Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ոմանք դրսում մի անհայտ մրցանակ են ստանում, դասականի թիկնոցով գրոհում են հայրենիք»

Նոյեմբեր 10,2022 13:00

Հարցազրույց արձակագիր Սուսաննա Հարությունյանի հետ

– Տիկին Հարությունյան, վերջերս Ֆրանկֆուրտում ավանդաբար անցկացվող գրքի աշխարհում ամենամեծ միջազգային ցուցահանդեսում, որին Հայաստանը մասնակցում է ավելի քան 20 տարի, հանդիպեցինք մեզ համար գոնե արտառոց մի դեպքի, երբ երկիրը ներկայացնում է մի այլ երկրի գրողի գիրքը, բնականաբար՝ թարգմանաբար։ Խոսքը ձեր «Ագռավները Նոյից առաջ» վեպի մասին է, որը բացի մեր տաղավարից, տեղ էր գտել նաեւ Եգիպտոսի տաղավարում։ Գիտենք, որ վեպը թարգմանվել է նաեւ անգլերեն ու սերբերեն։ Այդ մասին մեզ հայտնել է գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանը…

– Հավելեմ, որ ընթացքի մեջ են վեպի գերմաներեն, ֆրանսերեն, թուրքերեն հրատարակությունները։

– Նշենք, որ «Ագռավները Նոյից առաջ» վեպը, այլ մրցանակների թվում, Հայաստանում արժանացել է Գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի եւ Հայաստանի նախագահի մրցանակներին։ Դուք հրատարակված 10 ժողովածուների հեղինակ եք եւ ըստ մեզ հասած լուրերի՝ ամենաշատ թարգմանված հեղինակը վերջին շրջանում։ Ձեր որոշ գրքեր վերահրատարակվել են եւ կարելի է ենթադրել, որ նյութականի խնդիր առանձնապես չունեք։

– Գուցե տարօրինակ հնչի, բայց թարգմանվելը ինձ համար առանձնապես ուրախալի չէ, երբ քեզ՝ գրողին, քո երկրում չեն ճանաչում, հետեւաբար թարգմանվելը մի տեսակ ձեւական է դառնում։ Մինչդեռ գրողը առաջինը իր երկրում պետք է ճանաչվի, փառք վաստակի, հետո նոր նրա անունը դուրս գա երկրի սահմաններից։ Մեզ մոտ հակառակն է. գնում են դրսում մի գիրք հրատարակում կամ անհայտ մի մրցանակ ստանում, դրանից հետո դասականի թիկնոցով գրոհում են հայրենիք։ Եթե 1917թ. հեղափոխությունից հետո արվեստը սալոններից դուրս եկավ դեպի ժողովուրդը, ապա մեզ մոտ հիմա արվեստը հետ է քաշվում դեպի սալոններ։ Եվ դա արհեստականորեն է արվում, բացառելով լուրջ արվեստը։ Հիմա մեր երկրում ամեն ինչ ծառայում է ժամանցին՝ հումորային հաղորդումներից մինչեւ սերիալներ կամ թելադրվում է դրսից։ Եթե կանանց ազատությունների, սեռական փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցողների մասին չէ ստեղծագործությունը, այն մեդիա դաշտում մնում է աննկատ, որովհետեւ ըստ էության ազգային որեւէ թեմայի, խնդրի համար վճարող չկա, որպեսզի հանրայնացվի։ Իմ անտիպ վեպի հերոսներից մեկը մի միտք է արտահայտում՝ երկիրը, որտեղ տաղանդը սարսափ է առաջացնում, չի կարող լինել հայրենիք։ Իսկ ավելի ճիշտ չէ,՞ մի քանի վայրկյան գովազդում հնչի գրքիդ վերնագիրը, քան Հայաստանի բոլոր մարզերում այդ գրքի շնորհանդեսը անցկացվի։
Տեսեք՝ երաժիշտը, նկարիչը կարող է գնալ արտասահման, սրահ վարձել ու ներկայացնել իր արվեստը։ Եվ եթե նա տաղանդավոր է՝ անպայման կնկատվի։ Գրողի դեպքում բարդ է։ Կա լեզվի խնդիր, թարգմանության, գրախոսության եւ այլն…

– Թույլ տվեք կրկնվել. դուք՝ գոնե թարգմանության հարցում, խնդիր չունեք…

– Ավելին՝ գումար վաստակելու հարցում էլ խնդիր չունեմ։ Առանց չափազանցության՝ իմ համարյա բոլոր ժողովածուները մրցանակների են արժանացել, նախարարությունից դրամաշնորհներ եմ ստացել… Բայց գոհ չեմ իմ՝ որպես գրողի, ներկայացված լինելուց։ Օրինակ՝ իմ գործերից եւ ոչ մեկը չի բեմադրվել, չի նկարահանվել, չի վերածվել կտավի… Իսկ, օրինակ, Իրանում բեմադրվեց իմ «Ներդաշնակություն» պիեսը։

Հավանաբար տարօրինակ հնչեց, երբ ասացի՝ ֆիլմ չի նկարահանվել։ Վստահ եմ, որ իմ վիպակներն ու պիեսները կարելի է էկրանավորել քիչ ծախսով, որովհետեւ գործողությունները զարգանում են փոքր տարածքում, հերոսները քիչ են … Կային ժամանակներ, երբ պետությունը գումար էր տրամադրում հրատարակչին՝ գիրք հրատարակելու համար, որը վերջինս, ուղիղ ասած՝ «ուտում էր»։ Հիմա գումարը տալիս են հեղինակին, ինչը ողջունելի է, որովհետեւ եթե նույնիսկ գիրքը չի վաճառվում, ապա այդ տպաքանակի որոշակի մաս հեղինակը նվիրում է եւ այդպես ընթերցող է ունենում։


Այս պահին հիշեցի, որ 2-3 տարի առաջ նախարարության «Քո արվեստը դպրոցում» ծրագրով մի խումբ արվեստագետներ այցելել էինք հանրապետության դպրոցներ. վիճակը սարսափեցնող էր՝ երեխաների չկարդացության աստիճանը, շփման կուլտուրայի պակասը, ինֆորմացված լինելու պակասը, առհասարակ անտեղյակ էին կյանքի բոլոր ոլորտներից։ Չգիտեմ՝ ինչու էր նման արդյունք։ Ուսուցիչները նորմալ, կրթված մարդիկ էին, որոնք գոնե մինիմում գիտելիքներ պիտի փոխանցած լինեին սաներին։ Հնարավոր չի, չէ՞, դասարանի 30-35 երեխան միաժամանակ բութ լինեն, գուցե դասավանդման մեթոդն է սխալ կամ երեխաների քանակը մեծ։ Սա հարցերից ամենա-ամենան է, որ գուցե ուշացած, բայց անհրաժեշտ լուծում պետք է ստանա…

Անկախության տարիներին մտավորականությունը ոչ թե աքսորվեց կամ ինչպես ասում են՝ փախավ արտասահման, այլ մեզ ոչնչացրին, ամեն մեկիս աքսորեցին մեր գրասեղանի մոտ, կարճ ասած՝ հասարակական-քաղաքական կյանքից գրողին վանեցին։ Դրա հետեւանքով ունենք մի հասարակություն, որն իր երկրի պատմությունը, մշակույթը չգիտի։

Սա էլ ասեմ. ասպարեզում կան մեկ-երկու գրողներ, որոնք այնպես են իրենց պահում, կարծես իրենցից առաջ գրականություն չի եղել, կարծես առաջին տող գրողը իրենք են եղել։ Եվ երբ մշակույթը վանվեց հասարակությունից, մենք հիմա մեծ հաշվով ունենք անճաշակ, անտեղյակ, վերլուծելու անկարող հասարակություն։ Իսկ այս ընթացքում մեր ամենամեծ դժբախտությունն ու կորուստը մեր լեզվի այլասերումն է։ Կարծում եմ՝ չի գտնվի մեկը, որն այս հարցում ինձ հետ համաձայն չլինի։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
09.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Լավ էլի, գիտենք՝ որը ոնց ես ստացել… Ում ընկերուհին ես…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930