Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ սպանություններ տեղի ունեցան Շիրակի մարզում․ դատախազը ներկայացնում է հանցագործությունների պատկերը

Փետրվար 16,2022 17:32

Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե 2021 թվականին հանցագործությունների ինչպիսի՞ պատկեր ենք ունեցել Շիրակի մարզում. քանի՞ ծանր հանցագործություն է կատարվել, նախորդ տարվա հետ համեմատ՝ ավելացե՞լ է, թե՞ պակասել թիվը։ Մենք նաև հարցրեցինք, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դատախազության կողմից դրանց բացահայտման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

-2021 թվականի ընթացքում Շիրակի մարզում արձանագրվել է հանցագործությունների 1324 դեպք, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 65-ով կամ 5,2%-ով:

Հանցագործությունների աճի պայմաններում աճել է նաև բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 67.7% ՝նախորդ տարվա 61.1%-ի դիմաց։

Նվազում արձանագրվել է առանձնապես ծանր հանցագործությունների առումով՝ 2020թ. 20 նման դեպքերի դիմաց՝ 2021թ. արձանագրվել է 10 դեպք, այսինքն՝ նվազումը կազմել է 50 %: Ընդ որում, առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումը կազմել է 77.8 %՝ 2020թ. 53.3 %-ի դիմաց:

16.9 %-ով նվազել են ծանր հանցագործությունները, փոխարենը միջին ծանրության հանցագործություններն ավելացել են 8.5%-ով։ Նշված բնույթի հանցագործությունները հիմնականում աճել են մարդու, հասարակական անվտանգության կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների հաշվին:

Հանցագործությունների դեմ պայքարը մեծապես կախված է կանխարգելիչ և հակազդող միջոցառումների, ինչպես նաև քրեական վարույթների շրջանակներում իրականացվող քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունավետությունից: Բոլոր այս ուղղությունները դատախազության ակնդետ ուշադրության կենտրոնում են: Ավելին, մենք ձգտում ենք դատախազական ներգործության բոլոր հնարավոր միջոցներով նպաստել հանցագործությունների արագ բացահայտմանը, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունների կատարմանը: Մասնավորապես, մեր կողմից մեծ ուշադրություն է դարձվում հանցագործությունները ծնող պատճառների վերացման հարցում հետևողականության դրսևորմանը:

Օրինակ՝ 2021թ.-ին դատախազության դատախազների կողմից այդ նպատակով, ելնելով կոնկրետ քրեական գործերով ձեռք բերված փաստական տվյալներից, 61 միջնորդագիր է ուղարկվել պատկան մարմիններին կամ կազմակերպություններին:

Դրանց արդյունքում առանձին ուղղություններով ուժեղացվել է ոստիկանության հսկողությունը, իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձինք ենթարկվել են կարգապահական տարբեր պատասխանատվության միջոցների:

Բացի այդ, քրեական գործերով քննությունների օպերատիվությունը, որակը և արդյունավետությունն ապահովելու նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից 2021թ. 104 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին տրվել է 105 գրավոր ցուցում, իսկ 53 քրեական գործով տրվել է 53 ցուցում բովանդակող հանձնարարական: Հետաքննության մարմիններին տրվել են ընդհանուր 43 հանձնարարականներ, որոնք վերաբերվել են ընթացիկ քրեական գործերով հանցագործության բացահայտման աշխատանքներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ակտիվացնելուն, նախաքննական մարմնի հետ սերտ համագործակցությունն ապահովելուն:

Առանձնահատուկ դեպքերում կիրառվում են նաև դատախազական ներգործության առավել խիստ միջոցներ: Օրինակ՝ 2021թ. կայացվել է նախաքննություն իրականացնող անձին վարույթից հեռացնելու 8 որոշում: Բացի այդ, ներկայացվել է ծառայողական քննություն անցկացնելու 53 միջնորդություն, որոնցից 40-ն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն, 3-ը՝ ՀՀ քննչական կոմիտե, 1-ը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն, 2-ը ՀՀ ԱՆ քրեակատարողական բժշկության կենտրոն և այլն։ Ծառայողական քննությունների արդյունքում թվով 11 անձինք ենթարկվել են տարբեր կարգապահական տույժերի:

-Խնդրում ենք անդրադառնալ նաև նախորդ տարի կատարված սպանություններին:

-2021թ. Շիրակի մարզում արձանագրվել է սպանության 5 և սպանության փորձի 2 դեպք, որոնք բացահայտվել են:

Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ նշեմ, որ խոսքը մասնավորապես վերաբերում է 2021թ. թվականի մարտի 15-ին առանձին դաժանությամբ Ռաֆիկ Մնացականյանին սպանությանը, որում մեղադրվում է Գյումրի քաղաքի բնակիչ Հ. Թ.-ն, 2021 թվականի մարտի 27-ին Գյումրի քաղաքի բնակիչ Գևորգ Դադրանյանի սպանությանը, որում մեղադրվում է Երևան քաղաքի բնակիչ, անչափահաս Դ. Վ.-ն, 2021թ.-ի ապրիլի 20-ին կատարված Լիաննա Վարդանյանի սպանությանը, որում մեղադրվում է նրա ամուսինը՝ Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Մ.-ն:

Այս 3 գործերն էլ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Մյուս դեպքերը՝ 2021թ. սեպտեմբերի 24-26-ն ընկած ժամանակահատվածում՝ չպարզված օրը Ցողիկ Մադոյանի սպանությունը, որում մեղադրվում է նրա դուստրը՝ իր հետ համատեղ բնակվող Կ. Մ.-ն, ինչպես նաև 2021թ. դեկտեմբերի 28-ին Գյումրի քաղաքի Բագրատունյաց 2/11 հասցեում գտնվող խանութ-սրահում Անահիտ Իսկանդարյանին սպանելու դեպքը, որում մեղադրվում է Գ. Մ.-ն, գտնվում են նախաքննության փուլում:

Արձանագրված սպանությունների դրդապատճառների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց մեծ մասը կատարվել են կենցաղային բնույթի հարցերի պարզաբանման ընթացքում ծագած վիճաբանությունների պատճառով: Մեկ դեպքում՝ այսպես կոչված, արդարությունը սեփական ձեռքերով վերականգնելու դրդապատճառով, իսկ մեկ դեպքում էլ սպանությունը կատարվել է հոգեպես ոչ առողջ, անմեղսունակ անձի կողմից:

Ցանկանում եմ շեշտել, որ յուրաքանչյուր դեպքով վեր են հանվում դրանց ծնող, նպաստող պատճառները, պայմանները, որոնք ենթարկվում են մանրամասն ուսումնասիրության:

Չնայած արձանագրված սպանության դեպքերի քանակին՝ իրավիճակը վերահսկելի է: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ հանցագործությունները կանխարգելելու ուղղությամբ:

-Կատարված սպանությունների մեջ հիշատակեցիք նաև Ամանորին ընդառաջ Գյումրու կենտրոնում տեղի ունեցած դաժան սպանությունը. օրը ցերեկով իր խանութում կտրել էին Անահիտ Իսկանդարյանի կոկորդը։ Որպես նախնական վարկած՝ շրջանառվեց նրա հետ փողային հարաբերությունները ունենալը։ Սակայն սա գյումրեցիներից շատերի մոտ անհավատալի թվաց այն առումով, որ տարիներ առաջ իր նշանադրության օրը դաժանաբար սպանել էին նրա որդուն՝ Կարեն Եսայանին, և մայրը մինչև իր սպանությունը փորձում էր սեփական հետաքննությունն անցկացնել ու բացահայտել որդու սպանության իրական հանգամանքները։ Ի՞նչ ընթացքում է այս գործը, արդյոք կա՞ն այլ վարկածներ սպանության։

-Հիշյալ քրեական գործով կատարվում է նախաքննություն, 1 անձի առաջադրված է մեղադրանք, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանավորումը:

Ինչ վերաբերում է Անահիտ Իսկանդարյանի սպանության վարկածներին, ապա գործի քննության ընթացքում առաջ են քաշվել մի քանիսը, որոնք հաստատելու կամ հերքելու ուղղությամբ ձեռնարկվում են համագործակցված դատախազական, քննչական և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ: Ձեռնարկվող միջոցառումները հրապարակելը նպատակահարմար չէ, իհարկե, ելնելով նախաքննության շահերից:

Քրեական գործով մի շարք քննչական և դատավարական գործողություններ կատարելու, ինչպես նաև մի շարք հանգամանքներ օպերատիվ եղանակով պարզելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու համար քրեական գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից նախաքննության և հետաքննության մարմիններին տրվել են գրավոր ցուցումներ:

 -Շիրակի մարզը տարիներ շարունակ պաշտոնապես համարվում է ամենաաղքատը, իսկ աղքատությունը երբեմն պատճառ է դառնում գողությունների կատարման։ Ի՞նչ պատկեր ունենք այս առումով, ավելացե՞լ է, թե՞ նվազել գողությունների թիվը։ Բնակարանային գողությունների բացահայտման ի՞նչ ցուցանիշ ունենք։

-2021թ. ընթացքում մարզում արձանագրվել է գողության 212 դեպք՝ նախորդ տարվա 252 դեպքի դիմաց, այսինքն` դեպքերը նվազել են 40-ով կամ 15.9%-ով: Ընդ որում՝ աճել է բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 47.2 % նախորդ տարվա 39 %-ի դիմաց:

Նախորդող տարվա 65 դեպքի դիմաց 2021թ. գրանցվել է բնակարանային գողությունների 37 դեպք: Այսինքն` ունենք նվազում 28 դեպքով կամ 43.1%-ով։

Խիստ կարևոր համարելով բնակարանային գողությունների բացահայտման և նախականխմանն ուղղված միջոցառումները՝ դատախազության նախաձեռնությամբ դեռևս 2019 թվականին իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ, որոնք ևս նպաստել են գողությունների թվաքանակի նվազմանը:

Մասնավորապես՝ գրություններ են հասցեագրվել Շիրակի մարզպետին և ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին, որոնցով անհրաժեշտություն է համարվել հնարավորինս սեղմ ժամկետում համայնքների ղեկավարների, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար անձնակազմի հետ համատեղ քննարկել բարձրացված խնդրի լուծմանն ուղղված գործողությունները: Մասնավորապես՝ բնակարանային գողությունների համար ռիսկային համարվող քարտեզագրված բնակավայրերը, կամ դրանց թաղամասերում ուժեղացնել ոստիկանական հսկողությունը, բազմաբնակարան շենքերի մոտակայքը և դրանց մուտքերը զինել տեսախցիկներով, ինչպես նաև այդ շենքերի մուտքերի դռները կահավորել հատուկ կոդավորվող փականներով: Այն մի կողմից նպաստում է բնակարանային գողությունների թվի նվազմանը, մյուս կողմից կապահովի համայնքների բնակիչների գույքի անձեռնմխելիությունը:

Ի դեպ, նույնաբովանդակ գրություն էլ 2021 թվականի հոկտեմբերի 4-ին է ուղարկվել Գյումրու քաղաքապետին:

Կատարված հետևողական աշխատանքների արդյունքում 2021 թվականի ապրիլի 1-ից մինչ նույն թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մարզի՝ բնակարանային գողության համար որպես ռիսկային համարվող, կամ թաղերի երթուղիներ համարվող տեղանքներում՝ բազմաբնակարան շենքեր մուտք գործող խաչմերուկներ, հրապարակներ, զվարճանքի կենտրոններ, առանձնատներ մուտք գործող ճանապարհներ և այլ անհրաժեշտ վայրեր, տեղադրվել է 269 տեսախցիկ:

Այն ընդգրկում է ինչպես մարզկենտրոն Գյումրին, այնպես էլ Արթիկը, Ախուրյանը, Ամասիան, Աշոցքը:

Նաև Գյումրու քաղաքապետը մեր գրությանն ի պատասխան՝ հայտնել է, որ Գյումրի քաղաքի Անի թաղամասի 9 շենքերում տեղադրվել է 24 տեսախցիկ, իսկ շենքերի դռներին՝ կոդավորվող փականներ, 24 նախադպրոցական ուսումնական հաստատություններում տեղադրվել են տեսախցիկներ և ազդանշանային անվտանգության համակարգեր, 5 տեսանկարահանող սարքեր տեղադրվել է Գյումրու Վարդանանց հրապարակում: Բնական է, որ տեսախցիկների տեղադրումը նպաստում է նաև այլ բնույթի հանցագործությունների բացահայտմանը: Եվ մեր խնդիրն առաջիկայի համար շարունակելու է մնալ ինչպես տեսախցիկների, այնպես էլ կոդավորված փականների տեղադրման աշխատանքների շարունակումը, հսկողությունը քարտեզագրված և ռիսկային գոտիներում ոստիկանության ուժեղացված պարեկային ծառայություն իրականացնելու նկատմամբ:

-Շիրակի մարզում արդիական է նաև ավտոմեքենաներից կատարված գողությունների թեման։ Այս մասին ևս կխնդրեինք մանրամասներ ներկայացնել։

-Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2021 թվականի ընթացքում մարզի վարչական տարածքում արձանագրված՝ ավտոմեքենաներից կատարված հափշտակության դեպքերը, ինչի արդյունքում պարզվել է, որ քննարկվող ժամանակահատվածում կատարվել են գողության 23 դեպքեր։

Արձանագրված հիշյալ դեպքերի գերակշռող մասը չի բացահայտվել:

Մտահոգիչ համարելով ավտոմեքենաներից կատարված գողությունների ճնշող մեծամասնության չբացահայտված լինելու հանգամանքը՝ իմ կողմից 3 միջնորդագրեր են ուղարկվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին՝ ոստիկանության ծառայությունների աշխատանքներն ավելի ինտենսիվացնելու, ավտոմեքենաներից կատարված գողությունների համար առավել կրիմինոգեն վայրերը պարեկապահակետային ծառայության կողմից հատուկ ուշադրության տակ պահելու, գողության կամ համասեռ հանցագործության կատարման համար նախկինում դատված անձանց օպերատիվ տեսադաշտում պահելու, ինչպես նաև իրենց պարտականությունների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք դրսևորելու, հանցագործությունների բացահայտման և կանխարգելման գործում առավել հետևողական լինելու պահանջներով:

Միջնորդագրերի քննարկման արդյունքում ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի կողմից ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է գույքի հուսալի պահպանության կանոնների վերաբերյալ բնակչության շրջանում պարբերաբար տանել բացատրական աշխատանքներ, քրեաբանական վերլուծության ենթարկել արձանագրված հանցագործությունների դեպքերը՝ մանրամասն ուսումնասիրելով կատարման հանգամանքները, արտաքին ծառայության վերակարգերի երթուղիները մոտեցնել հանցագործությունների կատարման հավանական վայրերին:

Շիրակի դատախազի հետ զրուցել ենք նաեւ պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերի, առողջապահական ոլորտում արձանագրված կոռուպցիոն դեպքերի, դրանց բացահայտումների, ծանր վիրավորանք հասցնելու մեղադրանքով հարուցված քրգործերի մասին։

 

Այս թեմաներին կանդրադառնանք քիչ անց։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28