Լրահոս
Օրվա լրահոսը

«Արժանապատվությունը, իրավունքները խախտող պայմաններ Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում»

Օգոստոս 02,2021 23:30 Share

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նշված դատարանների ազատությունից զրկվածներին ժամանակավոր պահելու վայրեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի (NPM) 2021թ. հուլիսի 23-ի չհայտարարված այցով վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝ կապված միայն պահման պայմանների հետ.

  • Խիստ անբավարար պայմաններ են առկա Շիրակի դատարանի Գյումրու նստավայրում:

Խցերը, որոնք նախատեսված են ազատությունից զրկված անձանց պահելու համար, գտնվում են դատարանի շենքի նկուղային հարկում, որտեղ բնական լուսաթափանցելիությունն անբավարար է, իսկ խցերի ներսում արհեստական (էլեկտրական)  լուսավորություն առկա չէ, առհասարակ:

Խցերում որպես պատուհան են ծառայում բետոնե ծածկույթով փոսանման բացվածքներ, որոնք կահավորված են ճաղավանդակներով և չունեն ապակե ծածկեր: Սա անթույլատրելի է՝ հատկապես հաշվի առնելով ցուրտ եղանակային պայմաններում խցերում պատշաճ ջերմային ռեժիմի ապահովման տեսանկյունից:

Այցի ընթացքում Գյումրու նստավայրի խցերում բարձր է եղել նաև խոնավության աստիճանը, հատակին եղել են ջրի կուտակումներ: Առկա է վերանորոգման հրատապ անհրաժեշտություն՝ հաշվի առնելով նաև, որ առկա չէ օդափոխման համակարգ, ժամանակավոր պայման վայրի հատակը բետոնածածկ է, իսկ խցերի պատերի ծափամածիկները թափված են, տեսանելի են ճաքեր:

  • Բոլոր նստավայրերում խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն ամբողջական պատով և չունեն դռներ:

Ըստ պաշտոնական պարզաբանումների՝ խցերում կարող է պահվել մեկից ավելի անձ, ինչը նշանակում է, որ այս վիճակը հատկապես է անընդունելի նախևառաջ մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից:

Անընդունելի է նաև, որ բոլոր սանհանգույցներն ասիական տիպի են:

Աշտարակի նստավայրում առկա է երկու խուց, որոնց դռներն ամբողջությամբ բաց ճաղերով են, իսկ այդ խցերի ներսում սանհանգույցներն ունեն այնպիսի տեղակայում, որ ակնհայտ դիտարկվում են խցի դրսից՝ միջանցքից: Սա

խախտում է մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Դատարանների խցերի սանհանգույցների հետ կապված այս անընդունելի վիճակն ունի համակարգային բնույթ, այն արձանագրվել է այլ դատարանների (օրինակ՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի և Աբովյանի նստավայրեր) հետ կապված նույնպես և արտացոլվել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում:

  • Աշտարակի նստավայրի խցերից մեկը չունի պատուհան, որի պատճառով խուցը չունի բնական լուսավորություն, ինչպես նաև չի ապահովվում պատշաճ օդափոխություն՝ նստավայրում օդափոխման համակարգի բացակայության պատճառով:
  • Աշտարակի նստավայրի երկու խցերից մեկում բացակայում է լվացարանը, իսկ Գյումրու և Ապարանի նստավայրերի մեկական խցերում առկա են լվացարաններ, բայց չկան ջրի ծորակներ:

Գյումրու նստավայրի խցերից մեկում լվացարանի խողովակի փոխարեն տեղադրված է պլաստմասե շիշ:

  • Խցերում բացակայում են հիգիենիկ պարագաները, մասնավորապես՝ ուսումնասիրված խցերում առկա չի եղել օճառ, իսկ սանիտարական թուղթ առկա է եղել միայն Ապարանի նստավայրում:
  • Մարալիկի նստավայրի բոլոր երեք խցերը, ինչպես նաև Գյումրու նստավայրի չորս խցերից երկուսը կահավորված չեն նստարաններով և դրանցում, առհասարակ, որևէ տեսակի կահավորում առկա չէ:
  • Նստավայրերի որևէ խցում առկա չի եղել ազատությունից զրկվածների համար սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ:
  • Դատարանների խցերը և խցերի սանհանգույցները հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: Սրան գումարվում է նաև այն, որ քանի որ դատարանի շենքերը նույնպես հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար, ապա խցերից դատական նիստերի դահլիճ տեղափոխումը մարդու իրավունքների, արժանապատվության տեսանկյունից անընդունելի է:

Մարալիկի և Ապարանի նստավայրերի խցերի պայմաններն առավել բարեկարգ են, իսկ դրանց սանիտարահիգիենիկ վիճակն ու լուսաթափանցելիությունը բավարար են:

Նշված խնդիրներն արձանագրվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներ իրականացնող ստորաբաժանման և փորձագետների 2021թ. հուլիսի 23-ին չհայտարարված այցերի ընթացքում Շիրակի և Արագածոտնի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ:

Այցերի ընթացքում ստուգվել են նշված դատարանների Գյումրու, Մարալիկի, Աշտարակի, Ապարանի նստավայրերի ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները, ինչպես նաև տեղի են ունեցել առանձնազրույցներ դատարանների աշխատակազմերի և դատական կարգադրիչների հետ:

Դատարանների խցերի հետ կապակցված խնդիրներից է նաև դատապարտյալներին դատարան տեղափոխումը, ուղեկցումը և պահպանությունն իրականացնող պատասխանատու պետական մարմնի հարցը, որն ունի համակարգային բնույթ և մշտապես պարբերական քննարկման առարկա է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում՝ համապատասխան առաջարկներով:

Ներկայում նշված այցերի արդյունքները գտնվում են ամփոփման փուլում, որոնք համապատասխան առաջարկներով կներկայացվեն իրավասու պետական մարմիններին:

Սույն հաղորդմամբ հրապարակվում են Շիրակի մարզի գյումրու, Արագածոտնի մարզի Աշտարակի և Ապարանի նստավայրերի մի շարք լուսանկարներ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031