Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն անգամ, երբ գումարը փոխանցում էի հիմնադրամին, խնդրում էի Աստծուն, որ վերջինը լինի. Անե Մորտո

Օգոստոս 07,2021 23:21

Օգոստոսի 2-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ Անի Մարտիրոսյանի անհատական ցուցահանդեսի բացումը, որը կրում է «Արտաշունչ վրձնով» խորագիրը: ԱրթԶ հասարակական կազմակերպությունը երիտասարդ նկարչուհուն բացահայտեց ու սկսեց համագործակցել 44-օրյա պատերազմի ընթացքում: Ցուցադրությունն ավարտվեց օգոստոսի 6-ին, Aravot.am-ը եւս այնտեղ էր:

«Դպրոցական տարիներից շատ եմ սիրել նկարել, 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեցի բժշկական քոլեջ, սակայն չէի հարմարվում, իմը չէր, սկսեցի դասերի նորմալ չհաճախել: Հաջորդ տարի դուրս եկա ու ընդունվեցի Թերլեմեզյան կենտրոն: 4-րդ կուրսում, երբ նոր էի մայրացել ու ավարտել՝ անհասկանալի հոգեվիճակում էի, 2 ամիս շարունակ ոչինչ չէի նկարում, հետո ինձ հավաքեցի ու շարունակեցի ուսումս, ընդունվեցի Գեղարվեստի ակադեմիա: Վերջին մեկ տարվա ընթացքում երազանքս ցուցահանդես ունենալու՝ հասել էր գագաթնակետին, որի արդյունքում որոշեցի իրագործել այն․ ցուցահանդեսս բնության թեմատիկայով էր, որն ինքս էլ շատ եմ սիրում։ Բնորդների հազվադեպ եմ նկարում, հիմնականում այն մարդկանց, որոնց աչքերն ունեն որևէ ասելիք: Բնությունն անկախ եղանակից՝ միշտ ունի ասելիք, դրանով պայմանավորված էլ ցուցահանդեսս հագեցած էր բնապատկերներով»,- մեզ հետ զրույցում ասում է Անի Մարտիրոսյանը, նույն ինքը՝ Անե Մորտոն:

Անե Մորտոն 2 տարի առաջ Նարեկացի միությունում հրավիրված էր իր ծանոթներից մեկի ցուցահանդեսին ու մտածում էր՝ կգա՞ մի օր, որ նա էլ ցուցահանդես ունենա: Այս տարվա ապրիլին ուժերը կենտրոնացրեց ու որոշեց երազանքն իրականություն դարձնել, հայտ ներկայացրեց Նարեկացի արվեստի միություն, որից հետո եկավ պատասխան նամակ, ըստ որի Անեն կարող էր այնտեղ ցուցահանդես ունենալ, քանի որ հավանել էին իր ուղարկած աշխատանքները:

Դրանից հետո սկսեց ավելի շատ ու մեծ եռանդով աշխատել ու նկարներից շատերը նկարեց վերջին մի քանի ամսվա ընթացքում: Ցուցահանդեսում կար 26 նկար, որոնցից 20-ը նկարել էր տասն ամսում, այլ նկարներ եւս կան, սակայն տարածքի համար ընտրվել էին այդքանը:

«Նկարներիցս կուզենամ առանձնացնել «Ինքնադիմանկար»-ը, որը բավականին հետաքրքիր խորհուրդ ունի իր մեջ: Նկարի ամենավերեւում կան գրքեր, որոնք խորհրդանշում են իմ սերը գրքերի հանդեպ, չնայած նրան, որ մինչ 20 տարեկանս գրեթե չէի կարդում, իսկ հիմա՝ մեկ օր անգամ առանց ընթերցանության չեմ կարող: Նկարում կան ծաղիկներ, որոնք չորացած են, ես շատ եմ սիրում ծաղիկներ, սակայն ժամանակի առումով չեմ կարողանում խնամել եւ ցավոք, իմ ձեռքում ընդամենը մեկ օրվա կյանք են ունենում: Նկարի ամենախորհրդանշական հատվածում ես եմ: Նկարում դեմքիս աջ կողմն ավելի լուսավոր ու վառ գույներով է, որը խորհրդանշում է իմ դրական ու լուսավոր կողմերը, ներդաշնակությունն ու զգացմունքները, իսկ ձախ կողմը՝ ստվերոտ հատվածը, գրեթե չի երեւում, դա այն Անին է, որն ունի կենցաղային խնդիրներ ու հոգսերը, որն ինչպես նկարում, այնպես իրական կյանքում կոծկում է: Վրաս ամուսնուս վերնաշապիկն է, որն էլ սիրո խորհրդանիշ է: Ձեռքիս ներկապնակի նուրբ ու հանգիստ գույներն էլ այն գույներն են, որոնք կան իմ ներսում»:

Պատերազմի թեման շատ ծանր է Անիի համար, սկզբում չէր հասկանում, թե ինչ է կատարվում, սակայն, երբ պատերազմի 8-րդ օրը ամուսինը մեկնեց ռազմաճակատ՝ զգաց դրա ողջ լրջությունը, շատ ծանր էր տանում ու վախենում: «Ձեռքերս ծալած չէի կարող նստել ու փորձում էի այստեղից հնարավորին չափ շատ բան անել սահմանին կանգնած զինվորներին օգնելու համար, դրա համար սկսեցի նկարներ նկարել, վաճառել ու ողջ հասույթը տրամադրել Համահայկական հիմնադրամին: Առաջին  նկարս, որը վաճառեցի, իմ դիպլոմային նկարն էր: Ամեն անգամ, երբ գումարը փոխանցում էի՝ խնդրում էի Աստծուն, որ վերջինը լինի ու այդ մղձավանջն ավարտվի, բոլորը տուն գան: Այդպես շարունակեցի մինչեւ պատերազմի ավարտը, պատերազմից հետոն էլ մեր ընտանեկան կյանքի վրա իր բիծը թողեց, ամուսինս 16 օր ռազմաճակատում է եղել ու այն հոգեվիճակը, որում նա է, դժվար է բացատրել, ամեն անգամ հիշել այն, ինչ կռվի դաշտում է եղել…»:

Մեր զրուցակցի խոսքով՝ այդ ժամանակվա նկարած նկարներում տխրություն է տեսնում, ասում է՝ գուցե կողքից դա չնկատեն, բայց իր համար դա չափազանց ակնառու է, երբ նայում է դրանց` 44-օրյա պատերազմն է հիշում, այդ իսկ պատճառով էլ այս ցուցահանդեսին այդ նկարները չի ներառել: Ամուսնուն ռազմաճակատ ուղարկելու հաջորդ օրն էլ մի նկար է արել, կոմպոզիցիա, նկարում զորակոչի ավտոբուսն է, մայր իր որդուն հրաժեշտ տվող, սիրահար զույգ, երբ աղջիկն իր սիրելիին է հրաժեշտ տալիս ու մի խումբ մարդիկ: Անեի խոսքով՝ ապագայում նոր ցուցահանդեսներ կրկին կլինեն, եթե ստացվի՝ արտերկրում եւս:

«Իմ սիրելի նկարներից մեկում պատկերված է բալետի պարուհի վանդակի մեջ: Բալետի պարուհի դառնալն իմ մանկության երազանքն է, որի համար նկարել եմ պարուհուն, իսկ վանդակը խորհրդանշում է այն, որ երազանքս չիրականացավ, թռչուններն էլ իմ ներսի ազատությունն են, կապ չունի, որ ես չեմ դարձել բալետի պարուհի, կարեւորն այն է, որ ես դրան նկարելով եմ հասել: Շատ եմ սիրում նաեւ արեւածաղիկներ նկարել, բայց նկատել եմ, որ վերջերս շատերն են նման նկարներ անում: Երբ խոսքը գնում է արեւածաղկի մասին՝ բոլորը պատկերացնում են Վան Գոգին: Նրան, որպես արվեստագետի շատ եմ սիրում, սակայն ինձ համար ընդունելի չէ, երբ մարդը ծանոթ չէ տվյալ արվեստագետի կյանքին ու ստեղծագործական ուղուն, մեկ կամ երկու նկար է տեսել ու ասում է, որ իր գործերն է սիրում կամ այս կամ այն նկարը այդ նկարի կրկնօրինակն է, փորձել են նմանակել: Ինքս արեւածաղիկներ շատ եմ սիրում ու տանն ունեմ արհեստական արեւածաղիկ, որն ամեն առավոտ արթնանալիս ինձ ժպիտ է պարգեւում: Նկատել եմ նաեւ, որ վերջերս արված նկարներումս ֆրանսիական շունչ կա, չնայած նրան, որ Ֆրանսիայում երբեւէ չեմ եղել, գուցե մի օր էլ այնտեղ ցուցահանդես ունենամ, կարեւորը՝ երազանքը նպատակ դարձնելն է»,- եզրափակում է իր խոսքը երիտասարդ արվեստագետ Անե Մորտոն:

 

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031