Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդների գաղափարները կօգնեն զարգացնելու Գորայքը․ Սյունիքի մարզպետ (ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 22,2022 23:54

Կիրակի՝ մայիսի 22-ին  մարդաշատ էր Սյունիքի մարզի Գորայք համայնքի կենտրոնական հատվածը։ Համայնքում երիտասարդական կենտրոնի բացումն էր։ Նախաձեռնությունը միջազգայնագետ Վերգինե Թադեւոսյանինն է։ Պատմում է՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո ընկերուհու՝ Տաթեւիկ Առուստամյանի հետ  հիմնադրեցին «Համայնքը հանուն երկրի» նախաձեռնությունը, որի շրջանակում սկսեցին աշխատել տարբեր ուղղություններով՝ համայնքների զարգացման, երիտասարդների ակտիվացման, համայնքային կյանքում նրանց ներգրավման համար։

Երիտասարդական կենտրոն հիմնելու մտահղացումը վաղուց կար,  բայց  այն հաստատ որոշեց կյանքի կոչել Իտալիայում, որտեղ գործուղվել էր «Երիտասարդական ակումբների դաշնություն»  հասարակական կազմակերպության կողմից՝ երիտասարդների  փոխանակման ծրագրի շրջանակներում։  Ծանոթանալով  տարբեր երիտասարդական ֊զարգացման կենտրոնների աշխատանքներին՝  որոշեց՝ իտալական փորձն կարելի է ներդնել  իր իսկ համայնքում։

«Եվրոպական միությունը՝ հանուն շրջանավարտների ցանցի» ծրագրի աջակցությամբ համախմբեց  Գորայք համայնքի  20 երիտասարդի եւ 7 ամիս աշխատելով նրանց հետ՝ հանդիսավորությամբ բացեց Գորայքի երիտասարդական կենտրոնը։

«Գորայքի երիտասարդական կենտրոնը ոչ ֆորմալ կրթական մի հարթակ է լինելու, որտեղ համայնքի երիտասարդները կկարողանան  տարբեր քննարկումներ ունենալ, գեներացնել գաղափարներ և աշխատելով տեղական ինքնակառավարման  մարմինների հետ` լուծել երիտասարդության և համայնքի առջև ծառացած խնդիրները»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Վերգինե Թադեւոսյանը։

Կենտրոնի բացմանը մասնակցեց աշխատանքային այցով Գորայքում գտնվող Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ «Համոզված եմ՝ ձեր մտքերի ու գաղափարների կարիքը համայնքը շատ ունի, ձեր պատկերացումներն ու տեսլականները գունավոր ու դրական են, եւ կարծում եմ շատ կօգնեն համայնքի զարգացմանը»,-շնորհավորելով երիտասարդներին՝ նշում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Մարզպետի հետ համամիտ է  Գորայքի համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանը։ «Պատրաստ ենք քննարկել երիտասարդների մտահղացումները, ինչքանով տեղյակ եմ՝ արդեն նախագծերը կազմել են»,-ասում է Աշոտ Աղաջանյանը։

Ըստ  Գորայքի երիտասարդական կենտրոնի ղեկավար Վերգինե Թադեւոսյանի, առաջիկայում նախատեսում են ընդլայնել համագործակցության շրջանակը՝ տարբեր հասարակական կազմակերպությունների  ու երիտասարդական կենտրոնների հետ համատեղ իրականացնելով տարբեր ծրագրեր։  Ի դեպ, հենց տեղում բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց Մեղրիում գործունեություն ծավալող «Դեպի լավ ապագա» երիտասարդական, կրթամշակութային ՀԿ փոխնախագահ Լեւոն Ղավալբաբունցի հետ, որը նույնպես մասնակցում էր կենտրոնի բացմանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031