Civilnet. Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 3-ին մամուլի ասուլիսին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանը ուղեկցող ճանապարհային ոստիկանության մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքին։
Երևանի Լեո-Պարոնյան խաչմերուկում ապրիլի 26-ին տեղի ունեցած դեպքից հետո հատկապես մեծ քննադատություն էր առաջացրել փաստը, որ ո՛չ կնոջը հարվածող մեքենան, ո՛չ էլ ավտոշարասյան մյուս մեքենաները չէին կանգնել և օգնություն ցուցաբերել։ Ոստիկանությունն այս մասով որևէ պարզաբանում չէր տվել։
Թեմայի վերաբերյալ «պարզաբանումներով» հանդես էր գալիս վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, որը ապրիլի 27-ին ֆեյսբուքյան իր էջում պնդել էր, թե երկրների ղեկավարների շարասյանը ուղեկցող մեքենաները վրաերթի դեպքում իրավունք չունեն կանգ առնելու չնախատեսված տեղում։
«Նաև նման հանգամանքների հաշվառումով՝ ըստ աշխատանքի միջազգայնորեն ընդունված կանոնակարգի՝ երկրների ղեկավարների շարասյունը ուղեկցող [տվյալ դեպքում՝ ՃՈ] մեքենաներն իրավունք չունեն չնախատեսված տեղում կանգ առնելու՝ անգամ պատահարների դեպքում»,- պնդել է Չախոյանը և մինչ օրս չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ կարգավորումների մասին է խոսքը։
Կարդացեք նաև
Չախոյանի այս պնդումները մայիսի 3-ին փաստացի հերքել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ պնդելով, որ որևէ արարողակարգ և կանոն նման բան չեն սահմանում։
«…Կոնկրետ դեպքում ցավալի է տեսնել, որ ուղեկցող ծառայությունը ուղղակիորեն չի կանգնում, երբ նման դեպք է տեղի ունենում: Սա որևէ արարողակարգով կամ կանոնով կարգավորված չէ: Առնվազն մինիմալ հումանիզմ է, որ առաջին հերթին պետք է օգնություն ցույց տալ և հնարավորության դեպքում կնոջ ու երեխայի կյանքը փրկել»,- ասել է Գրիգորյանը (20:56-ից)։
Միջազգային փորձը
Չախոյանի այս պնդումը հերքվում է ոչ միայն ՄԻՊ-ի կողմից, այլև հակասում է հենց միջազգային իրավակարգավորումներին։
«Փաստերի ստուգման հարթակը» ևս օրեր առաջ ուսումնասիրել էր ՀՀ ներպետական և միջազգային իրավական կարգավորումները և պարզել, որ դրանք պարտավորեցնում են վարորդին կանգնեցնել մեքենան՝ տրանսպորտային պատահարի մասնակից լինելու դեպքում։
Թե՛ ՄԻՊ-ի հայտարարությունը, թե՛ օրենսդրական կարգավորումները, և թե՛ այլ երկրների ղեկավարների նմանօրինակ պատահարների պատմությունը հերքում են Չախոյանի խոսքերը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































