Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Բա մի շաբաթ ո՞վ պետք է լինի երկրի նախագահը, մի շաբաթ ո՞վ պետք է իր սահմանադրական լիազորությունները կատարի, եթե նա հիմա հանրապետությունից բացակայում է»

Հունվար 24,2022 15:08

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով երեկ հրապարակված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին՝ ասաց «Հանրապետության նախագահը փախել է Հայաստանից: Ես կարծում եմ, որ իրավապահ մարմինները հիմա պետք է շտապ հետախուզում հայտարարեն եւ նրան ուղղակի բերման ենթարկեն: Որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել, հրաժարականի հետ կապ չունի: Հրաժարական կարող էր լինել այն դեպքում, եթե նա գտնվեր Երեւանում եւ պատշաճ ընթացակարգերով, օրենքով սահմանված ձեւով՝ գրավոր, ստորագրված դիմումը ներկայացներ Ազգային ժողովին, անհրաժեշտության դեպքում ներկայանար Ազգային ժողով, հանդիպեր քաղաքական գործիչների հետ: Բայց այդպես չի եղել: Այսօր Ազգային ժողովի նախագահն էլ հայտարարեց, որ նրա հրաժարականը մի շաբաթ կմնա առկախ, որ նա մի շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու:

Հարց է առաջանում. բա մի շաբաթ ո՞վ պետք է լինի երկրի նախագահը, մի շաբաթ ո՞վ պետք է իր սահմանադրական լիազորությունները կատարի, եթե նա հիմա հանրապետությունից բացակայում է: Ընդ որում, նա հանրապետությունից բացակայում է հունվարի 14-ից: Նա հունվարի 14-ից մեկնել է Միացյալ Արաբական Էմիրություններ եւ Երեւան չի եկել: Հիշեք մամուլի հաղորդագրությունները. հունվարի 18-ին նախագահական աշխատակազմը հայտարարեց երբ ավարտվեց այցելությունը, ասաց, որ հանրապետության նախագահը առողջական խնդիրների պատճառով գտնվում է կարճատեւ արձակուրդում: Միացյալ Արաբական Էմիրություններից միանգամից փախել է Լոնդոն: Ես նայել եմ: Նրա նախորդ այցը ՄԱԷ եղել է կառավարական օդանավով, երբ որ հետ գալու մտադրություն է ունեցել: Այս անգամ նա Միացյալ Էմիրություններ գնացել է սովորական չվերթով: Այսինքն, գնացել է այնտեղ, այնտեղից էլ տոմս է առել, փախել Լոնդոն:

Կիրակի օրը աշխատանքային օրվա ավարտից հետո արձակուրդում գտնվող հանրապետության նախագահի, որը իրեն արձակուրդից էլ հետ չի կանչել, նախագահական կայքում տեղեկություն է տարածվում իր, այսպես կոչված, հրաժարականի մասին: Հետո էլ ժամը 11-ի դրությամբ Ազգային ժողովը հաստատում է, որ ստացվել է հանրապետության նախագահի դիմումը:

Ես ուզում եմ հասկանալ. գիշերը 11-ին, կիրակի օրը, արձակուրդում գտնվող հանրապետության նախագահի դիմումը նախագահի աշխատակազմի ընդհանուր բաժնից ո՞վ է ելից համար դրել, ուղարկել: Ազգային ժողովի կայքում ո՞վ է այդ գրությունը ստացել, գրանցել, փոխանցել ԱԺ նախագահին, նաեւ մամուլի ծառայությանը, որ մամուլը հայտնի»,- ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31