«Մենք նախկինի պես ելնում ենք այն բանից, որ պարզապես ոչ միայն ազնիվ, այլև ծայրահեղ անհրաժեշտ կլինի որոշել, թե որ ճանապարհով է գնում հանրապետությունը», հերթական ճեպազրույցում հերթական անգամ Հայաստանի վերաբերյալ հարցի է պատասխանել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Ոչ միայն ազնիվ, այլ թերեւս ծայրահեղ անհրաժեշտ է, որ Մարիա Զախարովան հնարավորինս քիչ խոսի Հայաստանի մասին։ Այդպես ազնիվ կլինի, եթե նա այդ հռետորաբանության քառորդն անգամ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ։ Այն պարագայում, երբ Ռուսաստանի հանդեպ Հայաստանի իշխանության վարքագիծն իր քաղաքական խորքային բովանդակությամբ տրամաբանությամբ նույնիսկ քառորդը չէ այն քաղաքականության, որ Ռուսաստանի շահերի դեմ վարում է Ադրբեջանը։
Դրանով իհարկե որեւէ կերպ չի «արդարանում» Ռուսաստանի հետ հարաբերության հարցում Նիկոլ Փաշինյանի վարած ապաշնորհ քաղաքականությունը։ Բայց, ամբողջ հարցն այն է, որ այստեղ կա շատ հետաքրքիր «փոխադարձություն»։ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականությամբ «ալիբի» է ստեղծում Ռուսաստանի համար, որը անգամ ռուսաստանցի շատ փորձագետների գնահատմամբ՝ տապալել է հետխորհրդային երկրների հանդեպ քաղաքականությունը, այդ թվում՝ Հայաստանի։ Ընդ որում, այդ գնահատականը հնչեցնում են բավականին հեղինակավոր ռուսաստանցի փորձագետներ, որոնք կրեմլյան պրոպագանդիստներ չեն, միեւնույն ժամանակ սակայն, մեղմ ասած, լիբերալ–պրոպագանդիստներ էլ չեն, որոնց կարելի է մեղադրել Մոսկվային փնովելու համար։
Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությամբ «ալիբի» է ապահովում այն հետեւանքների համար, որ բխում է տարիներ շարունակ տապալված քաղաքականությունից, երբ Ռուսաստանի արտաքին քաղաքականություն իրականացնողները պարզապես հանգստանում էին «հայ–ռուսական բարեկամության» խորհրդային պատմագրության դափնիների վրա, այն դեպքում, երբ ռեգիոնում ու Հայաստանում ինտենսիվ աշխատում էին նրանց աշխարհաքաղաքական մրցակիցները։ Իսկ այդ քաղաքականության տապալման պատասխանատուներն էլ, որոնց խոսնակ է Մարիա Վլադիմիրովնան, թե իրենց, թե խոսնակի հայտարարություններով ու գնահատականներով «ալիբի» են ապահովում Փաշինյանի ապաշնորհության համար։ Իսկ դա նշանակում է, որ կա հայ ժողովրդի, Հայաստանի հանրության հանդեպ երկուստեք անազնվություն։
Կարդացեք նաև
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


















































