Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաիմաստավորելով խաղաղաշինությունը Հարավային Կովկասում՝ Ուկրաինական պատերազմի կոնտեքստում

Հունիս 01,2022 22:00

Ուկրաինայի պատերազմը նոր էջ է բացում նախկին Խորհրդային Միության տարածքում և դրանից դուրս հակամարտությունների պատմության մեջ։ Այս ֆոնի վրա վերջին երեք տասնամյակներում խաղաղաշինության մասին գոյություն ունեցող մոտեցումներն ավելի ու ավելի անբավարար են թվում: Մարտի 30-ին Caucasus Edition-ի խմբագիրներ Ֆիլիպ Գամաղելյանը, Սևիլ Հուսեյնովան և Վադիմ Ռոմաշովը քննարկեցին, թե ինչպես է Caucasus Edition-ի թիմը վերաիմաստավորում և վերափոխում խաղաղաշինությանն ուղղված իր գործունեությունը։

Ամենակարևոր հարցերից մեկը, որ արծարծվեց քննարկման ընթացքում, ուկրաինական պատերազմի ազդեցությունն էր Հարավային Կովկասի վրա։

Նշելով, որ ազդեցությունն իսկապես բազմաշերտ է՝ ներառյալ տնտեսական  և քաղաքական ոլորտներում, Ֆիլիպ Գամաղելյանը, այնուամենայնիվ, քննարկման հիմնական շեշտը դրեց ուկրաինական պատերազմի ազդեցությանը հայ-ադրբեջանական հարաբերությունների, և մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության վրա։

Գամաղելյանն անդրադարձավ հակամարտությունների հասկացողության փոփոխությանը, հիշեցնելով 1990-ականները և «լիբերալ դեմոկրատիայի» հաղթանակը. «Թվում էր, թե… միջազգային պատերազմները որոշակիորեն անցյալի խնդիր են», – ասաց Գամաղելյանը, հավելելով, որ այդ շրջանում ի հայտ եկավ «նոր պատերազմների» հայեցակարգը։ «Նոր պատերազմները» համարվում էին ներպետական և դրանց հիմքում պետություն-փոքրամասնություն հարաբերություններն էին։ Նույնիսկ այն պատերազմները, որոնք ունեին միջազգային ասպեկտ, ինչպիսին է նաև ղարաբաղյան պատերազմը, միջազգային իրավունքի տեսանկյունից դիտվում էին որպես պատերազմներ՝ միջազգայնորեն ճանաչված երկրի ներսում:

Սակայն, ինչպես նշեց Գամաղելյանը, Իրաքի և հետագայում Ուկրաինայի պատերազմները մեզ հետ բերեցին դեպի «հին» պատերազմներ, երբ փոքր, հետգաղութատիրական պետությունները կարող են դառնալ մեծ տերությունների քաղաքականության, պրոքսի պատերազմների և ուղղակի ներխուժումների «լեգիտիմ թիրախ»: Սա հսկայական պատասխանատվություն է դնում Հայաստանի և Ադրբեջանի վրա՝ լուծելու իրենց հակամարտությունը, քանի որ հակամարտությունը կարող է երկու երկրներին դարձնել հեշտ թիրախ և Հարավային Կովկասը վերածել պրոքսի պատերազմի գոտու։

Սևիլ Հուսեյնովան հիշեց 2014-2015 թվականների իրադարձությունները, երբ Ղրիմի բռնակցումը և ռազմական գործողությունները Արևելյան Ուկրաինայում կտրուկ նվազեցրին հետաքրքրությունը հարավկովկասյան հակամարտությունների նկատմամբ։

«Այն ժամանակ միջազգային փորձագետներն ու տարբեր միջազգային հիմնադրամների ու կազմակերպությունների աշխատակիցները չէին թաքցնում, որ նշանակություն ունեն առճակատումների մասշտաբը, տարածքի չափը, որտեղ հակամարտությունը զարգանում է, և բնակչության թիվը։ Այդ ժամանակ մեզ փաստացի ասացին, որ մեր սառեցված հակամարտությունները կարող են սպասել, և «մեր աղետի չափը ոչինչ» էր համեմատած այն ամենի հետ, ինչ տեղի էր ունենում Ուկրաինայում», – ասաց Հուսեյնովան՝ հավելելով, որ հակամարտություններն ավելի և պակաս կարևորի բաժանելը սխալ է։

Վադիմ Ռոմաշովը հիշեցրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարադիգմի փոփոխության մասին, քանի որ տարածաշրջանում կայսրապաշտական նկրտումներով միջազգային դերակատարների աճող ներկայությունը հստակ երևում էր թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ պատերազմից հետո՝ բանակցային գործընթացում։ Ռոմաշովը հավելեց, որ խոշոր դերակատարներն ամբողջությամբ փոխեցին խաղի կանոնները, որոնք առկա էին ղարաբաղյան երկրորդ պատերազմից առաջ։.

Հարց առաջացավ, թե ինչպես կարելի է վերաիմաստավորել խաղաղաշինությունը Հարավային Կովկասի համատեքստում։

Գամաղելյանը խոսեց Հարավային Կովկասի ապակայունացման բազմաթիվ հնարավոր սցենարների մասին՝ թե՛ Ռուսաստանի՝ Ուկրաինան նվաճելու և դեպի այլ տարածաշրջաններ իր քաղաքականությունը շարունակելու պարագայում, թե՛ Ռուսաստանի թուլացման և այլ տերությունների համար Հարավային Կովկաս ներխուժելու հնարավորություն ստեղծելու պարագայում։ Նա վերահաստատեց միտքը, որ տարածաշրջանի երկրների համար նման պարագայում լավագույն տարբերակը կարող է լինել կոնֆլիկտը գոնե չսրելու շուրջ համաձայնության գալը։

Գամաղելյանը խոսեց նաև անդրազգային խաղաղության շարժումների ձևավորման մասին, որոնք հիմք կդնեն հետպատերազմյան ժամանակաշրջանի համար. «Նախկինում եղել են մեծ պատերազմներ, որոնցից հետո հետևանքները նույնիսկ ավելի աղետալի են եղել, և եղել են պատերազմներ, որոնք ավարտվել են խաղաղությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմը դրա լավ օրինակն է»,- ասաց Գամաղելյանը, հավելելով, որ հենց պատերազմի ընթացքում մեծ աշխատանք է պետք տանել՝ խաղաղության տեսլականն ու ռազմավարությունը ծրագրելու և առաջ քաշելու համար:

Համաձայնելով, որ մենք բավականաչափ դասեր չենք քաղել հետպատերազմյան Եվրոպայից՝ Հուսեյնովան հիշեցրեց, որ կան ընդամենը մի քանի հայտնի մտավորականներ, որոնք խաղաղություն են քարոզում Հարավային Կովկասում. «Մենք կարիք ունենք վառ մարդկանց, վառ անունների, մարդկանց, որոնք մուտք ունեն դեպի հանրային դաշտ և ավելի մեծ լսարան… մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի նման մարդիկ ի հայտ գան, պետք է լրջորեն աշխատել հանրային դաշտ մուտք գործելու վրա, ստեղծել նոր ռադիո, հեռուստատեսություն, աջակցել բլոգերներին, երաժիշտներին, արտիստներին, բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել ավելի շատ մարդ ներգրավել խաղաղության շարժմանը»,- ասաց Հուսեյնովան, հավելելով, որ խաղաղության շարժում, որպես այդպիսին, դեռ գոյություն չունի, և այն դեռ պետք է ստեղծվի։

«Մենք տեսանք մեծ աջակցություն պատերազմին Ադրբեջանում, Հայաստանում և հիմա էլ Ռուսաստանում… մեր դպրոցները չեն սովորեցնում, թե ինչ է խաղաղությունը, ինչպես հասնել խաղաղության և պահպանել այն, մեր դպրոցներում սովորեցնում են ռազմատենչ հայրենասիրություն։ Խաղաղության գաղափարը հասանելի մատուցելու և կրթական ծրագրերում ներառելու կարիք կա»,- ասաց Հուսեյնովան։

Ռոմաշովը հիշեցրեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջուկային պատերազմի վտանգը ստիպեց շատ մարդկանց հանդես գալ համաշխարհային խաղաղության համար՝ անկախ գաղափարական տարաձայնություններից։ Ըստ Ռոմաշովի՝ միջազգային դերակատարների կողմից ուկրաինական պատերազմին լավագույն պատասխանը կարող է լինել աջակցությունը գլոբալ քաղաքացիական հասարակության վերելքին՝ նպաստելով համաշխարհային քաղաքական և տնտեսական համակարգի փոփոխությանը։ Եվ որպեսզի լինեն գլոբալ բարեփոխումներ, կպահանջվեն կոլեկտիվ գործողություններ և կոլեկտիվ ուսուցման գործընթացներ, որոնք կտանեն դեպի անդրազգային խաղաղության շարժման ձևավորմանը։

Ըստ Ռոմաշովի՝ խաղաղության շարժումը պետք է լինի ցանց՝ տարբեր երկրների և տարածաշրջանների միջև։ Շարժումը պետք է իր առջեւ խնդիր դնի ոչ միայն խթանել հակապատերազմական դիսկուրսները, այլ նաև խթանել քաղաքական և տնտեսական գլոբալ բարեփոխումները, որոնք կնվազեցնեն պարա- մաքսիմիզացնող և կապիտալիստական մոտեցումներն ամբողջ աշխարհում։

Խոսելով խաղաղաշինական համայնքում անհապաղ արվելիք քայլերի մասին՝ Հուսեյնովան նշեց Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ հակապատերազմական դիրք զբաղեցրած երիտասարդներին ոլորտում ներգրավելու անհրաժեշտության մասին: Ըստ նրա՝ կարիք կա միասին մտածելու, թե ինչու է Հարավային Կովկասում խաղաղաշինությունն այդքան անարդյունավետ ընթացել։ Հուսեյնովայի կարծիքով՝ վաղուց արդեն պետք էր ծրագրերում ներգրավել նաև Ռուսաստանից ժամանած մասնակիցների։ «Մենք բոլորս միշտ ասում էինք, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում հակամարտության կողմ է, բայց, որպես կանոն, նախագծերին Ռուսաստանից ոչ մի մասնակից չի հրավիրվել»։ Ըստ Հուսեյնովայի՝ Բելառուսը նույնպես չպետք է մոռանալ այս համատեքստում, քանի որ այն այժմ ակամա հանդիսանում է այսօրվա պատերազմի մասնակից։ «Սա այն դեպքն է, երբ երկրում քաղաքական մակարդակով կար աջակցություն պատերազմին, սակայն բնակչության մակարդակով՝ անգամ թաքնված բողոք»,- ասաց նա՝ հավելելով, որ սա շատ ոչ տիպիկ փորձ է հետխորհրդային տարածքում։

Ռոմաշովը հիշեցրեց, որ հակապատերազմական շարժումը և խաղաղության շարժումը նույնը չեն, հավելելով, որ այն շարժումը, որը հիմա տեսնում ենք, հակապատերազմական է՝ կապված կոնկրետ պատերազմի հետ, բայց երբ պատերազմը դադարում է, կա հավանականություն, որ հակապատերազմական շարժումները կանհետանան։ Սա նշանակում է, որ խաղաղաշինական կազմակերպությունները պետք է անեն ամեն բան, որպեսզի հակապատերազմական դիսկուրսները չթուլանան, այլ վերածվեն խաղաղության շարժման:

Գամաղելյանն ասաց, որ վերջին մի քանի տարիներն ընդգծեցին «Ազատական խաղաղության կառուցման» մարտահրավերները և դոնորների կողմից թելադրված՝ վերևից ներքև մոտեցումները, որոնք չունեին տեղական սպառում. «Երբ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը սկսվեց, մենք տեսանք, որ գրեթե ամբողջ ինստիտուցիոնալացված խաղաղաշինական դաշտը քանդվեց», շատերը, ովքեր տարիներ շարունակ ներգրավված էին խաղաղաշինական ՀԿ-ներում, անհետացան մեկ օրում: Հաշվի առնելով սա, ըստ Գամաղելյանի, ինստիտուցիոնալ խաղաղություն «կառուցել» փորձելու փոխարեն, կարևոր է սկսել տեղում աջակցել մարդկանց, որոնք խոսում են խաղաղության մասին։

Caucasus Edition-ի խմբագիրները պատասխանեցին նաև դոնոր համայնքի ներկայացուցչի հարցին՝ կապված դոնորների ռազմավարության հնարավոր առաջընթացի հետ:

Գամաղելյանն առաջարկեց երեք ռազմավարություն. առաջինը՝ աջակցել Հայաստանում և Ադրբեջանում տեղական ձայներին, որոնք հանդես են եկել ընդդեմ պատերազմի և հանուն խաղաղության հենց պատերազմի ընթացքում: Երկրորդ՝ սկսել մտածել կարճաժամկետ և տեխնոկրատական ֆինանսավորման սխեմաներից դուրս, ներդրումներ կատարել երկարաժամկետ ծրագրերի մեջ և ռիսկի դիմել՝ աշխատելով նաև  ոչ ավանդական, ոչ ինստիտուցիոնալ դերակատարների հետ, այլ ոչ թե միայն խոշոր ՀԿ-ների: Այո, ոմանք գուցե արդյունավետ չլինեն և ձախողվեն, և մի քանի հազար կկորչեն այստեղ-այնտեղ, բայց սրանք ռիսկեր են, որոնք դոնորները կարող են իրենց թույլ տալ: Երրորդ՝ աջակցել տեղահանվածներին՝ ինչպես Ուկրաինայից, այնպես էլ Ռուսաստանից։ Անհրաժեշտ է երկու տեսակի աջակցություն՝ անհապաղ մարդասիրական աջակցություն և երկարաժամկետ աջակցությունը՝ հակապատերազմական և խաղաղասիրական ձայներ ստեղծելու և պահպանելու համար, ներառյալ Ռուսաստանի ձայները, որոնք մի օր կարող են դառնալ մեր գործընկերները խաղաղության կառուցման գործում:

Հուսեյնովան ասաց, որ դոնորները պետք է ուշադրություն դարձնեն նախագծերի մասնակիցներին. «մենք պետք է ներգրավենք և հրավիրենք մարդկանց, ովքեր անմիջականորեն տուժել են հակամարտությունից»։

Ռոմաշովը հավելեց, որ խաղաղության կառուցումը պետք է սերտորեն կապված լինի մարդասիրական օգնության հետ, քանի որ խաղաղության կառուցումը միայն խաղաղության մասին խոսող ՀԿ-ների՝ երկխոսության հարթակներ ստեղծելու մասին չէ, սա նաև աշխատանք է այն մարդկանց հետ, ովքեր անմիջականորեն տուժել են պատերազմներից, հակամարտություններից և տրավմայից:

Որպես մեկ այլ կարևոր ասպեկտ՝ Ռոմաշովը նշեց խաղաղության կրթությունը. «Տարածաշրջանում, հատկապես Հարավային Կովկասում, խաղաղության կրթության հստակ պակաս կա»,- ասաց Ռոմաշովը, հավելելով, որ թեև կան որոշակի դասընթացներ, որոնք իրականացվում են կոնկրետ ՀԿ-ների կողմից, բայց խաղաղության կրթությունը ներառված չէ դպրոցների և հաստատությունների ուսումնական ծրագրում, սակայն պետք է ներառվի։

Քննարկման և հարցուպատասխանի վերջում Գամաղելյանը հիշեցրեց այն միտումի մասին, որ պատերազմից առավել տուժած մարդիկ սովորաբար ավելի «հակապատերազմական» դիրքորոշում ունեն՝ նշելով, որ այս իրողությունը հաստատվել է դեպքից դեպք, երկրից երկիր։ Սրա պատճառն այն է, որ պատերազմից անմիջականորեն տուժած մարդիկ գիտեն, թե ինչ է պատերազմը իրականում, և նրանց մտքում պատերազմը դասագրքային փառաբանված տեքստերի և պատկերների հետ չի ասոցացվում:

Հուսեյնովան հիշեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքները՝ ասելով, որ Երկրորդ աշխարհամարտից հետո շատերը պետք է որ հետ կանգնեին և մտածեին, որ այդ ամբողջ սարսափից ու բռնությունից հետո անհնար է ինչ-որ բան փոխել, բայց որոշ մարդկանց համար դա աշխարհը փոխելու պատճառ և մոտիվացիա էր։ «Եվ նրանք արեցին դա, և նրանց հաջողվեց», – ավելացրեց Հուսեյնովան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930