Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ուղղափառ Եկեղեցիների միջազգային բարեգործական կազմակերպության գործադիր տնօրենին

Հուլիս 11,2022 17:46

Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ուղղափառ Եկեղեցիների միջազգային բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Կոնստանտին Տրայանտաֆիլուին՝ ուղեկցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի տնօրեն պարոն Կարեն Նազարյանի:

Տիար Կարեն Նազարյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացրեց Ուղղափառ Եկեղեցիների միջազգային բարեգործական կազմակերպության պատվիրակության Հայաստան այցի նպատակների և ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ նախանշվող նոր՝ զարգացման ծրագրերի մասին։

Հանդիպմանը Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց տիար Կոնստանտին Տրայանտաֆիլուին՝ ողջունելով Հայաստանում Կլոր սեղան հիմնադրամի հետ իրականացված բարեգործական ծրագրերը և զարգացման ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը։

Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձավ Ուղղափառ Եկեղեցիների և Մայր Աթոռի միջև առկա ջերմ հարաբերություններին և փոխգործակցային մթնոլորտին՝ գոհունակություն հայտնելով նաև Հայաստանի համար դժվարին իրավիճակներում Քույր Եկեղեցիների կողմից ցուցաբերված զորակցության առնչությամբ։

Զրույցի ընթացքում խոսվեց Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական, բարեսիրական և առողջապահական ծրագրերի մասին, որոնք ուղղված են ինչպես սոցիալապես անապահով ընտանիքների, խոցելի խմբերի աջակցությանը, այնպես էլ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած անձանց կարիքներին:

Իր հերթին Ուղղափառ Եկեղեցիների միջազգային բարեգործական կազմակերպության գործադիր տնօրենը ներկայացրեց կազմակերպության կողմից տարբեր երկրներում իրականացվող հումանիտար ծրագրերը, կարևորեց ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ ընդլայնվող համագործակցությունը՝ ի նպաստ առկա կարիքների հաղթահարման։

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031