Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն փաստը, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունները դեմ են քվեարկել բանաձեւին, վերահաստատում է, որ սա ավելի շատ մեզ համար ձեռնտու բանաձեւ է»

Հոկտեմբեր 04,2021 14:30

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը գոհ է աշնանային նստաշրջանում ոչ միայն ներկայիս պատվիրակության կազմի, այլեւ նախկին կազմի աշխատանքներից:

«Առավոտի» հետ զրույցում Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Այն բանաձեւը, որն ընդունվեց, դրա վրա հիմնականում աշխատել էին նախորդ պատվիրակության անդամները, բնականաբար, ներկաները նույնպես: Ընդհանուր առմամբ՝ ընդունված բանաձեւը մեզ համար ձեռնտու է, հետեւաբար դրական եմ գնահատում աշխատանքը»:

Մեր հակադարձմանը՝ շատերի կարծիքով՝ բանաձեւում կան շատ բաց կետեր, օրինակ՝ փաստաթղթում հակամարտությունը ներկայացվում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ, մինչդեռ այն Ադրբեջանի եւ ԼՂ միջեւ է եւ հարցին՝ փորձ արվե՞լ է փաստաթղթում ամրագրումն այդ շեշտադրմամբ անել, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Բնական է, որ բանաձեւը պիտի միանշանակ չընդունվեր, որ պետք է ընդդիմության մի մասը կամ որոշ ընդդիմադիր գործիչներ սկսեին համոզել, որ խայտառակ դիվանագիտական պարտություն է: Իհարկե, փորձ արվել է, եւ այն ամենակարեւոր կետում պսակվել է հաջողությամբ»: Ռուբեն Ռուբինյանն այս առիթով հիշեցրեց՝ իրենց հաջողվել է փոխել բանաձեւի վերնագիրը ու մանրամասնեց. «Ի հեճուկս Ադրբեջանի՝ ոչ միայն ԵԽԽՎ-ում, այլեւ միջազգային ասպարեզում փորձերին ԼՂ հակամարտություն բառերը ջնջելու եւ մոռացության տալու, մեզ հաջողվեց անել մի բան, որը շատ քիչ է հաջողվում ԵԽԽՎ-ում՝ փոխել բանաձեւի վերնագիրը եւ ավելացնել ԼՂ հակամարտություն եզրույթը»:

Տեղեկացնենք՝ ԵԽԽՎ-ն ընդունել է «Հայ-ադրբեջանական/Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքները» թեմայով բանաձեւ:

Մեր փաստմանը՝ պնդումներ կան, որ սա քաղաքական որոշման, քաղաքական մարմնի կողմից ընդունված բանաձեւ էր, որն առանձնապես հետեւանքներ չի թողնելու եւ հարցին՝ հետեւաբար որքանո՞վ էր նպատակահարմար այդքան ռեսուրսներ ծախսելը, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Այն պնդումները, որ սա քաղաքական բնույթ կրող բանաձեւ է, ճիշտ են, որովհետեւ ԵԽԽՎ բոլոր բանաձեւերն առաջին հերթին ունեն քաղաքական ազդեցություն. դրանք իրավական պարտադրանքի ուժ չունեն: Բայց միեւնույն ժամանակ քաղաքական ազդեցությունը բանաձեւի նույնպես ծանրակշիռ է: Ես այն կարծիքին չեմ, որ միայն այս մեկ բանաձեւով մեր բոլոր խնդիրները կլուծվեն:

Կարծում եմ՝ ընդհանրապես միջազգային հարթակներում պետք է ակտիվ լինենք եւ փորձենք հնարավորինս շատ այսպիսի բանաձեւեր ունենալ եւ ադպիսով մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա»: Հարցին՝ ինչպիսի՞ն կարող է լինել ճնշումն Ադրբեջանի վրա, եթե բանաձեւում «կոչ ենք անում», «ափսոսանք ենք հայտնում» այսպիսի բառապաշար է օգտագործված, Ռուբեն Ռուբինյանն այսպես պատասխանեց. «Բնականաբար, կցանկանայինք՝ ցանկացած բանաձեւ առավելագույնս կոշտ լիներ: Բայց ես կարծում եմ՝ տվյալ բանաձեւն ըստ էության շեշտում է բոլոր այն կետերը, որոնք մենք կուզեինք շեշտված լինեին եւ բանաձեւը միանշանակ, հստակ եւ աներկբա Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել եւ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց»: Հավելեցինք՝ բայց Ադրբեջանին էլ հաջողվեց իր ցանկացած սրբագրումներն «անցկացնել», Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Ամբողջ աշխարհում չեք գտնի որեւէ կազմակերպություն ու բանաձեւ, որտեղ կողմերից միայն մեկի առաջարկած փոփոխություններն են ընդունվում: Բայց մեր առաջարկած փոփոխությունների մեծ մասն ընդունվել է, մի մասը չի ընդունվել, իսկ Ադրբեջանի դեպքում մեծ մասը չի ընդունվել, փոքր մասն է ընդունվել: Կարեւոր է հաշվի առնել փոփոխությունների բնույթը: Մենք հիմնականում շեշտը դրել էինք վերնագրի փոփոխության վրա, ինչին հասանք: Այն փաստը, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունները դեմ են քվեարկել բանաձեւին, ինքնին խոսում եւ վերահաստատում է, որ սա ավելի շատ մեզ համար ձեռնտու բանաձեւ է»:

Պատվիրակությունը աշնանային նստաշրջանին ամբողջ կազմով չի մասնակցել. Ստրասբուրգ չեն մեկնել «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գեւորգյանը, Արմեն Ռուստամյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը: Արմեն Գեւորգյանը մտահոգություն էր հայտնել՝ քանի որ ՀՔԾ-ն խոչընդոտեց իր՝ Ստրասբուրգ մեկնելուն, ինքը հնարավորություն չի ունեցել աշխատանքներ տանել. մասնավորապես հարցեր ուներ ԵԽ գլխավոր քարտուղարին, հայ ռազմագերիների վերադարձի հարց պիտի բարձրացներ: Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեցինք՝ քայլեր կատարվե՞լ են, որպեսզի մասնակցությունը լինի ամբողջ կազմով, նա ասաց. «Արմեն Գեւորգյանին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նաեւ իմ միջնորդությամբ տրվել է տեղեկանք, որտեղ նշվում է, որ նա ԵԽԽՎ պատվիրակության անդամ է եւ խնդրում ենք դիտարկել նրա՝ Ստրասբուրգ մեկնելու հնարավորությունը: ԱԺ-ն ինչ կարող էր անել, արել է, մնացածը դատական իշխանության տիրույթում է: Բայց մյուս կողմից՝ մեր ընդդիմադիր գործընկերները հնարավորություն ունեին առցանց մասնակցելու բոլոր աշխատանքներին. ամեն ինչ, ինչ հնարավոր է ֆիզիկապես ներկա գտնվելու պարագայում, հնարավոր էր նաեւ առցանց: Օրինակ՝ Հայկ Մամիջանյանը ելույթ էր գրանցել, սակայն նրա հերթը չհասավ, մյուսները կարծես գրանցված չէին: Համենայնդեպս, այն բանաձեւի քվեարկությանը, որի մասին խոսում էինք, մեր ընդդիմադիր գործընկերները չեն մասնակցել, եւ դա որեւէ կապ չունի ֆիզիկապես Ստրասբուրգում լինել-չլինելու հետ»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ հարաբերություններ են եղել ադրբեջանցի գործընկերների հետ, մասնավորապես լիագումար նիստերի դահլիճից դուրս, միջադեպեր եղե՞լ են, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց. «Հարաբերությունները եղել են՝ ինչպես միշտ: Երբեք էլ միջանցքներում վիճաբանության չենք բռնվում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.10.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031