Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս է ձայնագրությունը հայտնվել ոստիկանության սեղանին, համացանցում, ինչո՞ւ ոստիկանությունը որոշեց հենց այդ տեսագրությունը ներբեռնել». Ռուբեն Մելիքյան

Մարտ 25,2022 22:45

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, պատմության նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի գործի քննությունն էր: Հակոբ Գրիգորյանը Երեւանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի նախկին ուսուցիչն է: Նրան մեղադրանք է առաջադրվել 7-րդ դասարանի պատմության դասաժամին Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու համար,  մասնավորապես, հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան եւ նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:

Նախաքննության ընթացքում վկաների՝ աշակերտների ցուցմունքները եւ դատարանում նրանց տված վկայությունները հակասում էին իրար:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց Հակոբ Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ: Հարցին, թե ցուցմունքների հակասությունն ինչով եք բացատրում նա պատասխանեց. «Հրապարակային դատաքննությունը հենց դրանով է լավ: Մենք, փառք Աստծո, դեռ ունենք հրապարակային դատաքննության իրավունք եւ դատարանում ամեն ինչ ջրի երես է բարձրանում, մարդիկ կարող են իրենց հետեւություններն անել հատկապես հաշվի առնելով երեխայի գործոնը: Երեխաները առանձնահատկություն ունեն, դուք տեսաք նրանց վերաբերմունքն ինչպիսին էր առհասարակ»:

Վկաները պետք է հարցաքննվեն առանձին-առանձին, բայց, ինչպես պարզ դարձավ, քննիչի մոտ երեխաների հարցաքննության ժամանակ նրանք մենակ չեն եղել, տնօրենն էլ է ներկա եղել: Դիտավորյա՞լ են այդպես արել՝ պարոն Մելիքյանը չցանկացավ մեկնաբանել՝ ասելով, որ դեռ դատաքննություն է, դեռ վկաներ պետք է հարցաքննվեն, այդ թվում՝ ուսուցիչ Գրիգորյանը պետք է հարցաքննվի. «Կարծում եմ, այս պահին արդեն իսկ հանրությունն ունի բավարար տեղեկություններ՝ եզրահանգումներ անելու համար, բայց մենք կապահովենք, որ այդ եզրահանգումներն ավելի ամուր լինեն»:

Հարցին՝ մինչ օրս անհայտ է դեռ մնում, թե ով է ձայնագրել ուսուցին դասի ժամանակ ու տեսագրությունը ներբեռնել համացանցում, դուք ունե՞ք ձեր վարկածը՝ Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Քանի որ պետությունը չի բացատրում, թե ինչպես է դա հայտնվել, քանի որ խոսքը վերաբերվում է բարձրաստիճան պաշտոնատար անձին, այնպիսի իրավիճակին, երբ մեր երկրում առաջին դեպքը չի, երբ իշխող քաղաքական ուժի ընդդիմախոսների նկատմամբ իրականացվում են հետապնդումներ, ապա մենք լիարժեք իրավունք ունեք համարելու, որ օրինակ դա կարող է արած լինել ոստիկանությունը: Նպատակը անձին պատասխանատվության ենթարկելն է: Չի բացահայտվում առհասարակ, թե ինչպես է դա հայտնվել ոստիկանության սեղանին, դրանից առաջ համացանցում, ինչու ոստիկանությունը որոշեց հենց այդ տեսագրությունը ներբեռնել, քննարկման առարկա դարձնել եւ այլն, այն դեպքում, երբ մենք ամեն օր տեսնում ենք տարբեր օգտատերերի կողմից Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների վերաբերյալ թե՛ ատելության խոսք, թե՛ հայհոյանքներ, թե՛ թշնամանք, թե՛ սպառնալիքներ եւ այլն: Սրանք հարցեր են, որոնք այս դատավարության բուն էությունն են կազմում: Մենք սրա մասին խոսելու ենք այս դատարանում, մյուս դատարաններում, անհրաժեշտության դեպքում նաեւ՝ եվրոպական դատարանում»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Հակոբ Գրիգորյանին ընդդիմադիրների հանրահավաքների ժամանակ ֆիքսած լինեն ու այս ճանապարհով փորձեն քաղաքական հաշվեհարդար տեսնել, պատժել իր քաղաքական հայացքների համար՝ Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Գործում այդ մասին տեղեկություններ չկան: Ես չեմ էլ կարծում, որ պարոն Գրիգորյանը մասնակցել է այդ միտինգներին, համենայնդեպս, ես ինքս շատ հաճախ մասնակցել եմ ու չեմ հիշում պարոն Գրիգորյանին այդ հանրահավաքներին: Դա առհասարակ էական էլ չէ, մենք գործ ունենք մարդու հետ, որը մասնակցել է շատ ավելի կարեւոր տեղ՝ նա մասնակցել է արցախյան առաջին ազատամարտին, այնտեղ հաշմանդամություն է ձեռք բերել, հայրենիք է կորցրել: Իր փոքր հայրենիքն է Մեծ Թաղեր գյուղը, որը պղծվում է ադրբեջանցիների կողմից հենց այս պահին: Կարծում եմ, այդ մասնակցությունը շատ ավելի կարեւոր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031