Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հետևյալը. «Եթե Հայաստանի իշխող մեծամասնությունն այդ հարցին տա հստակ դրական պատասխան և համոզիչ կերպով պատասխանի նաև դրանից բխող հարցերին, ապա թույլ տվեք իմ համոզմունքն արտահայտել. եթե նման դրական պատասխանների առկայության պայմաններում մենք սկսենք նոր Սահմանադրության ընդունման գործընթացը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կգնա ընտրատեղամասեր և «կողմ» կքվեարկի դրան։ Եթե մենք ստանանք դրական պատասխաններ, իսկ խորհրդարանական ընդդիմությունը դեմ արտահայտվի, դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը։ Այդ դեպքում ընդդիմության նկատմամբ, անկասկած, կսկսի հանրային ճնշում ձևավորվել։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի իշխող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը»։
Սա իսկապես ուշագրավ հայտարարություն է թե՛ բազմաշերտ մանիպուլյացիայի, թե՛ պարունակած շանտաժի և սպառնալիքի, թե՛ նաև որոշակի մերկացումների առումով։ Հնարավոր է՝ սա ավելի հանգամանալի դիտարկման նյութ է, բայց արժե հակիրճ արտածել մի քանի հիմնական հետևություն կամ հարց։
Առաջին. եթե Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքական հարց է ու փոխկապակցված չէ Ադրբեջանի հետ հարաբերությունների, առավել ևս՝ Ալիևի պահանջների հետ, ինչի մասին բազմիցս ՔՊ ղեկավարները հրապարակային հավաստիացումներ են հնչեցրել, ապա ի՞նչ կապ ունի խաղաղությանը կողմ կամ դեմ լինելը։ Այսինքն՝ Փաշինյանը հաստատում է, որ «սահմանադրական բարեփոխումը» բացառապես թշնամական Ադրբեջանի պահանջն ու պարտադրանքն է։
Բացի փաստացի խոստովանությունից, սա նաև առանցքային մանիպուլյացիան է Փաշինյանի հայտարարության կառուցվածքում։ Այսինքն՝ նա այնպես է կառուցում մանիպուլյատիվ դատողությունը, որ ով դեմ է «ալիևյան սահմանադրության» ընդունմանը, նա դեմ է խաղաղությանը։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական շանտաժ ու սպառնալիք։ Նույն հաջողությամբ կարող են վաղն ասել, որ ով դեմ է բյուջեի նախագծին, ԹՐԻՓՓ-ին, Հայաստանից նոր տարածքներ զիջելուն, ադրբեջանական թուրքերի վերաբնակեցմանը, Ադրբեջանից ծնկաչոք ներողություն խնդրելուն (և այլն), նա դեմ է խաղաղությանը։ Ավելին, կասեն՝ ով դեմ է Նիկոլ Փաշինյանի իշխանավարմանը, նա դեմ է խաղաղությանը։
Կարդացեք նաև
Բացի այն, որ արտառոց երևույթ է, երբ երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման համար թիվ մեկ պատասխանատուն՝ օրվա իշխանությունը, Հայաստանին ու հայ ժողովրդին շարունակաբար սպառնում է պատերազմով, դեռ մի բան էլ այդ նույն իշխանությունը ուժի սպառնալիքի ճնշման տակ փորձում է հարկադրել մյուսներին, որ կայացնեն քաղաքականապես, համապետականորեն ինքնասպանվելու որոշում։ Իսկ ի՞նչ է նշանակում ուրանալ Անկախության հռչակագիրը, եթե ոչ գործնականում հրաժարվել Հայաստանի Հանրապետության ստեղծման և պետական գոյության հիմքերի հիմքից։
Գանք «հանրային ճնշմանը», որով Փաշինյանը սպառնաց ընդդիմությանը, ի դեպ, ոչ առաջին անգամ։ Վերջին ճեպազրույցում էլ նա անթաքույց ակնարկեց «հոկտեմբերի 2» անելու մասին։ Ըստ որում, այնքան ոգևորվեց, որ շփոթեց տարեթվերը, ասաց 2019…
Իրականում խոսքը 2018-ի հոկտեմբերի 2-ի իրադարձությունների մասին է, երբ երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանը հրահրեց և կազմակերպեց իր մի քանի հազար կողմնակիցների հարձակումը ոչ քպական ԱԺ-ի վրա։ Դասական քաղաքագիտական մոտեցմամբ՝ դա պետական հեղաշրջում էր և իշխանության յուրացում։ Բայց հազիվ թե նման «մանրուքները» կարող էին կանգնեցնել փողոցային եղանակով իշխանությունը զավթած Փաշինյանին։
Եվս մեկ «հեղաշրջումային» դրսևորում եղավ 2019-ի մայիսին, երբ էլի գործադիր իշխանության և քպական «կարկառունների» ակտիվ մասնակցությամբ իրականացվեց հարձակում դատական իշխանության վրա։ Պետք է հիշատակել նաև Սահմանադրական դատարանի գրավումը։
Այնպես որ, «հանրային ճնշումով» հարցեր լուծելու, ընդդիմախոսներին ճնշելու, օրենքով չնախատեսված իշխանական լիազորություններ յուրացնելու գործելակերպը նորություն չէ Փաշինյանի համար։
Այլ հարց, որ վաղուց 2018 թվականը չէ, իսկ 8 տարվա ընթացքում անվերջ աղետներ, սարսափելի կորուստներ, ողբերգություններ ու հազարավոր մահեր բերած իշխանությունն էլ չունի այն հանրային աջակցությունը, որով ճնշի։ Այստեղից էլ՝ «խաղաղությանը դեմ լինելու» հնամաշ, հանրությանն արդեն հոգնեցրած շանտաժը։
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում



















































