Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապահ մարմինները և ոստիկանական ուժերը պետք է հարգանք ցուցաբերեն. Դեսպաններ Լին Թրեյսիի և Անդրեա Վիկտորինի արձագանքները՝ իրավապահների գործողություններին. 168.am

Մայիս 03,2022 23:43

Նախօրեից ընդդիմադիր մի շարք ուժերի փողոցային խաղաղ անհնազանդության քաղաքացիական գործողությունների ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողները ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառում: Դրանց հետևանքով որոշ ցուցարարներ նույնիսկ մարմնական վնասվածքներ են ստացել:

Երեկ կեսօրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն գրավոր տարբերակով երկու հարց ուղղեցինք երևանյան փողոցներում արձանագրվող մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, հաշվի առնելով նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին ու ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին ուղղվող կոչերը՝ արձագանքել իրավիճակին և գնահատական տալ ՀՀ ոստիկանության գործողություններին:

«Ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ միասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մասնակցել էր Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պարեկային ծառայության մեկնարկին նվիրված տոնական արարողությանը։ Դեսպան Թրեյսին իր հրապարակային ելույթներում ժամանակ առ ժամանակ անդրադառնում է Ոստիկանության բարեփոխումներին: Կխնդրեինք, որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ Թրեյսին գնահատեր այսօր ընդդիմության խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների նկատմամբ Ոստիկանության կիրառած ուժի համարժեքությունը: Արդյո՞ք տեսանյութերում երևացող վարվելակերպը համապատասխանում է բարեփոխված ոստիկանության չափանիշներին: Տրամադրել ենք երկու դրվագի տեսանյութ, սակայն նմանատիպ տեսանյութերն այսօր բազմաթիվ են եղել»,- նշել էինք մեր առաջին հարցում:

Լին Թրեյսիին ուղղված երկրորդ հարցը երեկ փողոցներում դիմակավորված անձանց բիրտ գործողությունների մասին էր:

«Այսօր առավոտվանից ընդդիմության կողմից նախաձեռնած բողոքի ակցիաները ճնշելու համար ոստիկանությունն աննախադեպ ուժեր էր մոբիլիզացրել: Կորյուն-Հերացի փողոցների հատվածը բացելու համար ակցիայի վայր խուժեցին սև դիմակներով կասկածելի անձինք: Ոստիկանության կողմից վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է՝ ոստիկանները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Ընդ որում, պետք է լինի այնպես, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին: 168.am-ը ոստիկանությունից փորձել է ճշտել՝ արդյո՞ք սև համազգեստով, սև դիմակներով անձանց խումբը կապ ուներ ոստիկանության հետ, և եթե ուներ, ո՞ր ստորաբաժանումն էին ներկայացնում վերջիններս, սակայն ոստիկանության լրատվականից չմեկնաբանեցին: Ինչպե՞ս կգնահատեք այս փաստը, որը ևս կա տեսանյութերում»,- այսպես էինք ձևակերպել մեր հաջորդ հարցը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից 168.am-ի ուղղած երկու հարցերին պատասխանները ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Մենք ուշադիր հետևում ենք ընթացող ցույցերին։ Միացյալ Նահանգները պաշտպանում է խոսքի ազատությունը և խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը և հորդորում է կողմերին պահպանել խաղաղությունը և հարգանք դրսևորել իրավունքի գերակայության և Հայաստանի ժողովրդավարության հանդեպ»:

 

Նախօրեին 168.am-ը գրավոր տարբերակով հարցեր էր ուղղել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

– Ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ միասին մասնակցել էիք Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պարեկային ծառայության մեկնարկին նվիրված տոնական արարողությանը։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջում նշել էիք, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ոստիկանական բարեփոխումներին, որոնք ՀՀ իշխանությունների կողմից թմբկահարվում են: Կխնդրեինք, որպես ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, որպես Հայաստանում բարեփոխումների և հատկապես ոստիկանության բարեփոխումների աջակցող կողմ, գնահատեք այսօր ընդդիմության խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների նկատմամբ Ոստիկանության կիրառած ուժի համարժեքությունը: Տրամադրել ենք երկու դրվագի տեսանյութ, սակայն նմանատիպ տեսանյութերն այսօր բազմաթիվ են եղել։

– ԵՄ պատվիրակությունն այս հարցն արդեն ուղղել է իշխանություններին՝ ընդգծելով, որ կարևոր է ապահովել, որպեսզի ոստիկանները զերծ մնան անհամաչափ ուժի գործադրումից։ Ինչպես հայտնի է ԵՄ պատվիրակությանը, նշված երկու գործերով Գլխավոր դատախազությունը նախաձեռնել է հետաքննություն։ ԵՄ պատվիրակությունը սերտ կապի մեջ է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ և ուշադիր հետևում է իրավիճակին։

– Առավոտվանից ընդդիմության կողմից նախաձեռնած բողոքի ակցիաները ճնշելու համար ոստիկանությունն աննախադեպ ուժեր էր մոբիլիզացրել: Կորյուն-Հերացի փողոցների հատվածը բացելու համար ակցիայի վայր խուժեցին սև դիմակներով կասկածելի անձինք: Ազատությունից հնարավոր անօրինական զրկումը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է՝ ոստիկանները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Ընդ որում, պետք է լինի այնպես, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին: 168.am-ը ոստիկանությունից փորձել էր ճշտել՝ արդյո՞ք սև համազգեստով, սև դիմակներով անձանց խումբը կապ ուներ ոստիկանության հետ, և եթե ուներ, ո՞ր ստորաբաժանումն էին ներկայացնում վերջիններս, սակայն ոստիկանության լրատվականից չմեկնաբանեցին: Ինչպե՞ս կգնահատեք այս փաստը, որը ևս կա տեսանյութերում։

– Իրավապահ մարմինները և ոստիկանական ուժերը պետք է հարգանք ցուցաբերեն բոլոր համապատասխան օրենքների նկատմամբ և դրանց համապատասխան դրսևորեն վարվելակերպ։ Իրավունքի գերակայության նկատմամբ հավատարմությունը վերաբերելի է ոստիկանությանը ճիշտ այնքանով, որքանով հասարակության յուրաքանչյուր անդամին։ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղված ԵՄ աջակցությունը, ի լրումն այլ հարցերի, կենտրոնացել է նաև քաղաքականության վարման վրա և ոստիկանության գործողությունների համապատասխանությանը իրավունքի պահանջներին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031