Հայաստանում արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռն ավելանում է, նվազում է արտահանումը, ավելանում է ներմուծումը, Հայաստանի տնտեսությունն ավելի շատ սպառում է, քան արտադրում։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի տնտեսությունը սպառվում է։
Այս պայմաններում, կառավարության պաշտոնյաները հանգիստ խոսում են ինչ- որ դիվերսիֆիկացիայի մասին, դեմքի հանգիստ արտահայտությամբ խոսում են այն մասին, թե գազի գնի բարձրացումը դիտարկում են որպես ռիսկային սցենար եւ նախատեսել են դրա փոխհատուցման միջոցներ։ Կարող է ստեղծվել տպավորություն, թե այդ միջոցները նախատեսում են իրենց գրպանից, բայց իրականում՝ խոսքը հարկատուների գրպանից նախատեսվող միջոցների մասին է։ Իրենց գրպանում միջոցները միայն ավելանում են։ Ինչպես գիտենք, նախատեսում են ավելացնել նախարարների ու վարչապետի, պատգամավորների աշխատավարձերը՝ գրեթե կրկնակի։
Թեեւ, կարող են ասել, որ փոխհատուցումը իրենց գրպանից է, նշելով, որ կարող էին եւ գազի գնի հնարավոր բարձրացումը փոխհատուցելու փոխարեն, այդ փողն էլ դարձնել իրենց աշխատավարձ, բայց չեն անում։ Հետո կասեն, որ գազի ցածր գինը թոկ էր Հայաստանի անկախության ու ինքնիշխանության վզին, որից ազատվելով՝ պարզապես հերոս հարկատուները դառնում են անկախ ու ինքնիշխան հերոսներ։ Հետո կառաջանա փորձագետների, կամ՝ հերոս փորձագետների մի պլեադա, որ դեմքի լուրջ արտահայտությամբ կբացատրի, որ գազի գինն իրականում բարձրացել էր դեռեւս 90-ականներին, եւ առհասարակ՝ Ալմա Աթայի հռչակագրի պրեամբուլայով ֆիքսված է գազի բարձր գին, իսկ Ռուսաստանը գինը ցածր էր սահմանել նախկինների հետ հանցավոր համաձայնությամբ եւ Հայաստանի անկախության հանդեպ չարամիտ դիտավորությամբ։
Նրանցից որոշները կգնան ավելի հեռու, հայտարարելով, որ գազի գինն էժանացրել էր ԿԳԲ-ն եւ ով ուզում է, որ Հայաստանը ստանա էժան գազ՝ ԿԳԲ գործակալ է։
Կարդացեք նաև
Կասկածո՞ւմ եք։ Իզուր։ Հայաստանում արդեն վաղուց մի իրավիճակ է, երբ պետք է կասկածել միայն ողջախոհության, տրամաբանության դրսեւորումների դեպքում։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով




















































Excellent, the author described an Animal Farm type scenario. I suggest an article on the similarities between today’s Armenia and Orwell’s Animal Farm 😉