«Մենք ունենք հիմնարար խնդիր ոստիկանության մի քանի ծառայողների մասով: Ոստիկանության համակարգը, որպես կառույց, շատ դրական բաներ ունի, որը եկել է նախկինից մինչեւ ներկա։ Բայց կան ոստիկաններ, որոնց ես չեմ պատկերացնում, որ իրենք իրականում ոստիկան են, կարող է ուղղակի հայտնվել են այդ համազգեստի մեջ, որովհետեւ ես չեմ կարող ընկալել մեկին, ում ասես՝ եղբայր, Համբիկ Սասունյանն է, իրեն ձերբակալեն։ Հայ ոստիկանը նման պարգե՞ւ տա թուրքին եւ ադրբեջանցուն։ Ես չեմ պատկերացնում էն հայ ոստիկանին, որը տեսնի աղջկա ձեռքը կոտրված ու իրեն բերման ենթարկի»,-այսօր այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
Նույն խմբակցությունից Աննա Գրիգորյանն էլ անդրադառնալով ոստիկանական գործողություններին, ասաց՝ առավոտյան խաղաղ քայլերթի ժամանակ կարմիր բերետավորները ուղղակի մոտեցան եւ Սայաթ Շիրինյանին բերման ենթարկեցին՝ առանց որեւէ բան ներկայացնելու․ «Հետո մեզ հրեցին դեպի մայթեզրը, նույնիսկ սովորական անցորդներին բերման ենթարկեցին։ Այն անհամաչափ ուժը, որը կիրառում են ՀՀ քաղաքացիների նկատմամբ, խոսում է այն մասին, որ Նիկոլն այսօր իշխանություն չունի, փողոցի ժողովուրդն է իրական իշխանությունը եւ Նիկոլը ոստիկանական ուժերի հետեւում վախկոտի պես թաքնված է»։
Վարդեւանյանն էլ խոստացավ՝ իշխանափոխության ավարտին կամ դրա ճանապարհին ոստիկանները ՔՊ-ականների եւ նրանց համակիրների նկատմամբ չեն վարվի այնպես, ինչպես այսօր են վարվում ցուցարարների նկատմամբ։
Կարդացեք նաև
«Այդ բոլոր ոստիկանների մասով՝ երկու օր է՝ շատ ագրեսիվ կերպով մեր լավ գործընկեր փաստաբանները ներկայացնում են հաղորդումներ հանցագործությունների մասին։ Այդ ոստիկաններին սպասվում է ոչ հաճելի օրեր՝ ծառայողական քննությունների եւ դատախազական հսկողության շրջանակներում, նրանցից ոմանք հեռացվելու են համակարգից, դա լավագույնն է լինելու, իսկ ավելի մեղմը՝ քրեական օրենսգրքով նախատեսված ազատազրկման փոքր չափով պատիժը»,-ասաց Վարդեւանյանը։
Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարած բացահայտման եւ դահլիճը լքելու մասին էլ Աննա Գրիգորյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը որեւէ բացահայտում չի կարող անել․ «Եթե անելու լիներ՝ մինչեւ այսօր կբացահայտեր, իր բացահայտումների շարքը Հրայր Թովմասյանի գրչի նման բացահայտումներն են։ Մենք գնացել էինք խորհրդարան՝ հրաժարական պահանջը ներկայացնելու, իրեն հարցեր տալու մտադրություն չկար, հարցուպատասխանի մեջ մտնելու մտադրություն չկար։ Ցանկացած բան վերջին մեկ տարում, որ լսել ենք Նիկոլ Փաշինյանից, սուտ է եւ մանիպուլյացիա»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































