Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունն օգտագործում է այնպիսի արտահայտություններ, այնպիսի բառեր, որոնք ինձ, որպես կին պատգամավոր, համարյա ամեն օր են տհաճ». Անուշ Բեղլոյան

Մարտ 03,2022 17:25 Share

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մատով է խոսելու այն պատգամավորների հետ, որոնք հողատու կասեն իրեն ու նրանց վրա մատ թափ կտա, ուրիշ բան էլ: Դրան հաջորդեց այն, որ ընդդիմադիրները աղմկեցին ու նիստը վարող ԱԺ փոխխոսնակը դուրս հրավիրեց նրանց:

Aravot.am-ի հետ զրույցում ՔՊ պատգամավոր Անուշ Բեղլոյանն այս իրավիճակը մեկնաբանեց այսպես. «Կարծում եմ, մեր ընդդիմությունը պետք է վերադառնա կառուցողական դաշտ, դադարի նույն ելույթներն ունենալ, այդ ելույթներին եւ հարցադրումներին բազմաթիվ անգամ նույն պատասխանն է ստացել իշխող ուժից: Արդեն շուտով համարյա մեկ տարի է, որ խորհրդարանը գործում է եւ որեւէ տարբերություն այդ ելույթների չկա, նույնիսկ տեքստն է ինձ թվում է նույնը մնում: Պետք է կառուցողական դաշտ վերադառնան, սկսեն աշխատել, սկսեն անդրադառնալ առկա խնդիրներին, փորձել նախաձեռնություններով հանդես գալ ու այս պարագայում, ինձ թվում է, մթնոլորտը շատ ավելի կառուցողական ու աշխատանքային կլինի մեր խորհրդարանում»:

Հարցին՝ ձեզ համար ընդունելի՞ էր ձեր ղեկավարի այդ բառապաշարը, որպես կին պատգամավոր, որը դահլիճում նստած էր, ինչքանո՞վ էր ձեզ համար ընդունելի այդպիսի բառեր լսելը՝ Բեղլոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այն բառապաշարը, որն օգտագործում է ընդդիմությունը, շատ ավելի քննադատելի է: Քաղաքական խոսքում նույնիսկ ընդդիմությունն օգտագործում է մի այնպիսի արտահայտություններ, այնպիսի բառեր, որոնք ինձ, որպես կին պատգամավոր, համարյա ամեն օր են տհաճ: Կարծում եմ, իրենք պետք է դադարեն դա»:

Հարցրեցինք՝ կոնկրետ ո՞ր բառն է ընդդիմության օգտագործած այդքան վիրավորական ձեզ համար՝ նա ի պատասխան հորդորեց միացնել ձայնագրությունը եւ լսել, թե ինչ բառերով, ինչ արտահայտություններով ու մեղադրանքներով են հանդես գալիս:

Դիտարկմանը, որ «հողատու» են ասում ու ընդդիմությունը դա բացատրում է այսպես՝ իրերն իրենց անունով ենք կոչում՝ Բեղլոյանը արձագանքեց. «Դա իրենց երեւի կորպորատիվ կամ կուսակցական կուլտուրան է այդպիսի:  Ես չեմ ընդունում այդպիսի արտահայտությունների,այդպիսի մեղադրանքներ եւ առհասարակ այդպիսի մթնոլորտ, որն իրենք առաջին օրվանից փորձում են ստեղծել խորհրդարանում»:

Ճշտեցինք, այսինքն, դուք գտնում եք, որ համարժե՞ք են «հողատու, դավաճան» արտահայտությունները «մատս էլ թափ կտամ, ինչ պետք է թափ կտամ» արտահայտության հե՞տ՝ նա պատասխանեց. «Ես այդպիսի բան չասացի:  Իրենց պահվածքը թույլ չի տալիս ենթադրել, որ իրենք որեւէ կառուցողական կամ հարցեր լուծելու նպատակով են այստեղ եկել: Իրենք եկել են քարոզչական նպատակով եւ գեբելսյան սկզբունքի համաձայն, իրենց թվում է՝ եթե իրենք նույն տեքստը 25 հազար անգամ ասեն, դրանից այդ տեքստը ավելի ընդունելի կդառնա մեր հանրության համար: Շատ լավ հասկանալի է իրենք ինչ են անում, բայց իրենք մոռանում են, որ նույն տեսության համաձայն, եթե դու շատ նույն բանը նույն բառերով կրկնում ես, դա ուղղակի սպիտակ աղմուկ է դառնում եւ այլեւս լսելի չէ որեւէ մեկի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031