Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման վարքագիծն անթույլատրելի է»․ Բաբկեն Թունյանը՝ ընդդիմադիրների քաղաքական բոյկոտի մասին

Նոյեմբեր 18,2021 11:53 Share

ԱԺ լիագումար նիստում այսօր քննարկվող նախագծերից մեկի զեկուցման ժամանակ բացակայում էր օրինագծի հարակից զեկուցող, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։ Ամբիոնին պետք  է մոտենար տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը, սակայն նա եւս դահլիճում չէր։

Հիշեցնենք, որ ընդդիմությունը բոյկոտել էր այս նստաշրջանը։

Ամբիոնին մոտեցավ հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը։ «Մենք այս ընթացքում ունեցել ենք բյուջեի, նախագծերի քննարկումներ, հանձնաժողովի արտահերթ նիստ։ Նման վարքագիծն անթույլատրելի է։ Ես հասկանում եմ քաղաքական բոյկոտի իմաստը, բայց հանձնաժողովներում անթույլատրելի է աշխատանքը հնարավոր ձախողմանը տանելը»,-հայտարարեց Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքով՝ տնտեսական հարցերի հանձնաժողովն ունի փաստացի նախագահ, բայց վերջին շրջանում սեփական ուժերով են աշխատում․ «Անկախ քաղաքական հարցերից՝ հանձնաժողովները պետք է մասնագիտական լինեն, հիմնվեն չեզոք դիրքորոշման վրա։ Ընդդիմադիր գործընկերներին կոչ եմ անում վերանայել մոտեցումները, այլապես դա կդիտվի աշխատանքային պարտականությունների չկատարում՝ իր հնարավոր հետեւանքներով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել