Լրահոս
Օրվա լրահոսը

1 մլրդ 608 մլն դրամ կուղղվի 9 մարզեր՝ սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար

Փետրվար 03,2022 16:24

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի  որոշմամբ ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով ՀՀ մարզպետարաններին կհատկացվի 1 մլրդ 608 մլն դրամ: Սուբվենցիոն ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես՝ փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը,  խոսքը 46 համայնքների 62 ծրագրերի մասին է:  Ըստ այդմ՝  Արագածոտնի մարզում նախատեսվում է իրականացնել 14 ծրագիր՝ 194 մլն դրամ ընդհանուր գումարով: Այդ ծրագրերից ամենախոշորն Ապարան համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատումն է, որի ծախսը կազմում է շուրջ 133 մլն դրամ: Արարատի մարզպետարանին  կհատկացվի 94 մլն դրամ՝ 5 ծրագրի համար. ամենախոշորը՝  Նոր Խարբերդի ասֆալտապատման ծրագիրն է ՝ 59 մլն դրամ: Շիրակի մարզում կիրականացվի 2 ծրագիր. ամենախոշորը՝ Գյումրու 8 փողոցների և մեկ հրապարակի հիմնանորոգումն է՝ շուրջ 296 մլն դրամ:  Արմավիրի մարզում կիրականացվի 28 մլն  դրամի  1 ծրագիր, Գեղարքունիքում՝  254 մլն դրամի 14 ծրագիր, Լոռու մարզում՝ 184 մլն դրամի 11 ծրագիր, Կոտայքի մարզում 374 մլն դրամի 9 ծրագիր, Վայոց ձորի  մարզում՝ 77 մլն դրամի  5 ծրագիր, Տավուշում՝  52 մլն դրամի 1 ծրագիր:

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ-ում արձանագրված  ժողովրդավարության լուրջ առաջընթացին՝ ընդգծելով. «Կարևոր է, որ ոչ թե կառավարությունը կամ քաղաքական մեծամասնությունն են այդ առաջընթացն  արձանագրում, այլ՝ միջազգային հանրությունը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նախորդ շաբաթ ընդունվեց Հայաստան-Եվրոպայի խորհուրդ հարաբերությունների պատմության մեջ նախադեպը չունեցող բանաձև, որում արձանագրվում էր Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շատ էական առաջընթացը: Թեմայի հետ կապ ունի այնքանով, որ, բարեբախտաբար, ՀՀ ՏԻՄ ընտրություններում հաղթում են ոչ միայն իշխող կուսակցության, այլև ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ»:

 Վարչապետը նշել է նաև, որ  ՀՀ կառավարությունը 2018 թվականից սկսած արդեն մոտ 300 մլն դոլարի չափով հատկացումներ է արել ՏԻՄ-երին: «Ընդ որում կառավարությունը երբեք չի առաջնորդվել, թե որ համայքնում որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է ղեկավար: Սա ստուգելի և ապացուցելի փաստ է: Բայց ժամանակ առ ժամանակ տեսնում եմ միտումներ, որ համայնքների ներկայացուցիչները փորձ են անում ներկայացնել, թե սուբվենցիաների շրջանակում նախատեսվող ծրագրերը իրականացվում են ի հեճուկս կառավարության: Ասենք՝ կառավարությունը դիմադրում է, իրենք էլ, հաղթահարելով կառավարության դիմադրությունը, ենթակառուցվածքային, տրանսպորտային և այլ  բարեփոխումներ են իրականացնում: Կարծում եմ՝ այն համեստությունը, որ այս ընթացքում մենք ձևավորել  և ցուցաբերել ենք, այլևս տեղին չէ: Սուբվենցիոն ծրագրերի գործունեությունը, բովանդակությունը պետք է հստակ ներկայացվի հանրությանը, որովհետև մենք ծրագրեր ունենք, որտեղ կառավարության ֆինանսավորման բաժինը ընդհուպ հասնում է 70 տոկոսի: Մենք ստեղծել ենք մի մեխանիզմ, որպեսզի ՏԻՄ-ին հնարավորություն չտանք ասելու՝ փող չկա: Սուբվենցիան ուղղակի ինչ-որ բան կառուցելու համար գումար հատկացնել չէ, կառավարությունը սուբվենցիոն ծրագրով քաղաքականություն է իրականացնում: Մենք նաև վերանորոգումների տրամաբանությունից զարգացման տրամաբանություն ենք ուզում ներդրել ամբողջ հանրապետությունում՝ Երևանից սկսած հանրապետության ամենահեռավոր համայնքով ավարտած: Եվ ես շատ եմ կարևորում, որ այս աշխատանքը ճիշտ լուսաբանվի և ներկայացվի:

 Ընդ որում, մենք գույքահարկի համակարգում արված փոփոխություններով նաև ՏԻՄ-ի կարողությունն ենք ավելացրել: Մյուս կողմից, վերջերս ընդունած օրենսդրական փոփոխություններով, նաև հանքարդյունաբերության ոլորտի շահույթներից ենք որոշակի հատված ուղղել ՏԻՄ: ՏԻՄ ընտրություններում ժողովրդավարությունը լիարժեք ապահովելով՝ հնարավորություն ենք տվել, որպեսզի ՏԻՄ ղեկավարներն ուղիղ պատասխանատվության հարաբերություններ ունենան սեփական ընտրողների հետ: Եվ սա շատ կարևոր հանգամանք է: Եվ եթե մինչև այս համակարգի ներդրումը համայնքի ղեկավարներն ավելի շատ դեմքով ուղղված էին դեպի կառավարություն, ապա հիմա նրանք դեմքով ուղղված են դեպի իրենց ընտրողները: Եվ սա շատ կարևոր ինստիտուցիոնալ ձեռքբերում է»,-ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ  համայնքներում չկա որևէ նկատելի, էական փոփոխություն,  որը կառավարության քաղաքականությամբ չի արվել:

Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել 2020-2021 թթ. իրականացված ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, 2020 թ. ամենամեծ ծրագիրն իրականացվել է Սիսիանում՝ 1 մլրդ 929 մլն, որից կառավարության մասնաբաժինը եղել է 1 մլրդ 157 մլն,  Քաջարանում՝ 1 մլրդ 686 մլն դրամ,  կառավարության մասնաբաժինը՝  1 մլրդ 180 մլն դրամ, Գյումրիում՝ 965 մլ դրամ, որից 580-ը տրամադրել է կառավարությունը և այլն: Նախարարը նկատել է նաև, որ  այն համայնքներում, որտեղ իրականացվել են 2020 թ. ամենախոշոր 10 սուբվենցիոն ծրագրերը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը  ղեկավար չի ունեցել: «Մենք ընդամենն առաջնորդվել ենք նրանով, որ բոլորը  մեր բնակիչներն են, բոլորի խնդիրները մերն են  և քաղաքական որևէ հարց չենք դրել համայնքի խնդիրները լուծելիս,– ասել է նախարարը:

Ապարանում կհիմնվի բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր. գործադիրը հաստատել է ներդրումային ծրագրի իրականացման փուլերի ժամանակացույցի մասին պայմանագրի ձևը

 Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 29-ի համապատասխան որոշմամբ հավանության արժանացած «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման փուլերի ժամանակացույցի մասին պայմանագրի ձևը: Ըստ հիմնավորման՝ ծրագիրը միտված է հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:

«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը կիրականացվի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում: Ընկերությունը Եղիպատրուշ գյուղում նախատեսում է հիմնել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր։ Ծրագիրը միտված է հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության շրջանում առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը: Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ամեն ինչ արվելու է, որ հաջորդ տարի լեռնադահուկային ավանը սկսի աշխատել: Նախարարը տեղեկացրել է նաև, որ այսօր «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ընկերությունը պայմանագիր է կնքել ավստրիական Doppelmayr ընկերության հետ՝ 24 մլն եվրո արժողությանբ ճոպանուղու ձեռքբերման համար:

Անդրադառնալով ներդրումային ոլորտին ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախորդ տարվա առաջին 10 ամիսների վիճակագրության համաձայն օտարերկրյա ուղիղ ներդրումների բավական տեսանելի աճ է արձանագրվել. «Իհարկե, բացարձակ թվով  այն նշաձողը չէ, որը մենք դրել ենք, բայց, այնուամենայնիվ, դինամիկան կա և պետք է օգնենք, որ այն շարունակվի» :

Կառավարությունը բավարարել է  նաև «Ռոյալ գլաս գրուպ» \ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող մրգատու ծառերի տնկիները նախատեսվում է գործող այգիների  հարակից տարածքում մեկ երկու տարիների ընթացքում հիմնել ևս շուրջ 20 հա պտղատու այգիներ: Այգիների ընդլայնման արդյունքում կգրանցվի արտահանման ծավալների աճ և արտահանման շուկաներում ավելի մրցունակ կդառնա արտադրանքի գինը: Արտահանման ծավալների ընդլայնումը կնպաստի արտահանման շուկաներում հայկական խնձորի և ընդհանրապես հայկական արտադրանքի դիրքի ամրապնդմանը, կայուն մատակարարման ապահովմանը և արտադրանքի նկատմամբ վստահության ավելացմանը: Մրգերի մեծ ծավալով արտադրությունը հնարավորություն կտա ավելի մատչելի դարձնել խնձորի  գինը տեղական շուկայում, ինչպես նաև մեղմել դրանց գների սեզոնային տատանումները: Արդեն իսկ իրականացվել է 807 մլն դրամի ներդրում, նախատեսվում է՝ ևս 300 մլն դրամի ներդրում՝ պտղատու այգիներ հիմնելու նպատակով։ Ծրագրի շրջանակում կստեղծվի 10 նոր աշխատատեղ` մինչև 140,000 դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի 50-80 տոկոսը նախատեսվում է արտահանել: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 50 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.5 մլն դրամ:

Մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն:  Ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է պոլիէթիլային ջերմակցման թաղանթի արտադրության համար: Արդեն իսկ իրականացվել է 70.7 մլն դրամի ներդրում ջերմակցված թաղանթ փաթեթավորող սարքի ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3.9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 3 նոր աշխատատեղ` մինչև 285,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել ԱՄՆ, ԱՄԷ, ԵՄ, Վրաստան  և այլ երկրներ:Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 249.6 մլն դրամ:

Միջազգային համագործակցություն

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Արձանագրության կնքումը հնարավորություն կտա համատեղ և համակարգված քայլեր իրականացնել կողմերի տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման հարցերում: Կողմերի տարածքներում առանց թույլտվության գտնվող անձանց վերադարձի առնչությամբ Հայաստանի և Բելառուսի համապատասխան մարմինների միջև գոյություն ունեցող համագործակցությանը տալ իրավաբանական ձևակերպում` համաձայնագրով սահմանելով, իսկ կիրարկման արձանագրությամբ կոնկրետացնելով կողմերի իրավասու մարմինները, սահմանի հատման կետերը, փաստաթղթերի ցանկը, հետընդունման դիմումի ներկայացման կարգը, ձևը, ժամկետները և այլն:

Հավանություն է  տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը և անտառային տնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկատիրությունները, տրանսպորտը ու ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները, թվայնացումը և այլն։ Տվյալ համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը:  Համաձայնագրով նախատեսվում է նաև համատեղ աշխատանքային խմբի  ստեղծումը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28