Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենայի և անշարժ գույքի առուվաճառքի գործընթացում այլևս չի պահանջվում 0-ական տեղեկանք. տվյալներն էլեկտրոնային եղանակով ստուգվում են տեղում

Հուլիս 19,2022 19:03

Ապրիլի 1-ից՝ ավտոմեքենայի, հուլիսի 4-ից նաև անշարժ գույքի առուվաճառքի գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվում փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ տվյալներն ամբողջությամբ ՀՀ ոստիկանությանը, Կադաստրի կոմիտե, ինչպես նաև նոտարական գրասենյակներ փոխանցվում են փոխադրամիջոցի և անշարժ գույքի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով։ Ի դեպ, այս մոտեցումն արդեն կիրառվում է նաև Հայաստանի ողջ տարածքում:

«2021թ. շուրջ 100 հազար քաղաքացի ստիպված է եղել այցելել վարչական շրջաններ՝ 0-ական թղթային տեղեկանք ստանալու համար: Այս համակարգը հնարավորություն է տալիս տեղում ստուգել տվյալները, եթե կան պարտավորություններ՝ վճարել ու գործարքն իրականացնել: Սա, իհարկե, թիմային հետևողական աշխատանքի և համատեղ քննարկումների արդյունք է, որում Երևանի քաղաքապետարանի մեր թիմի հետ ներգրավված էին ՀՀ կառավարությունը, Կադաստրի կոմիտեն, «Վի Իքս Սոֆթ» և «ԲԵՍԹ ՍՈՖԹ» ընկերությունները: Նմանատիպ փոքր քայլերով պետք է կարողանանք թեթևացնել քաղաքացիների կյանքը՝ թվայնացման միջոցով հասանելի դարձնելով ծառայությունները»,- ընդգծել է քաղաքապետը:

***
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել է բազմահարկ բնակելի շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Ծրագրով փակվել է շուրջ 3690 աղբախուց:
***
Երևանի կանգառասրահներում և հանրային այլ տարածքներում կտեղադրվեն նոր աղբամաններ: Զեկուցվել է, որ մոտ օրերս կհայտարարվի մինչև 1000 աղբամանի ձեռքբերման մրցույթ:
***
2022թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Այս պահին մեծ թափով աշխատանքներ են ընթանում 134 հասցեում:
***
Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցները վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում հաճախ չեն ապահովում սանիտարական պատշաճ վիճակ: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մշտական հսկողություն սահմանել գործընթացի նկատմամբ, որպեսզի բացառվեն այդ դեպքերը:
***
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհությունն է հայտնել նաև մայրաքաղաքում իրականացվող գծանշման գործընթացից: Հանձնարարվել է օգտագործվող ներկանյութերն ուղարկել փորձաքննության:
***
Քաղաքում բռնկված հրդեհներն արագորեն մարելու և հետևանքները նվազեցնելու նպատակով 2021թ. համայնքը նախաձեռնեց նոր հիդրանտների կառուցումն ու հների նորոգումը. ծրագրով փոխարինվեց 39 հիդրանտ, իսկ ընթացիկ տարում կարգի կբերվի շուրջ 200-ը, որով էլ ծրագիրը կամբողջանա:
***
2009 թվականից Երևանի ավագանու որոշմամբ հստակ կարգ է սահմանվել անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Սահմանված կարգով, ի դեպ, տնտեսվարողները պարտավոր են սալիկապատել մայթերը, կանաչապատել, ինչպես նաև աղբից, ձնից ու սառույցից մաքրել հարակից տարածքները: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման գործընթացը:
***
Մայրաքաղաքի սրճարաններում 23:00-ից հետո հնչող բարձր երաժշտությունն ու աղմուկը դժգոհություն են առաջացնում բնակիչների շրջանում: Գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Անդրադառնալով խնդրին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել՝ ոլորտը կանոնակարգելու, մշտական վերահսկողություն սահմանելու, անհրաժեշտության դեպքում՝ օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու համար:
***
Երևանի և ֆրանսիական գործընկեր քաղաքների միջև հաստատված գործակցությամբ կյանքի կկոչվեն նոր ծրագրեր: Ամփոփելով այցի արդյունքները՝ քաղաքապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ, Փարիզի գործընկերոջ հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Երևանի և Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանները փոխայցերի ընթացքում հանդես կգան ցուցահանդեսներով: Երևանյան գրադարաններում էլ նախանշվում է ստեղծել երիտասարդական կենտրոններ, որոնցում կուսուցանվի նաև ֆրանսերեն:
***
Երևանում փակ հանքերի տարածքները կկանաչապատվեն: Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ վերոնշյալ տարածքները համատեղ վերափոխելու և ֆրանսիական հաջողված փորձը Երևանում կիրառելու վերաբերյալ:
***
Ծառերի վնասատուները ոչնչացնելու նպատակով Երևանը կկիրառի Լիոնի հաջողված փորձը: Եվրոպական քաղաքներում, ի դեպ, թունանյութեր այլևս չեն կիրառում, այլ աշխատանքներն իրականացվում են բնական եղանակներով:
***
Ֆրանսիացի գործընկերների հետ համատեղ ծրագրեր կիրականացվեն նաև Էրեբունի և Կարմիր բլուր հնավայրերի տարածքում: Մասնավորապես, աշխատանքներ կտարվեն ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ աղյուսների արտադրության, հուշարձանների պահպանության և վերականգնման, ինչպես նաև վերարժևորման նպատակով:
***
ՀՀ կառավարության հետ համատեղ քայլեր են ձեռնարկվում՝ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը զարգացնելու ու նոր մասնաշենք տրամադրելու նպատակով: Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել 8 մլն եվրոյի ներդրում կատարել:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031