Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետը խիստ էր․ ճանապարհաշինարարներին հրահանգեց հասնել Կապան-Երեւան ավտոճանապարհի Տանձատափ-Տաթեւ հատվածը (ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 21,2022 19:00

Շաբաթ օրը՝ մայիսի 21-ի կեսօրին՝ Գորայք համայնք աշխատանքային այց մեկնող Սյունիք մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Կապան-Երեւան միջպետական ավտոճանապարհի Տանձատափ բնակավայրի տարածքում արգելակում է մեքենան։ Ճամփեզրին բեռնատար ավտոմեքենա էր արգելափակվել ու ինչպես պատմեց վարորդը՝ « արդեն մի երկու ժամ անշարժացած է»։ Սյունիքի մարզպետը անմիջապես ահազանգում է տվյալ հատվածը սպասարկող ճանշինընկերությանը, ոստիկանությանը։

«Հենց այս պահին հասեք այստեղ։ Ես չեմ շարունակելու ճանապարհը, մինչեւ արգելափակված մեքենան չշարժվի»,-հեռախոսով ինչ-որ մեկին խիստ տոնով հանձնարարում է մարզպետը։  Տեղ հասնելով՝ ճանշին ընկերության ներկայացուցիչը արդարանում է՝ «սպասում են անձրեւները դադարեն, որպեսզի սկսեն նորոգման աշխատանքները»: Սյունիքի մարզպետն ոչ մի պատճառաբանություն չի ընդունում՝ հրահանգում է՝ հենց նույն պահին «իր աչքի առաջ սկսել այս հատվածի հարթեցման աշխատանքը»։

Միջպետական ավտոճանապարհով երթեւեկող ավտոմեքենաների ուղեւորներից մի քանիսն են կանգնում՝ փորձելով օգնել։ Ամեն մեկն իր տարբերակն է առաջարկում։ Ռոբերտ Ղուկասյանն է միանում քաղաքացիներին՝ բեռնատար ավտոմեքենան հրելով փորձում են հանել փոսից։ Ի վերջո բեռնատարը շարժվում է։

«Փաստորեն, եթե մարզպետը պատահական չանցներ այստեղով, չեմ կարող ասել՝ թե քանի ժամ կլռվեի։ Զարմացա նաեւ, որ մարզպետը կանգնեց ու հետաքրքրվեց, թե ինչո՞վ կարող է օգտակար լինել։ Ահագին էլ ժամանակ կորցրեց՝ մարդը  տեղ էր շտապում»,-Aravot.am-ի հետ զրույցում նշում է բեռնատար ավտոմեքենայի վարորդ Արթուր Գեղամյանը։

Ռոբերտ Ղուկասյանը  չի պատասխանում մեր հարցերին: Շտապում է Գորայք՝ բնակիչները սպասում են։ «Կարեւորը ավտոմեքենան դուրս եկավ արգելափակումից, ճանապարհի տվյալ հատվածում կհերթապահեն ճանապարհաշինարարները։ Մնացածն արդեն աշխատանքային օրը՝ երկուշաբթի։ Մեղավորները հաստատ կպատժվեն»,-հավաստիացնում է Սյունիքի մարզպետը։

Ինչ վերաբերում է Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհի քարուքանդ վիճակին, ապա որոշ հատվածներում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները։

Հիշեցնենք, Ճանապարհային դեպարտամենտի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ Վահագն Ստեփանյանը դեռեւս հունվարին նշել էր, որ Երեւան-Աղվանի-Տաթեւ–Մեղրի ճանապարհի հիմքի հետ կապված խնդիրներ կան ու աշխատանքները վերջնականապես ընդունված չեն։ «Ճանապարհը կառուցվել է շատ արագ, նորարարական եղանակով։ Գարնանը կսկսվեն նորոգման աշխատանքները»,-ասել էր Վահագն Ստեփանյանը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031