Կորոնավիրուսի ու 44-օրյա պատերազմի հետեւանքով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը զգալի նվազել է: Այս մասին փաստում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Օրերս հրապարակվել են զբոսաշրջության ցուցանիշները: Այսպես՝ 2020 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան է ժամանել 307 հազար 590 զբոսաշրջիկ, սակայն 2021 թվականի նույն ժամանակահատվածում ավելի պակաս՝ 239 հազար 263 զբոսաշրջիկ: Եթե անցյալ տարի մեր երկիր եկած զբոսաշրջիկներից 70 հազար 603-ը ապրել են հյուրանոցներում, այս տարի հյուրանոցների ծառայություններից օգտվողներն ավելի շատ են եղել՝ 82 հազար 392 մարդ: Այս տարի զբոսաշրջիկներից 156 հազար 871-ը բնակվել է հարազատի տանը կամ վարձով տրվող բնակարաններում, անցյալ տարվա հունվար-հունիս ամիսներին 236 հազար 987 զբոսաշրջիկ է հարազատի տանը կամ այլ տեղ բնակվել:
Ըստ նույն աղբյուրի, այս տարի ԱՊՀ երկրներից՝ այդ թվում Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ժամանել զբոսաշրջիկների 52.5 տոկոսը, անցյալ տարվա հունվար-հունիսին՝ 45.2 տոկոսը: Եվրամիության երկրներից անցյալ տարի ժամանել էին զբոսաշրջիկների 17.3 տոկոսը, այս տարի՝ ավելի պակաս՝ 10.5-ը: Եկել են Նիդերլանդներից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից եւ ԵՄ այլ երկրներից:
Անցյալ տարի ԱՄՆ-ից Հայաստան է եկել զբոսաշրջիկների 3.2 տոկոսը, այս տարի 5,8 տոկոսը: Եթե անցյալ տարվա նույն ժամանակահատվածում Իրանից մեր երկիր է ժամանել զբոսաշրջիկների 6.6 տոկոսը, այս տարի այդ թիվը գրեթե կրկնակի է 13.4 տոկոսը, ինչը, հիմնականում պայմանավորված է պատվաստվելու գործոնով: Վրաստանից նույնպես այս տարի ավելի շատ զբոսաշրջիկ ենք ունեցել:
Անցյալ տարի զբոսաշրջիկների 1,6 տոկոսն է եղել այդ երկրից, այս տարի՝ 2,5-ը: Փոխարենը նվազել է Թուրքիայից ժամանած զբոսաշրջիկների թիվը: Այս տարվա հունվար-հունիս ամիսներին մեր երկիր Թուրքիայից եկել է զբոսաշրջիկների 0,1 տոկոսը, անցյալ տարի 0,3 տոկոսն էր այդ երկրից եկել: Չնչին աճ եղել է Կանադայից: Այս տարի մեր երկիր են ժամանել Կանադայից ընդհանուր զբոսաշրջիկների 0,6 տոկոսը, անցյալ տարի 0,5 տոկոսն էր Կանադայից եկել:
Կարդացեք նաև
Զբոսաշրջիկների 27.8 տոկոսը մեր երկիր է եկել գործնական նպատակներով եւ միայն 37 տոկոսն է, որ Հայաստան է ժամանել հանգստի եւ ժամանցի նպատակով, 0,1 տոկոսը կրթության նպատակով, 0,4 տոկոսը՝ բուժման, այլ նպատակներով 34,7 տոկոսը: Անցյալ տարի հանգստի եւ ժամանացի նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 53,1 տոկոս էր:
2020թ. հունվար-հունիս ամիսներին մեր երկրից մեկնել են 274 հազար 435 զբոսաշրջիկ: Այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 115 հազար 546:
Հայաստանից մեկնածների 93,1 տոկոսը արտերկիր է մեկնել հանգստի եւ ժամանցի նպատակով, 6,9 տոկոսն էլ՝ գործնական:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.09.2021