Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանն այցելել է Լյուքսեմբուրգի համալսարան

Հունվար 26,2022 09:12

Հունվարի 25-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտոր Ստեֆան Պալաժի ուղեկցությամբ շրջայց է կատարել Լյուքսեմբուրգի համալսարանում և ծանոթացել հաստատության հետազոտական և կրթական ծրագրերին։ Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության և դասախոսական անձնակազմի հետ։

Անդրադառնալով երկու երկրների միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցությանը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ այն երկկողմ օրակարգի կարևոր ուղղություն է, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի կառավարության միջև մշակույթի, կրթության, երիտասարդության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրում։

«Հիմնադրման օրվանից տասնյակ հայ ուսանողներ կրթություն են ստացել Լյուքսեմբուրգի համալսարանում, և շարունակաբար ավելանում է այս հաստատությունում ուսանելու պատրաստակամություն հայտնող Հայաստանի քաղաքացիների թիվը։ Հուսով եմ, որ Երևանի պետական համալսարանի և Լյուքսեմբուրգի համալսարանի միջև ընթացող բանակցությունների արդյունքում կստորագրվի համագործակցության մասին փաստաթուղթ, որն իրավական հիմքեր կապահովի ուսանողների փոխանակման և համատեղ հետազոտական ծրագրերի համար»,- նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

ԱԳ նախարարն իր գոհունակությունն է հայտնել նաև համալսարանի տարածքում ԹՈՒՄՈ ստեղծարար կրթության կենտրոնի հյուրընկալման նախաձեռնության առնչությամբ՝ երախտագիտություն հայտնելով Լյուքսեմբուրգի համալսարանին` նախագիծն առաջ մղելու վճռականության համար: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ԹՈՒՄՈ կենտրոնի բացումը կլինի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի նշանակալի իրադարձություններից մեկը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31