Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելցի մասնագետները երաշխավորել են, որ Աֆղանստանում փորձարկված այս ԱԹՍ-ների օգնությամբ 18 ամսվա ընթացքում ավարտելու են Ղարաբաղի ականների մաքրումը

Հուլիս 05,2021 16:13

Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին

Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություններ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ Հայաստանի սահմանի երկայնքով Բաքուն արդեն կառուցում է սահմանների վերահսկման ենթակառուցվածք: Վերջինս կոչ է արել Հայաստանին երկկողմ բանակցություններ սկսել սահմանային գոտու սահմանազատման և գծանշման վերաբերյալ:

Անթալիայում թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարար Լավրովը նշել է, թե Մոսկվան և Անկարան պայմանավորվել են շարունակել Բաքվին և Երևանին օժանդակելու ջանքերի համակարգումը՝ «հարաբերությունների կարգավորման գործնական հարցերի լուծման գործում»: Չավուշօղլուն էլ իր հերթին հայտարարել է, թե Թուրքիան և Ռուսաստանը ձգտում են Ղարաբաղում խաղաղության և կայունության հաստատմանը։

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կպահպանի իր ներկայությունը Լիբիայում, Ադրբեջանում, Սիրիայում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում: Թուրքիայի նախագահը շեշտել է, որ «Թուրքիան կվերցնի այն, ինչ իրավամբ իրեն է պատկանում»:

Ղրղզստանի արտգործնախարար Ռուսլան Կազակբաևի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ջեյհուն Բայրամովը բողոքել է, թե իբր Հայաստանն արդյունաբերական թափոններով աղտոտում է Ողջի (Օխչուչայ) գետը։ Ըստ ադրբեջանցի նախարարի՝ Հայաստանը չի կարողանա խուսափել պատասխանատվությունից:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի էկոլոգիայի նախարարությունը Հայաստանի կողմից Ողջի գետի ենթադրյալ աղտոտման հետ կապված դիմել է միջազգային կազմակերպություններին։ Այս թեմայի շուրջ Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը՝ նշելով, թե գետն աղտոտող ընկերությունները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմական համագործակցության մասին պայմանագրի համաձայն՝ հունիսի 28-ին Բաքվում մեկնարկել և հուլիսի 3-ին ավարտվել են «Mustafa Kamal Atatürk-2021» համատեղ մարտավարական զորավարժությունները:

Զորավարժություններին մասնակցել են մինչև 600 զինծառայող, շուրջ 40 տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 20 հրետանային զենք և տարբեր տրամաչափի ականանետներ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք, մինչև 50 ավտոմեքենա:

Շաբաթվա ընթացքում շարունակվել են Թուրքիայի Քոնիա քաղաքում «Անատոլիական արծիվ-2021» միջազգային վարժանքները, որոնք ավարտվել են հուլիսի 2-ին։ Զորավարժություններին մասնակցող ադրբեջանական Սու 25 գրոհային ինքնաթիռը օգտագործել է թուրքական «ASELSAN» ընկերության կողմից արտադրված լազերային կառավարման (LGK) զինամթերքը՝ ցամաքային թիրախներին ճշգրիտ հարվածներ հասցնելու համար:

Թուրքական լրատվականների փոխանցմամբ՝ շաբաթվա ընթացքում Անկարայում անցկացվել են «Anadolu-21» անվանումով համատեղ վարժանքները, որոնց մասնակցել են հատուկ մարտական ստորաբաժանումներ Ալբանիայից, Կատարից, Պակիստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ուզբեկստանից։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ իսրայելական արտադրության ականազերծման ԱԹՍ-ներ են առաքվել Ադրբեջան։ ԱԹՍ-ների յուրաքանչյուր խմբաքանակ բաղկացած է 3 անօդաչու սարքից, որոնցից մեկը գծագրում է տարածքի քարտեզը, մյուսը տեղորոշում է ականները, իսկ երրորդն էլ պայթեցնում է ականները՝ ուղարկելով էլեկտրական ազդակներ: Ավելին, իսրայելցի մասնագետները երաշխավորել են, որ Աֆղանստանում փորձարկված այս ԱԹՍ-ների օգնությամբ 18 ամսվա ընթացքում ավարտելու են Ղարաբաղի ականների մաքրումը:

Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել այն մասին, որ սկսել են գործարկվել հետախուզական և մահապարտ- ռմբակոծիչ «GÖZ – N1» անօդաչուները։ Նշվել է, որ այս ԱԹՍ-ներն օգտագործվելու են նաև հանցագործներին հետապնդելու համար։

Հունիսի 28-ին Արցախի գրավյալ Քաշաթաղի՝ Լաչինի շրջանում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել։ Ըստ տեղեկությունների՝ մեքենան, որում եղել են զինծառայողները, գլորվել է ձորը։

Ալիևը կարգադրություն է ստորագրել Ղարաբաղում ծառայող ներքին զորքերի զինծառայողների պաշտոնական աշխատավարձերին հավելավճար սահմանելու մասին՝ 50%-ի չափով։

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ ադրբեջանական բանակի զորամասերի կոմպլեկտավորման նպատակով ավարտվել է նորակոչիկների բաշխման գործընթացը, որն իրականացվել է հատուկ համակարգչային ծրագրային ապահովման միջոցով:

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է Արցախյան պատերազմում նահատակված զինծառայողների ցուցակը, որը պարունակում է 2906 զինծառայողների տվյալներ, իսկ 8 զինծառայող համարվում է անհայտ կորած:

Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը անհանգստություն է հայտնել Ադրբեջանում ռուսական զորքերի ներկայության կապակցությամբ և հույս է հայտնել, որ ռուս զինվորականների ներկայությունը Ադրբեջանը նույնպես ընկալում է որպես ժամանակավոր երևույթ։

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կաուսլարիչն (1994-1997) անդրադարձել է Ալիևի հայտարարություններին, ըստ որի՝ ԼՂ հակամարտությունն ավարտվել է։ «Եթե հակամարտությունն ավարտվել է, ի՞նչ կարիք կա, որ նախագահ Ալիևը կրի զինվորական համազգեստ»,- գրել է Կաուսլարիչը Twitter-ում ու հրապարակել Ալիևի նկարը ռազմական համազգեստով, որով նա ելույթ էր ունեցել։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, թե Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։ Ադրբեջանական մամուլում ՀԱՊԿ-ի այս դիրքորոշումը մեծ ուշադրության է արժանացել այն համատեքստում, որ այդ կազմակերպությունը պատրաստակամությունն է հայտնել աջակցություն ցուցաբերել Տաջիկստանին՝ Աֆղանստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակից ելնելով։

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) նախատեսում է ստեղծել գործընկեր պետությունների ինստիտուտ, որը ՀԱՊԿ ԽՎ-ում խորհրդատվական ձայն կստանա: ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը նշել է, որ այս նոր ձևաչափի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում շատ երկրներ, բայց անվանել է նրանցից երկուսին՝ Ադրբեջան և Պակիստան։

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031