Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի գործընկերների հետ հասել ենք փոխըմբռնման, ՀԱԷԿ-ին փոխարինող հզորություն պետք է ունենանք. Տիգրան Մելքոնյան

Նոյեմբեր 12,2021 18:40

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի վարչության նախագահ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը Հայաստանի համար շատ կարեւոր փաստաթուղթ է եւ շատ կարեւոր է հենց այսօր: Նա այս մասին ասաց այսօր՝ Հանրային լրագրության ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ:

Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 1–ին լրանում է Համաձայնագրի գործողության մեջ մտնելու մեկ տարին։ Ստեփան Գրիգորյանն ու ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանն անդրադարձան համաձայնագրի կատաման ընթացքին: Ըստ Ստեփան Գրիգորյանի, շատ կարեւոր է, որ այդ փաստաթղթի հիմքում կա ֆինանսավորում: Նա նաեւ ասաց, որ համաձայնագրի կետերից մեկն առնչվում է Հայաստանի ատոմակայանին եւ մրցակցային էներգետիկային, որի մասին հանրությունը պետք է տեղեկացված լինի:

Տիգրան Մելքոնյանն ասաց, որ խոսքը կողմերի եվրոպացի գործընկերների հետ համագործակցության եւ Մեծամորի ատոմակայանի փակման մասին է, համաձայն որի պետք է վաղաժամկետ մշակվի գործողությունների պլան ու ծրագիր՝ ապահովելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: Ասաց, որ եվրոպացի գործընկերների հետ հասել են փոխըմբռնման. պետք է ՀԱԷԿ-ին փոխարինող հզորություն ունենան, քանի որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը ազգային անվտանգության կարեւոր բաղկացուցիչ է եւ պետք է ապահովված լինի. «Բայց մեր ռեսուրսն անսպառ չէ եւ որոշակի ժամանակ հետո այն, անպայման, պետք է սկսի շահագործումից հանվել»,-ասաց Տիգրան Մելքոնյանը՝ նշելով, որ  հայկական կողմը նպատակ ունի գործող էներգաբլոկը շահագործել մինչեւ 2036 թվականը, իսկ մինչեւ շահագործումից հանելը պետք է կառուցվի միջուկային նոր էներգաբլոկ. «Ատոմակայանը շահագործումից հանելը եւ տեղում կանաչ տարածք ստանալը 30-32 տարի է տեւում եւ շատ մեծ ֆինանսական միջոցներ են պահանջվում՝ շուրջ 500 միլիոն եվրո եւ մենք ակնկալելու ենք եվրոպացի գործընկերների աջակցությունը»:

Համաձայնագրով նախատեսված է այլընտրանքային էներգետիկայի զարգացում: Ըստ Ստեփան Գրիգորյանի, այլընտրանքային էներգետիկայի զարգացումը հնարավորություն կտա գազից կախվածությունը փոքրացնել. «Գազի գինը  աճում է, դրսի խաղացողները թելադրում են իրենց խաղի կանոնները եւ այլն, բայց, եթե դու կախվածությունը իջեցնում ես, գազ վաճառողները հաշվի են նստում քեզ հետ»:

Տիգրան Մելքոնյանն ի պատասխան ասաց, որ կառավարությունը մտադիր է արտադրվող էլեկտրաէներգիայի հաշվեկշռում մինչեւ 15 տոկոս հասցնել արեւային էներգետիկան:

Ասաց նաեւ, որ կառավարությունն ընդունել է էներգետիկայի բնագավառի ռազմավարության զարգացման ծրագիրը՝ մինչեւ 2040 թվականը, որտեղ ամրագրվել է վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարները՝ արեւային, հողմային էներգետիկաների, եւ էներգախնայողության մյուս ոլորտներում:

Նա ասաց, որ օրենքներում արդեն իսկ փոփոխություններ են անում. Օրինակ՝ պետական գնումներում պարտադիր պահանջ է, որ էլեկտրական լամպերը եւ օդորակիչները պետք է բավարարեն պահանջներին, որը կբերի պետական ծախսերի էական նվազման:

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930