Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլեւս մտադիր չեմ հող մշակել. բերքի ինքնարժեքը զգալի բարձրացել է, համոզված չեմ, որ կկարողանամ վաճառել». Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ

Մարտ 23,2022 21:55

Բերդ խոշորացված համայնքի բնակիչ՝ 73 ամյա  Մարո Հակոբյանն արդեն 31 տարի է՝  հող է մշակում. ունի 1,5 հեկտար հողատարածք, որտեղ հացահատիկ է ցանում։ 1,5 հեկտար ցանքսատարածությունը պարարտացնելու համար Մարո տատին անհրաժեշտ է 3 պարկ  պարարտանյութ։ Մինչ այժմ ֆերմերներն այն ձեռք էր բերում՝ 1 պարկը 6000-7500 ՀՀ դրամով. այսուհետ նա ստիպված է լինելու պարարտանյութ գնել ավելի թանկ գնով՝ մեկ պարկը՝ 22000 ՀՀ դրամ։

Պարարտանյութերի գներ Հայաստանում կտրուկ թանկացել են վերջին չորս ամիսների ընթացքում, որոշ շրջաններում հասնելով մինչեւ 24-25 հազար դրամի, ինչը, բնականաբար, մեծ դժգոհություն է առաջացրել հողօգտագործողների շրջանում։

Համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյան Մարո Հակոբյանին, իհարկե, տեղեկացրել է, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում  համայնքապետարանը հողօգտագործողներին պարարտանյութ կտրամադրի՝ շուկայականից  ցածր գներով. 1 պարկը 11000 ՀՀ դրամով: Այս նորությունը Մարո տատին շատ չի ոգեւորել. անգամ այդ գնով պարարտանյութի անհրաժեշտ քանակությունը ձեռք բերելն իր բարդ է, գրեթե անհնար, քանի որ թոշակառու է, 60 հազար դրամ թոշակ է ստանում: Երեխաները, որ առանձին են ապրում, իրեն օգնում են, բայց ինքն ամուսնուն խոստացել է՝ «քո հողերն էլ դեմ մշակիլ, քո տունդ էլ դեմ պահիլ»:

Բացի պարարտացնելը, հողը վարելու համար նաեւ պետք է վճարի, սերմացու գնի…Չնայած այդ ամենին՝ տիկին Մարոն լավատեսորեն է տրամադրված. «Մեր առօրյա կյանքը հողն է, հողը, որ չմշակես, չես ապրի: Հետո՝ հողը քեզ արդյունք միշտ տալիս է, հնարավոր չի հողը քեզ հուսախաբ անի» ։

Մանրամասները՝ տեսանյութերում

Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Սարգիս Խոջոյանն, որը նույնպես զբաղվում է գյուղատնտեսությամբ, 11 հեկտար տարածք ունի: Սարգիսը նաեւ համապատասխան տեխնիկա ունի, բայց նա էլ գոհ չէ ստեղծված իրավիճակից. պարարտանյութի սուբսիդավորման՝ պետության աջակցության ծրագրերը, վերաբերվում են մինչեւ 3 հեկտար հողատարածք ունեցողներին: Տարածաշրջանի հողօգտագործողների 90 տոկոսն ընդգրկված է պարարտանյութի սուբսիդավորման ծրագրերում, մնացած 10 տոկոս հողօգտագործողների համար պետությունը ոչ մի լուծում չի առաջարկում։

Մեր զրուցակիցը կարծում է, որ եթե պայմաններ ստեղծվեն եւ գյուղացին զբաղվի հողագործությամբ, ապա «հացի խնդիրը» Հայաստանում կլուծվի, մանավանդ հիմա, երբ Արցախից ցորեն այլեւս հնարավոր չի լինելու ներկրել, Ռուսաստանից ներկրվող ցորենի գինն էլ, ենթադրվում է, կրկին թանկացած կլինի՝պատերազմական իրավիճակներով պայմանավորված. «Ես, անձամբ, անցած տարի ցանել եմ 22 հեկտար հացահատիկ,  այս տարի ցանկանում էի ավելի ընդլայնել, նույնիսկ պատրաստվում էի  Ռուսաստանից  կոմբայն գնել։ Սակայն, պարարտանյութի թանկացումը, վառելանյութի թանկացումը, Ռուսաստանի ներկա իրավիճակը, ինձ հիասթափեցրեց։ Այլեւս մտադիր չեմ հող մշակել, քանի որ բերքի ինքնարժեքը զգալի բարձրացել է եւ, համոզված չեմ, որ կկարողանամ վաճառել։ Պետությունը պետք է շահագրգռի գյուղացուն հող մշակել»:

Որ պարարտանյութերի թանկացումը դարձել է խնդիր՝ Տավուշի մարզի Բերդ խոշորացված  համայնքի հողօգտագործողների համար, մեզ հետ զրույցում ասաց նաեւ Բերդի համայնքապետարանի գյուղատնտեսական եւ հողօգտագործողների ծրագրերի պատասխանատու Մանվել Գեւորգյանը. «Կառավարության աջակցության  ծրագրով 50 տոկոսով է ֆինանսավորվում պարարտանյութի գինը, այն էլ ոչ ավել, քան 9000 ՀՀ դրամը։ Պարարտանյութի գինը, նախկին 7-8 հազարի ՀՀ դրամի փոխարեն  կազմում է 12-13000 ՀՀ դրամ՝ ներառյալ սուբսիդավորումը։ Այսինքն, պարարտանյութի արժեքը դարձել է 21-22 000 ՀՀ  դրամ, ինչը վատ ազդեցություն է  ունեցել բնակչության գնողունակության վրա»:

Ինչեւէ, համայնքապետարանն ունի մատակարարների ցանկ, որոնց հետ այժմ պայմանավորվում են: Համայնքապետարանում զբաղված են նաեւ բնակչության իրազեկմամբ եւ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ցուցակներ կազմելով: Բնակչության, այսպես ասած, դժգոհ հատվածը, փորձում է այլ տարբերակներ գտնել. «Շուկայում կան այլ պարարտանյութեր, ավելի մատչելի,  հեղուկ պարարտանյութեր, որոնց  արտադրողականությունը, որոշ ֆերմերների կարծիքով, արդյունավետ է, չնայած փորձարկման կարիք ունի»։

 

Մանվել Գեւորգյանը  մտավախություններ ունի,  որ  այս թանկացումների պատճառով շատ հողօգտագործողներ  կդադարեն հողագործությամբ զբաղվել, արդյունքում կունենանք  ամայի թողած հողատարածքներ ու արտագաղթի ճանապարհն ընտրած բնակիչներ։

Աստղիկ Հակոբյան

Լուսանկարները՝ Ժաննա Խաչատրյանի եւ Հեղինե Ղարաբաղցյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031