Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը դիմակայելու մեր կամքն է. Հակոբ Ավետիքյան. «Ազգ»

Դեկտեմբեր 16,2022 11:51

Ժամանակին՝ սուլթանական, այնուհետեւ երիտթուրքական եւ ավելի ուշ՝ քեմալական Թուրքիայում հայերի ու հպատակ մյուս ազգությունների դեմ պատժիչ գործողություններ ձեռնարկելու համար թուրքերը սովորություն ունեին կիրառել ինքնարդարացման մի շա՜տ սովորական հնարք՝ «դինիմե սյովդի», «կրոնիս կամ հավատիս հայհոյեց»։

Այսօր, 21-րդ դարի առաջին քառորդում, թուրքերը, կարակոյունլուներ թե ակկոյունլուներ, նույն հնարքներն են օգտագործում հայերիս դեմ, այս օրերին՝ հատկապես արցախահայության դեմ, միայն թե՝ ոչ թե կրոնը կամ հավատը վկայակոչելով, ինչը մոդայիկ չէ հավատուրացության մեր ժամանակներում, այլ՝ արտաքին աշխարհի համար «համոզիչ» բնապահպանակա՜ն պատրվակը։

Առայժմ մի կողմ թողնենք դրսի աղվեսներին ու պոչերին եւ տեսնենք, թե ի՞նչ են ասում մեր ներքին թութակները։ Վերջինները, բոլորն էլ ՔՊ-ականներ, բոլորն էլ խորհրդարանի պատգամավորներ, շարունակում են երգել նույն երգը՝ Լաչինի միջանցքի վերաբացումը, 120 հազար արցախցիներին սովամահությունից փրկելը, գազի մատակարարումը վերսկսելը ոչ թե մեր, այլ ռուս խաղաղապահների եւ Բաքվի գործն է, նրա՛նք պետք է հարթեն խնդիրները, Հայաստանը պատասխանատվություն չի կրում։ Միամիտ կամ միամիտ ձեւացող այդ տղաները վախենում են, որ Լաչինի միջանցքին տիրություն անելու պարագայում Երեւանը «ստիպված կլինի» Ադրբեջանին զիջել Զանգեզուրի «միջանցքը», որի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը երեկ պաշտոնապես հայտարարեց, թե ինքը գրավոր թե բանավոր որեւէ խոստում չի տվել որեւէ մեկին։ Իսկ նրանցից մեկը՝ նախկինների նախկին Վիգեն Խաչատրյանն առաջ անցնելով՝ դավադրական մի ամբողջ տեսություն առաջ քաշեց խորհրդարանի ամբիոնից հայտարարելով, որ «Ռուսաստանն է մեզ ուզում ներքաշել Ադրբեջանի հետ պատերազմի մեջ», որպեսզի Ղարաբաղը հանձնի Ադրբեջանին եւ «փոխարենը Հայաստան ստանա Ադրբեջանից»։ Պատերազմ՝ որին Հայաստանում անհամբեր սպասում են նաեւ, իր խոսքով, «ռեւանշիստները», որ «մենք մի հատ էլ պարտվենք եւ իրենք իշխանության գան արդեն ՌԴ նահանգում»։ Խելապակաս այս մտքերի հեղինակը կարծես չգիտի, թե ռուսներն առանց պատերազմի էլ կարող են հեղաշրջում իրականացնել Հայաստանում։ Չգիտի նաեւ, որ պատերազմի թիրախը այս անգամ Ռուսաստանն է լինելու, բայց մեր տարածքի վրա։

Այս եւ նման անհեթեթությունները երեկ պատասխան ստացան Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի շուրթերով, որի խոսքը իսկապես համոզիչ կլիներ, եթե ռուս խաղաղապահները տեղում առկա իրենց հզոր մեքենաներով Հայաստանից Ստեփանակերտ մարդասիրական կամուրջ ստեղծեին, ի չիք դարձնելով Արցախը շնչահեղձ անելու ադրբեջանական ջանքերը։

Բաքուն եւ Անկարան բնավ չեն հրաժարվելու իրենց թշնամական ծրագրերից, միշտ օգտագործելու են «դինիմե սյովդի» տեսակի հնարները։

Կարեւորը արցախահայության եւ մեր դիմակայելու կամքն է:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031