Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմկուսը կապ չունի, բայց անպայմանորեն ողջունում է Պուտինի նկարով պաստառները»․Կոմկուսի Գյումրու քաղաքապետի թեկնածու

Հոկտեմբեր 06,2021 21:45

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Կոնստանտին Ղավազյանն ասաց, որ թեև Գյումրիի փողոցներում Վլադիմիր Պուտինի լուսանկարով ու «Հավերժ միասին» կարգախոսով փակցված ցուցապաստառների հետ իրենց կուսակցությունն առնչություն չունի, սակայն ողջունում է։

«Կոմունիստական կուսակցությունն այդ ցուցապաստառների հետ կապ չունի, տեղադրել էին անհատներ, որոնք տրամադրվածություն ունեն դեպի Ռուսաստան, նրանք են բերել, կախել։ Կոմկուսի պաստառներում Բաղրամյանն է, Շահումյանն է, հայ մտածողներ, բարձրաստիճան զինվորականներ։ Դրանք մերն են, բայց էդ նկարը մեր չէ, մենք, իհարկե, անպայմանորեն ողջունում ենք էդ նկարը, որովհետև մենք ունենք դեպի Ռուսաստանը նայող ծրագիր։

Մենք գտնում ենք, որ ի տարբերություն խզմալյանների, որոնք որ հակառուսական դերեր են կատարում, մենք հակառակ նրանց, գտնում ենք, որ ռուսների ներկայությունն էստեղ պարտադիր է, որովհետև Հայաստանում կարող են լինել երկու ուժեր՝ կամ ռուսները, կամ թուրքերը։ Հիմա ով հակում ունի դեպի թուրքերը, մտածում է ռուսներին այստեղից դուրս հանելու մասին, ով չունի, մտածում է, որ ռուսները մնան այստեղ, որպեսզի մենք մնանք հայ՝ մեր ինքնատիպությամբ, մեր հավատով, եկեղեցով, մեր գիտելիքներով և այլն։

Իսկ նրանք, ովքեր որ էդ մասին խոսում են, ես չեմ մտածում, որ իրենց մեջ խոսում է համոզմունքը, որովհետև համոզմունքի խոսելու դեպքում պատմությամբ պիտի ապացուցես։ Այն բամբասանքները, ինչ-որ ասում են դեսից-դենից, պատերի տակից վերցրած, դրանք հարկավոր է մի կողմ դնել, ռեալ, սառը դատողությամբ մտածել, թե 1804 թվից մինչև հիմա ֆրանսիական մի զինվոր էստեղ զոհվե՞լ է, ամերիկյան մի զինվոր զոհվե՞լ է, անգլիական մի զինվոր զոհվե՞լ է, չէ։ Ով որ եկել, այստեղ զոհվել է, այ «Պատվո բլուր» կա, չէ՞, այնտեղ պառկածները 1855 թվից բոլորը ռուսներ են, ֆրանսիացի հեչ չկա մեջները․․․

Երբ որ քաղաքագետ պարոն Ստեփան Գրիգորյանն ասում՝ Պուտինի նկարն ինչի՞ են կպցրել, թող կպցնեին Բայդենինը կամ Մակրոնինը, այսինքն, իրեն ով որ վճարում է, ուզում է նրանց նկարները կպցնեն, հա՞։ Ինչի՞ որ, ես ասում եմ Մակրոնի զինվորը և Բայդենի զինվորը ստեղ չեն զոհվել և Բայդենի զինվորը էստեղ չի գա։ Հարկավոր է իրատես լինել, պետք չէ բամբասանքներով, գծուծ դատողություններով,  շահախնդիր խոսքով առաջնորդվենք։

Մենք՝ կոմունիստներս, շահ չունենք, եթե մենք ունենայինք այն շահը, ինչ որ ասենք Արա Պապյանն ունի՝ Կանադայի քաղաքացի ընտանիքով, բիզնեսն էլ այնտեղ է ու մեզ կոչ է անում ռուսներին վռնդել։ Եթե հանկարծ վատ եղավ, ինքը կգնա իր քաղաքացիության երկիրը, բա մենք ո՞ւր գնանք։

Ժողովուրդն էլ ի վերջո պիտի գիտակցի՝ ինչը ինչի հետ են փոխում։ Ռուսաստանում էլ հազար ու մի տեսակի ուժեր կան, պրոադրբեջանական, որոնք որ զուտ նավթի, գազի շահույթից դուրս գալով՝ ունեն նյութական, դրամական օգուտ։ Դրանց ելնելով՝ առանձին մարդիկ կարող են իրենց հեռուստատեսությամբ ուրիշ բաներ հաղորդել, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանի ամբողջ ժողովրդի և կառավարության դիրքորոշումը դա է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031