Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղջիկներն էլ հարս չեն գալիս մեր գյուղ, ո՞վ կգա․ 5-6 տարի է՝ տրանսպորտ չկա»․ Արփենիի բնակիչներ

Հունիս 24,2022 23:30

Այսօր Շիրակի մարզի Փանիկ գյուղում «Արի՛ գյուղ» ծխական փառատոնին մասնակցում էին նաև Արփենի համայնքի բնակիչները։ Գյուղմթերքների տոնավաճառին Արփենիի տաղավարը մեծամասամբ ներկայացնում էին կանայք, որոնք ազգային ավանդական ճաշատեսակներն ու գաթաները պատրաստել էին իրենց ձեռքերով։ Նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ Արփենիի բնակիչները շատ աշխատասեր են, բայց աշխատատեղ չկա։

«Հող ենք մշակում, կարկուտը տանում է, վառելիքը թանկ, առաջախաղացում չկա», -դժգոհեցին կանայք։

Ըստ նրանց, գյուղի երիտասարդները ստիպված իրենց հացը վաստակում են Ռուսաստանի Դաշնությունում։

«Գյուղի 100 ընտանիքից մնացել են 45-ը»,- տխրությամբ փաստեցին մեր զրուցակիցները։

Գյուղի միակ աշխատատեղը դպրոցն է։ Դպրոցի ուսուցչուհիներից մեկն էլ ասաց, որ իր երկու որդիները դրսում են, երիտասարդները չեն մնում գյուղում, մի բան էլ  ծնողներին ժամանակ են տալիս, որ նրանք էլ մեկնեն իրենց մոտ։

«Եթե աշխատատեղ լինի, անպայման կվերադառնան, բայց գյուղում մի տրանսպորտ չկա, ուր մնաց աշխատատեղ։ 5-6 տարի է՝ գյուղը զրկված է տրանսպորտից, սկզբում գյուղում ավտոբուս է եղել է, 5 գյուղերի էր սպասարկում, շատ գոհ էինք, նորմալ աշխատում էր, առավոտյան ժամը 9-ին կտաներ, ցերեկը ժամը 15․00-ն կբերեր հետ։

Իսկ հիմա մարդիկ կան, որոնք սեփական ավտոմեքենաներով են երթևեկում, ովքեր էլ մեքենա չունեն, տեղ գնալը կրակ է դառնում․ ստիպված են ոտքով  գնալ։ Էլ ո՞վ կմնա գյուղում, անգամ դպրոցականներին են տանում Գյումրի, գյուղը կտրված է, սա մեր ամենացավոտ խնդիրն է։

Աղջիկներն էլ հարս չեն գալիս գյուղ, մեր սիրուն տղեքին չենք կարողանում աղջիկներ գտնել։ Գյուղի բնակիչները 200-ից ավելի են, հիմա ծնելիությունն էլ շատ ցածր է, ծերացող գյուղ է, բայց շուտով ծերերն էլ չեն մնա»,-ասաց ուսուցչուհին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930