Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղավնոյի դպրոցում շատ պատմություն կա, ամեն բան իմ մեջ տպավորված է». Նիկոլայ Բադասյանը սեպտեմբերի 1-ից սովորելու է Տեղ համայնքի դպրոցում (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 01,2022 22:55

«Սա իմն է, սա էլ, պապաս է առել»՝ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանին 6-ամյա  Անին է ներկայացնում դպրոցական պարագաները՝ սկսած մազակալներից մինչեւ պայուսակ։ Աղավնոյից, օրերս Սյունիքի մարզի Քարահունջ գյուղ տեղափոխված Աղասի Հակոբյանն եւս երեք մանկահասակ երեխա ունի։ «Չեմ հասցրել բոլոր իրերը բերեմ, շորերի կեսն էլ մնաց էնտեղ, բայց Անիին ու բոլոր երեխաներին տարա խանութ՝ ինչ պետք է՝ առա, հետո ինչ, որ մենակ Անին է դպրոց գնալու»,-ասում է Աղասին։

Մինչեւ երեկ երկմտում էր՝ արժե՞ դստերը դպրոց տանել։ Գորիսի տարածաշրջանի Քարահունջ գյուղում է տուն վարձել, բայց Գորիսում աշխատանք է գտել, մնում է վարձով տուն գտնի ու կտեղափոխվի քաղաք։ Որոշել է՝ հաստատ Սյունիքում է մնալու, բայց դեռ չի կողմնորոշվում որտեղ՝ աշխատանքից է կախված։ Քարահունջի դպրոցի տնօրեն Արմեն Մկրտչյանն է խորհուրդ տալիս՝ դստերը դպրոց բերել, քանի որ սեպտեմբերի 1-ը մարդու կյանքում մեկ անգամ է լինում։ «Թող գա, երբ տեղափոխվես այլ տեղ, կարող ես տեղափոխել ազատ, որեւէ խնդիր չկա»,-պարզաբանում է տնօրենը։ Անիի հայրը համաձայնվում է։ «Մնում է նկարեմ ու բերեմ»,-ասում է Աղասի Հակոբյանը, որին նորից հակադարձում է տնօրենը․ կարող է դստերը դպրոց տանել, հետո զբաղվել փաստաթղթերով։

Անին Սյունիքի փոխմարզպետին ցույց է տալիս դպրոցական պարագաները

Սյունիքի մարզպետարանի կրթության բաժնի պետ Հասմիկ Մնացականյանը Aravot.am-ի հետ զրույցում նշում է, որ մարզի բոլոր դպրոցներին հրահանգվել է Բերձորից ու Աղավնոյից եկած երեխաներին ընդունել դպրոց՝ անկախ փաստաթղթերի առկայությունից։ Թե քանի երեխա է տեղափոխվել՝ պաշտոնյան դեռ չի կարող ասել։ «Թվային տվյալները դպրոցները մեզ կտրամադրեն սեպտեմբերի  5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, որից հետո էլ հստակ կիմանանք՝ թե քանի երեխա է տեղափոխվել Բերձորի շրջանից»,-ասում է Հասմիկ Մնացականյանը։

Նիկոլայ Բադասյանը՝ քրոջ հետ այս սեպտեմբերի 1-ից սովորելու է Տեղ համայնքի դպրոցում, նույն դպրոցն են հաճախելու նաեւ Նիկոլայի երկու համադասարանցիները։ Մնացածների մասին դեռ տեղեկություն չունի։ Զինվորական սպա է դառնալու, տխրել է՝ որ ստիպված էր հեռանալ Աղավնոյից։ «Աղավնոյի դպրոցում շատ պատմություն կա, ամեն բան իմ մեջ տպավորված է։ Չգիտեմ, գուցե մի օր կկարողանամ հետ գնալ»,-ասում է Նիկոլայը։ Կլարնետ է նվագում, իսկ քույրը՝ քանոն։ Մտադիր են երաժշտական կրթությունը շարունակելու։ Գործիքները մնացին Աղավնոյում։ Սյունիքի մարզպետի  տեղակալ Նարե Ղազարյանն է խոստանում՝ այդ հարցում օգտակար լինել։

Չնայած դպրոց հաճախողների թիվը մարզպետարանը կամփոփի մինչեւ սեպտեմբերի 10-ը, սակայն մարզպետարանի աշխատանքային խումբը քարտեզագրում է  Սյունիք տեղափոխված 21 ընտանիքի կարիքները։ 11 ընտանիքի տվյալներից նախնական հաշվարկով այդ ընտանիքներում 10 դպրոցահասակ երեխա կա։ Կան նաեւ մանկապարտեզ հաճախող երեխաներ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930