Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ են հուշում Ալիեւի ուղերձները

Նոյեմբեր 11,2022 12:00 Share

Որքան մեծ են Հայաստանից թուրք-ադրբեջանական տանդեմի «ակնկալիքները», ուրեմն, այդչափ Հայաստանը իրենից արժեք է ներկայացնում

Ադրբեջանի նախագահը Հայաստանից «արդար» խաղաղություն է պահանջում: Ալիեւը դարձյալ պահանջներ ու նախապայմաններ է ներկայացրել Հայաստանին, սա այն դեպքում, երբ նա 44-օրյա պատերազմից հետո գրեթե ամեն ամիս հիշեցնում է, որ՝ «Ղարաբաղի խնդիրը լուծված է»:

Հիմա նրա «խնդիրները» Հայաստանի ու ՀՀ ինքնիշխան տարածքի հետ են:

Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակները թաքնված են տարածաշրջանում «խաղաղություն» ու «կայունություն» հաստատելու վեհ գաղափարի տակ:

«Եթե Հայաստանը ցանկանում է վարել բարիդրացիության քաղաքականություն, առաջին հերթին պետք է իրականացնի 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները: Հայաստանը պետք է անկեղծ լինի Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում: Հայաստանը չպետք է արհեստականորեն ժամանակ ձգի, չպետք է սպասի ինչ-որ հրաշքի, որ ինչ-որ մեկը կգա եւ կպայքարի իրենց փոխարեն: Ոչ մեկը չի գա եւ չի կռվի նրանց փոխարեն»,- օրերս հայտարարել է Ալիեւը՝ ելույթ ունենալով Շուշիում զինվորականների առջեւ: Ապա նա հավելել է. «Մենք խաղաղություն ենք ուզում, բայց արդարացի խաղաղություն: Պահանջները, որոնք մենք առաջ ենք քաշում, արդարացի են, հիմնված են միջազգային իրավունքի վրա, եւ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի այդ պայմանների հիման վրա: Եթե Հայաստանը կամք ցուցաբերի, ապա այն կստորագրվի, եթե ոչ՝ ապա չի ստորագրվի: Կյանքը ցույց կտա՝ ինչ կլինի հետո»: Նա հստակեցրել է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը հնարավոր է միայն իրենց առաջադրած 5 սկզբունքները Հայաստանի կողմից ընդունվելու դեպքում։

2020թ. նոյեմբերի ստորագրված եռակողմ հայտարարության բոլոր կետերը խախտած Ալիեւը՝ Հայաստանին է մեղադրում այդ փաստաթղթի պահանջներին չհետեւելու մեջ: Այդ փաստաթղթի «երաշխավորը» Ռուսաստանն է, որը 2 տարի է՝ լռություն է պահպանում, չի նկատում այդ փաստաթղթի պահանջները Ադրբեջանի կողմից չկատարելու փաստը: Ի՞նչ է մնում Ալիեւին՝ մեղադրել Հայաստանին այդ փաստաթղթի դրույթները չկատարելու մեջ: Ինչով էլ Բաքուն զբաղված է ուղղակիորեն եւ իսկ Մոսկվան՝ անուղղակիորեն:

Ալիեւը շարունակում է սպառնալիքի լեզվով խոսել, սա այն դեպքում, որ մի քանի օր առաջ Պուտինի հովանու ներքո կայացած բանակցություններում պայմանավորվել էին՝ «զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից», իսկ բոլոր խնդրահարույց հարցերը լուծել՝ «բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա»:

Իսկ այն, որ ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ դա ոչ Ռուսաստանին, ոչ էլ Հայաստանի մյուս դաշնակիցներին չի անհանգստացնում: Հայաստանի երկու դաշնակիցները՝ Բելառուսը եւ Ղազախստանը, շնորհավորեցին օրերս Բաքվին՝ պատերազմում տարած «հաղթանակի օրվա» առթիվ: Այսպիսի դաշնակիցներով է շրջապատված Հայաստանը, այդ իսկ պատճառով՝ Ալիեւը որեւէ խոչընդոտ չի զգում Հայաստանին պահանջներ ներկայացնելու ու սպառնալիքների տարափով հանդես գալու հարցում:

Իսկ այն պետությունները, ովքեր խոսում են Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության անհրաժեշտության մասին, քննադատում են Ադրբեջանի պահվածքը՝ Հայաստանում ռուսական ազդեցության տակ գտնվող «վերլուծաբանների», «փորձագետների» ու «քաղաքական գործիչների» շուրթերով վարկաբեկվում են, որպեսզի ռուսների «անգործությունը» առանձնապես աչք չծակի:

Ալիեւն, իհարկե, չի մոռացել հիշեցնել, որ ռուս խաղաղապահ առաքելությունը Ղարաբաղում գտնվում է ժամանակավոր, ապա հավելել է. «…եթե նրանք (հայերը-խմբ.) որեւէ մեկի հետ դեռ հույս են կապում, ապա միեւնույն է, նոր ողբերգության կբախվեն»։ «Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը: Նրանք պետք է իմանան, որ կրակի հետ խաղալը թանկ կնստի իրենց վրա»,- շարունակել է սպառնալ Ալիեւը: «Այս տարվա իրադարձությունները՝ «Փառուխ», «Հատուցում» օպերացիաները՝ սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանին, այս ամենը պետք է դաս լինի Հայաստանի համար: Մենք տալիս ենք այդ դասը եւ հույս ունենք, որ ի վերջո նրանք կհասկանան, կզբաղվեն իրենց ներքին հարցերով եւ կդադարեն աչքը տնկել մեր տարածքի՝ Ղարաբաղի վրա: Ղարաբաղը մեր հողն է»,- ասել է նա: Ապա` նա հավելել է, որ իրենց համբերությունն անսպառ չէ, եւ եթե Հայաստանը չկատարի իր ստանձնած պարտավորությունները, իրենք ստիպված կլինեն անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:

Հիմա Ալիեւը խնդիր է դրել ողջ աշխարհին ներկայացնել, որ պաշտոնական Երեւանը ժամանակ է ձգում եւ խաղաղության համաձայնագիր չի ստորագրում: «Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ այդ պարտավորությունը լիարժեք չի իրականացվել: Ի՞նչ են անում հայ զինծառայողները Ղարաբաղում: Մեր համբերությունն անսահման չէ, եւ ես ցանկանում եմ եւս մեկ անգամ զգուշացնել, որ եթե այդ պարտավորությունը չկատարվի, Ադրբեջանն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի»,- ասել է Ալիեւը:

Անդրադառնալով՝ «Զանգեզուրի միջանցքին»՝ Ալիեւը նշել է, որ դա բացելը Հայաստանի պարտավորությունն է, քանի որ նա այդպիսի պարտավորություն ստանձնել է: «Երկու տարի մենք ձեռք չենք տալիս Լաչինի միջանցքով Հայաստանից Ղարաբաղ եւ հակառակ ուղղությամբ տեղաշարժվող մեքենաներին: Մենք հավատարիմ ենք ազատ տեղաշարժման մեր պարտավորություններին: Հայաստանը նաեւ պարտավորվել է ապահովել ճանապարհային հաղորդակցություն Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ: Անցել է երկու տարի, տեխնիկական-տնտեսական հիմքեր չկան, չկա որեւէ տեղաշարժ, ո՛չ երկաթուղային, ո՛չ ավտոմոբիլային: Եվ ինչքա՞ն երկար մենք կարող ենք սպասել»,- ասել է նա:

Որպես հայկական կողմի նկատմամբ մշտական սպառնալիք՝ Ալիեւը կրկին հիշեցրել է իր երկրի ռազմական բյուջեի աճը: Հաջորդ տարի Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի ռեկորդային ցուցանիշի, նշել է Ադրբեջանի նախագահը: «Կարելի է հարցնել՝ ինչո՞ւ, պատերազմն ավարտվել է, անցել է երկու տարի: Պատասխանը շատ պարզ է: Հայաստանում գլուխ են բարձրացնում ռեւանշիստական ուժերը: Հայաստանում առաջ են գալիս ուժեր եւ շրջանակներ, որոնք չեն ցանկանում հաշտվել պատերազմի արդյունքների հետ»,- հարց է ուղղել Ալիեւն ու ինքն էլ պատասխանել է:

Ալիեւը չի մոռացել նաեւ Հայաստանի աջակիցներին. «Նրանք, ովքեր Հայաստանին աջակցելու համար զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին, պետք է իմանան՝ ոչ ոք մեզ չի կարող վախեցնել»: Նա հանդես է եկել արդեն որպես տարածաշրջանային հիմնական խաղացող, ասելով՝ «տարածաշրջանում «հիմնական ազդեցությունը», «գլխավոր խոսքն» Ադրբեջանինն է»։ «Եթե հարկ լինի, մենք եւս մեկ անգամ ի ցույց կդնենք դա եւ կհասնենք ցանկալի արդյունքի։ Դա գիտեն բոլորը, թող իմանան նաեւ նրանք, ովքեր Հայաստանին աջակցելու համար մարտական զորավարժություններ են անցկացնում մեր սահմանին։ Ոչ ոք մեզ չի կարող վախեցնել»։

Դե ինչ, Ալիեւի ուղերձները՝ Հայաստանին, տարածաշրջանի պետություններին, տարածաշրջանում իրենց շահերն առաջ մղող երկրներին ներկայացված են:

Դատելով այն հանգամանքից, որ Ալիեւը 44-օրյա պատերազմից 2 տարի անց դժգոհությունների մի ողջ փաթեթով է հանդես գալիս, նշանակում է՝ Հայաստանն ունի մանեւրելու բավական մեծ դաշտ: Որքան մեծ են Հայաստանից թուրք-ադրբեջանական տանդեմի «ակնկալիքները», ուրեմն այդչափ Հայաստանը իրենից արժեք է ներկայացնում, ուրեմն, պաշտոնական Երեւանի հնարավոր քայլերն ու գործողությունները դեռ կարող են Հայաստանին ամրանալու, ամրապնդվելու հնարավորություններ տալ՝ բոլոր առումներով: Ուրեմն, Հայաստան պետության կողմից՝ խոսքն ու գործը կարող են իրավիճակ փոխել:

Պարզապես, բացի խաղաղության հասնելու օրակարգից՝ պաշտոնական Երեւանը պետք է ունենա Հայաստանի զարգացման տեսլականը, մոտ ապագայի տեսլականը, եւ նախաձեռնողական քաղաքականությամբ տարածաշրջանում Հայաստանի նշանակության վերաբերյալ իր խոսքը ներկայացնելիս եւ գործողություններով լինի նպատակասլաց, հետեւողական, անզիջում ու պահանջկոտ:

Խաղաղության հասնելու ձգտումը, անշուշտ, կարեւոր է, բայց թղթի վրա գրված ու կնքված «խաղաղությունը» դեռ ոչինչ է, գործնականում այն խաղաղություն չի ապահովելու՝ հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի միահամուռ ուժերը՝ Հայաստանը թուլացնելու առումով:

Հետեւաբար, նույնիսկ խաղաղության պայմաններում թուրք-ադրբեջանական տանդեմի այդ նպատակը հօդս չի ցնդելու, նշանակում է՝ դրան պետք է դիմագրավել, օգտվելով բոլոր հնարավոր գործիքներից:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 10.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930