Լրահոս
Օրվա լրահոսը

Ականջդ բեր՝ ասեմ․ ականջաբորբի դրսևորումները, ախտանշաններն ու բուժման մեթոդները

Նոյեմբեր 28,2022 22:00

Երեխաները շատ հաճախ են դժգոհում ականջների ցավից, և դա ունի իր օբյեկտիվ պատճառները։ Զարգացման փուլում գտնվող նրանց փոքրիկ ականջները չեն կարողանում հեղուկն անցկացնել այնքան լավ, որքան մեծահասակների դեպքում է, իսկ երեխաների իմունիտետն էլ դեռ լիովին ձևավորված չէ, ուստի տարբեր ինֆեկցիաներով վարակվելու հավանականությունը նրանց մոտ ավելի մեծ է։

Ականջաբորբի 3 տեսակ են առանձնացնում՝ կախված նրանից, թե ականջի որ հատվածն է ախտահարված՝ արտաքին, միջին, թե ներքին։

Վարակի յուրաքանչյուր տեսակը դրսևորվում է տարբեր ախտանշաններով։

Լողորդի ականջ (արտաքին անցուղու բորբոքում)

Արտաքին անցուղու բորբոքումը հաճախ անվանում են լողորդի ականջ՝ պայմանավորված այն փաստով, որ լսողական ապարատը երկար ժամանակ խոնավ մնալով դառնում է մանրէների և այլ միկրոօրգանիզմների բազմացման համար հարմար միջավայր։

Արտաքին անցուղու բորբոքում կարող է առաջանալ ականջի անցուղում չափից ավելի հեղուկի առկայության, ականջի մաքրումից առաջացած փոքրիկ վնասվածքների, մաշկային խնդիրների պատճառով։

Լողորդի ականջի ախտանշանները

Սովորաբար ականջացավը զարգանում է աստիճանաբար՝ 1-2 օրվա ընթացքում։ Ցավը հատկապես ուժեղանում է ականջին դիպչելիս կամ ականջը քաշելիս, ինչպես նաև ծամելու ժամանակ։

Ախտանշանները ներառում են՝

  • Ականջի ցավ (սովորաբար ցավում է միայն մի ականջը),
  • ականջի քոր,
  • արտաքին ականջի կարմրություն,
  • ականջի անցուղու այտուց,
  • ականջից արտահոսող հեղուկ կամ թարախ (կարող է լինել թափանցիկ, սպիտակ, դեղին, երբեմն արյան հետքերով և ունենալ տհաճ հոտ)
  • լսողական խնդիրներ,
  • զնգոց ականջներում,
  • գլխապտույտ,
  • ականջում լցվածության զգացում,
  • ցավ դեմքի կամ պարանոցի մի հատվածում,
  • լիմֆատիկ հանգույցների մեծացում։

Լողորդի ականջի բուժման ժամանակ կիրառվում են առանց դեղատոմսի նշանակվող ցավազրկողներ, հնարավոր է նաև հակաբիոտիկների նշանակում բժշկի կողմից։ Տնային միջոցները ներառում են ջերմակի միջոցով ականջի տաքացումը և սպիտակ քացախով լվացումը՝ ականջի անցուղու բնական рН-ը վերականգնելու և այտուցը վերացնելու համար։

Միջին ականջի բորբոքում

Միջին ականջի բորբոքում կարող են հարուցել ինչպես վիրուսները, այնպես էլ բակտերիաները։ Միջին ականջի սուր բորբոքման նշանները ներառում են թմբկաթաղանթի այտուցը կամ թբկաթաղանթի շարժունակության նվազումը օդի ներփչման ժամանակ։ Երբ միջին ականջում հեղուկ է լինում, թմբկաթաղանթը նորմալ չի տատանվում։

Միջին ականջի ինֆեկցիայի ախտանշանները

Միջին ականջի բորբոքման ախտանշանները սովորաբար արտահայտվում են հարբուխից կամ շնչառական այլ հիվանդությունից 2-7 օր հետո։
Դրանք կարող են դրսևորվել հետևյալ կերպ՝

  • Ցավ ականջներում (թեթև կամ ուժեղ),
  • ջերմություն,
  • դեղին, խիտ ու արյունոտ արտադրություն ականջից,
  • ախորժակի կորուստ, փսխում,
  • քնի խանգարումներ։

Միջին ականջի բորբոքման բուժումը հիմնականում ենթադրում է ցավի թեթևացումը, օգտագործվում են ցավազրկողներ ու ջերմիջեցնողներ։ Սակայն կարևոր է հիշել, որ երեխաներին ասպիրին չի կարելի տալ։ Սովորաբար միջին ականջի վարակներն անցնում են առանց հակաբիոտիկների անհրաժեշտության։

Ներքին ականջի բորբոքում (լաբիրինթիտ)

Ներքին ականջի բորբոքման պատճառ կարող են լինել շնչառական հիվանդությունները, ականջի վիրուսային ու բակտերիալ վարակները։

Ներքին ականջի բորբոքման ախտանշանները

Լաբիրինթիտի ախտանշանները սովորաբար բավականին արագ են սկսվում և կարող են լավ արտահայտված լինել մի քանի օր շարունակ։

Դրանք են՝

  • Գլխապտույտ, անկանոն քայլվածք,
  • սրտխառնոց,
  • լսողության կորուստ,
  • զնգոց ականջներում
  • հայացքի կենտրոնացման հետ կապված դժվարություններ։

Ներքին ականջի բորբոքումը լուրջ խնդիր է, որով պետք է զբաղվեն միմիայն մասնագետները․ այս դեպքում ինքնաբուժումը կարող է պարզապես ճակատագրական լինել։

Ականջի ինֆեկցիաները նորածինների դեպքում

Երբեմն դժվար է լինում հասկանալ, թե ինչն է անհանգստացնում նորածիններին և շատ փոքրիկ երեխաներին, որոնք չափազանց փոքր են իրենց ցավը նկարագրելու համար: Սակայն ականջների ցավի մասին կարելի է ենթադրել, եթե փոքրիկը դիպչում է ականջներին կամ քաշում դրանք։ Երեխաների մոտ ականջների հետ կապված խնդիրների մասին կարող են հուշել նաև նրանց դյուրագրգիռ վիճակը, լավ չսնվելն ու չքնելը։ Նրանք երբեմն կարող են հրաժարվել խմել շշից, քանի որ կուլ տալիս նույնպես ցավում են ականջները:

Նորածինների մոտ ականջաբորբի ախտանշաններ կարող են լինել՝

  • Ջերմություն,
  • արտադրություն ականջներից,
  • լսողության խանգարում,
  • վատ ախորժակ,
  • փսխում,
  • փորլուծություն։

Նորածինների ականջի ցավը կարող են թեթևացնել ականջի կաթիլները, բայց դրանք պետք է օգտագործվեն բժշկի նշանակումով: Կարող են կիրառվել նաև առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկող և ջերմիջեցնող որոշ դեղամիջոցներ։ Ականջի ցավը կարող է թեթևացնել ականջի վրա դրվող տաք կտորը, աղաջրով ողողումն ու տաքացրած ձիթայուղի մի քանի կաթիլը։ Սակայն  այս միջոցների կիրառումը նույնպես խորհուրդ է տրվում համաձայնեցնել մանկաբույժի հետ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930