Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակով վնասել էր 90-ամյա կնոջ ձեռքը, պոկել ոսկյա ականջօղերը, վզնոցն ու կախազարդը. Վաղաշենի բնակչի նկատմամբ ավազակություն կատարելու գործն ուղարկվել է դատարան

Նոյեմբեր 25,2021 15:50

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վաղաշեն համայնքի 90-ամյա բնակչուհու նկատմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Վաղաշեն համայնքի 46-ամյա բնակիչը, օգտվելով համագյուղացի կնոջ միայնակ և անօգնական վիճակից, գույքը հափշտակելու դիտավորությամբ, բժշկական դիմակով դիմակավորված, հարձակվել է 90-ամյա կնոջ վրա և նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, սառը զենք չհանդիսացող դանակով վնասել է կնոջ ձեռքը, պոկել ոսկյա ականջօղերը, վզնոցն ու կախազարդը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և զգալի չափերով գույքային վնաս:

Այդ ընթացքում դեպքին ականատես հարևանուհին քարեր է նետել հիշյալ տղամարդու ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930