

Վիկտոր Սողոմոնյանն ամփոփեց նախընտրական քարոզարշավը. «Հայաստան» դաշինքում գոհ են արդյունքներից, լավ ընդունելության են արժանացել, ինչի համար շնորհակալ են հանրությունից: Դաշինքում երեք նպատակ են դրել, երեքին էլ հասել են`ներկայացնել ներառական ծրագիրը, որը քարոզարշավի ընթացքում հնչած տարբեր առաջարկներով կհամալրվի եւ կդառնա կառավարության ծրագիր, ներկայացնել թիմին, որ պայմանական անվանել էին ՀՀ պատմության մեջ լավագույն քաղաքական հավաքականը, վերադարձնել քաղաքական քաղաքակիրթ բանավեճը:

Վերջինի առումով նույնպես համարում են, որ հաջողել են, թեեւ իշխանական թիմի ճիշտ հակառակ դրսեւորման ֆոնով: Քարոզարշավի ընթացքում, ըստ Վիկտոր Սողոմոնյանի, հաջողել են նաեւ հասնել նրան, որ հանրությունը «թացը չորից» զատի եւ հաստակ երեւա, որ այս տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանի մասին տարբեր հերյուրանքներ եւ ստեր են տարածվել ու տիրաժավորվել:

«Շատ ցավալի էր, որ երեկ`Շուշիից ստացվող մեզ համար ողբերգական կադրերի ֆոնին, երկրի փաստացի ղեկավարի պաշտոնակատարի պահվածքը: Ես կարծում եմ, մարդը պետք է երեկ երեսը ցույց չտար ոչ ոքի, բայց, ինչպես տեսանք, նույնիսկ հասցրել էր գինովնալ, եթե ես ճիշտ եմ հասկանում կադրերից»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Մանրամասները `տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930