Գիշերվա ուժգին քամին, ձնաբուքը մեծ վնասներ են հասցրել Շիրակի մարզի մի քանի բնակավայրերի, ամբողջությամբ թռցրել են տների, գոմերի, մշակույթի տների ու դպրոցների կտուրներ։ Ամենաշատ վնասը հասցվել է Աշոցքի տարածաշրջանին․ գյուղերը հոսանքազրկվել էին ու թեև այժմ որոշ վայրերում հոսանքը վերականգնվել է, սակայն դեռ կան գյուղեր, օրինակ՝ Հարթաշենն ու Մուսայելյանը, Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ, Սպանդարյան, Արևշատ բնակավայրերը, որոնք դեռ խավարի մեջ են։
Վնասներ են կրել Աշոցք համայնքի Թավշուտ, Ղազանչի, Արփենի, Գոգհովիտ, Թորոսգյուղ բնակավայրերը։ Թավշուտում վնասվել է գոմի, դպրոցի, Արփենի և Ղազանչի բնակավայրերում` մշակույթի տների տանիքները։
Շիրակի մարզպետարանում ձևավորվել են երկու աշխատանքային խմբեր, որոնք, այսօր շրջայց կատարելով գյուղական համայնքներ, փորձում են հաշվարկել կրած վնասները։
Կարդացեք նաև

Արամ Անտոնյանն ու Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանն իրենց աչքով են Թորոսգյուղում տեսել, թե ինչպես է քամին պոկել տան կտուրն ամբողջությամբ, նույնիսկ տան քարային հատվածից որոշ մաս փլուզել է։ Քամին պոկել է նաև տան կտուրներում տեղադրած արևային վահանակները։

Ճիշտ է՝ Աղվորիկ չկարողացանք հասնել, որովհետև ճանապարհը փակ էր, բայց տեղեկատվություն ստացել ենք համայնքից այն մասին, որ տուն կա՝ քամին տանիքն ամբողջությամբ տարել է։ Թավշուտի բնակիչն էր զանգել, թե մեծ անասնագոմի տանիքը դարձյալ վնասվել է, այդտեղ անասնապահական ծրագիրն իրականացվում է պետական միջոցներով։ Այն նոր էր կառուցված, տանիքի՝ մոտ 500 քառակուսի մետրից 200-250 քառակուսի մետրը պոկել- տարել է»,-ասաց Արամ Անտոնյանը։
Նա ասաց, որ վնասվել է նաև Թավշուտի դպրոցի տանիքը, այնտեղից փոխանցել են, որ չափը մեծ չէ, կկարգավորեն սեփական ուժերով։
Շուտով հայտնի կդառնա Շիրակի մարզի կրած վնասի չափը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի



















































