Լրահոս
Օրվա լրահոսը

Մնացեք անվնաս թեմաների շրջանակներում

Ապրիլ 20,2022 10:00

Երբ «նախահեղափոխական» խորհրդարաններում հայտնի «պերսոնաժները», որոնց ընդդիմադիրներն անվանում էին «Լֆիկ», «Սասի Արտակ», «Շմայս», «Թոխմախի Մհեր» եւ այլն, փորձում էին երկու բառ ասել Ազգային ժողովի միջանցքներում, դա բոլորին զվարճացնում էր: Լրագրողները վազվզում էին նրանց հետեւից, որովհետեւ, ժամանակակից լեզվով ասած, դա «ղժժալու լավ թեմա էր»: (Ի դեպ, այդ հերոսները այլեւս զվարճալի չեն, որովհետեւ ընդդիմադիր քարոզչության համար կատարել են «հակահերոսների» իրենց գործառույթները եւ դարձել են միանգամայն «պատկառելի բիզնեսմեններ»): Բայց այդ մարդիկ, որքան էլ որոշ բնագավառներում գիտելիքների պակաս ունենային, կենցաղային տեսակետից ամենեւին էլ հիմար չէին եւ շատ լավ հասկանում էին, որ արտաքին քաղաքականությունն այնպիսի մի ոլորտ է, որի մասին իրենք իրավասու չեն խոսելու, եւ եթե ինչ-որ մի սխալ բան «բլթացնեն», իրենց «շեֆը» (Սերժ Սարգսյանը) կբարկանա: Ուստի նրանք սահմանափակվում էին «բարոյախրատական» թեմաներով, իսկ երբ լրագրողները հարցնում էին, օրինակ, Արցախյան հիմնահարցից, դիվանագիտորեն խուսափում էին պատասխանից՝ ասելով մոտավորապես հետեւյալը՝ «ինչ որ շեֆն անում է, ճիշտ է անում»: Կարճ ասած, նրանք այդքան խելք ունեին՝ հասկանալու համար, որ այդ թեմաները նրանց խելքի բանը չի:

Ազգային ժողովի այսօրվա իշխող խմբակցության պատգամավորները արտաքին քաղաքական խնդիրների մասին նույնքան են տեղյակ, որքան Շմայսը կամ Թոխմախի Մհերը: Բայց, ի տարբերություն վերջիններիս, այնքան ինքնավստահ են, որ համարձակություն ունեն խոսելու այնպիսի թեմաներից, որոնցից բացարձակապես տեղյակ չեն: Ազգային ժողովի միջանցքներում կա վտանգավոր հարցերը «ցրելու» հրաշալի միջոց՝ «գնացեք՝ դրա մասին ձեր տերերին ու պատվիրատուներին հարցրեք» (ձայնի ցասկոտ ելեւէջներով): Դա չխոսելու շատ լավ պատրվակ է՝ խորհուրդ կտայի այդ հնարքն ավելի հաճախ կիրառել՝ ընտրազանգվածին այն դուր է գալիս: Անվնաս է նաեւ հետեւյալ տարբերակը. լրագրողը, ենթադրենք, հարցնում է՝ արդյոք Արցախը պե՞տք է լինի Ադրբեջանի կազմում, դրան ՔՊ-ականը պատասխանում է՝ «բա որ նախկինները թալանում էին», կամ՝ «բա որ Սերժը Ալիեւի հետ բանակցում էր՝ Շուշին հանձնելու մասին»: Նման դատողությունները որեւէ վտանգ չեն ներկայացնում Արցախի եւ Հայաստանի համար՝ դարձյալ քաղաքացիների սրտից բխող պատասխաններ են:

Թվում է, թե կարելի է մնալ ներքին քաղաքական այս օրակարգի շրջանակներում եւ չմտնել դիվանագիտական թավուտի մեջ: Բայց ոչ՝ ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներն ավելի հավակնոտ են, քան չընտրվածները՝ չեն ուզում ընդունել, որ ինչ-որ հարցերում իրենց խելքը չի կտրում: Եվ փորձում են խոսել շատ բարդ եւ նուրբ խնդիրներից՝ դրանով իսկ վնաս հասցնելով մեր անվտանգությանը:

…Կանադացի մանկավարժ Լոուրենս Պիտերը ձեւակերպել է աշխատանքային հիերարխիայի ամենահիմնարար սկզբունքներից մեկը. «ամեն մի մարդ ձգտում է իր ոչ կոմպետենտության մակարդակին»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nimar says:

    Լոուրենս Փիթերի ձեւակերպումը հավասարապես վերաբերում է նրանց, ովքեր քաղաքական հարցերի պատասխանները փնտրում են միջանցքներում։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930