Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը ոչ թե ազատագրել է, այլ օկուպացրել է Շուշին, Հադրութը եւ ԼՂՀ մի մասը, թքել է Մինսկի խմբի համանախագահության սկզբունքների վրա». Շարմազանովը՝ Լավրովին

Փետրվար 02,2023 18:20

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսելով այն մասին, թե ինչու ՀԱՊԿ երկրները միանշանակ չդատապարտեցին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները 2022-ի սեպտեմբերին, հայտարարել էր. «Ղարաբաղյան այս պատերազմի պատմությունը գալիս է տասնամյակների խորքից և երբ երկար-երկար տարիներ Հայաստանն օկուպացված էր պահում Ադրբեջանի շուրջ 7 շրջանները, և հետո, երբ հուսահատված քաղաքական ճանապարհով հարցը լուծելուց՝ Ռուսաստանն առաջարկում էր բազմաթիվ տարբերակներ, որոնք դեռ Հայաստանի նախկին ղեկավարությունն այնքան էլ լավ, դրական չէր ընդունում՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց նկատմամբ երբևէ հավակնություններ չի ունեցել: Հետևաբար` Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք իրեն են պատկանում»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Նախ, Ադրբեջանը ոչ թե ազատագրել է,այլ օկուպացրել է Շուշին, Հադրութը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի մասը:

Երկրորդը՝ Ադրբեջանը իր գործողություններով թքել է Մինսկի խմբի համանախագահության՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ներկայացրած սկզբունքների վրա, որովհետեւ Մինսկի խմբի համանախագահ 3 երկրները, այդ 3 երկրների նախագահները լիքը հայտարարություններ են արել, ըստ որի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է: Հետո՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների ձեւավորած սկզբունքներից մեկը ուժի չկիրառումն է եւ ուժի սպառնալիքի չկիրառումն է: Հետեւաբար, եթե Ադրբեջանը ռազմական լուծմամբ արհամարհում է ու մերժում է խաղաղ կարգավորումը, դրանով ուղիղ թքում է այդ համանախագահության կողմից ձեւավորած սկզբունքների վրա:

Երրորդ՝ ՀՀ-ն որեւէ փաստաթղթում կոնֆլիկտի կողմ չի եղել, ԼՂ հակամարտությունը տարածքային վեճ չի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ինչպես ցանկացել է ներկայացնել տարիներ շարունակ Ադրբեջանը: ԼՂ հակամարտությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պայքար է, տարածքային վեճ չի ու Հայաստանն այնտեղ կողմ չի: Որեւէ միջազգային փաստաթուղթ  չի եղել առնվազն մինչեւ 2018-ը, դրանից հետո ես չգիտեմ Նիկոլը թաքուն ինչ է պայմանավորվել, բայց մինչեւ 2018 թիվը չի եղել նման բան, որ Հայաստանը լինի կողմ:

Մենք Լավրովից, Բորելից, Բլինքենից ի՞նչ ենք պահանջում, մեր պահանջը պիտի լինի Նիկոլից, Նիկոլն է գնացել պայմանավորվել Պրահայում, ինչ-որ Ալմա Աթայի հռչակագիր է բերել չգիտեմ որտեղից կամայական մեկնաբանում եւ նույն Լավրովի հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու Ալիեւը պայմանավորվել են, որ ԼՂ-ն պիտի լինի Ադրբեջանի կազմում: Վսյո՛, այդ մարդը հանձնել է: Ամերիկացիք էլ ասում են՝ եթե Նիկոլը համաձայնվել է, ամերիկացիք, ռուսները, եվրոպացիք խի՞ չպիտի համաձայնվեն, կարո՞ղ է իրենց մասին ավելի շատ մտածենք: Իսկ ինչ  վերաբերում է Լավրովի գնահատականներին՝ Ադրբեջանը չի ազատագրել, գրավել է, ագրեսոր պետություն է, օկուպանտ է: Որեւէ մեկը՝ ոչ նախկինում, ո՛չ ներկայում Արցախի ժողովրդից ավելի շատ իրավական հիմքեր չունի իրացնելու իր ինքնորոշման իրավունքը, քան  Արցախը՝ ո՛չ Ղրիմում, ո՛չ Դոնբասում, ո՛չ Շոտլանդիայում, ոչ էլ այստեղ-այնտեղ»:

Հարցին՝ Լավրովը նախկին իշխանությունների հետ կապված ասում է, որ այն առաջարկները, որոնք ռուսական կողմը ներկայացրել է, դրական չեն ընդունել՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց նկատմամբ երբևէ հավակնություններ չի ունեցել, ընդունելի՞ են այս քննադատությունները՝ Շարմազանովը պատասխանեց. «Ռուսական կողմի եւ առհասարակ համանախագահների կողմից ձեւակերպված փաստաթղթի մասին շատ հստակ 2021-ի հունվարի 13-ին ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական էջում ներկայացրել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, որտեղ հստակ նշված է եղել սկզբունքները: Եվ այդ նույն Իգոր  Պոպովը, որը  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն է ու ռուս համանախագահը, հստակ նշում է, որ պրոբլեմներն առաջացել են Հայաստանում իշխանափոխությունից հետո, երբ Հայաստանի իշխանությունները միակողմանի կերպով փորձել են խախտել բանակցային գործընթացը: Իսկ ինչ վերաբերում է մեր իշխանությունների հետ կապված գործընթացին, Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան զույգը եւ առհասարակ մեր իշխանությունը երբեք չի բանակցել միակողմանի տարածքներ զիջելու խնդիրը: Մեր համար խնդիրը եղել է կարգավիճակի հասնելը, դրա համար բանակցված փաստաթղթում 5 շրջանից դուրս էինք գալիս, բայց Արցախն ունենում էր միջանկյալ կարգավիճակ, Քելբաջարը, Լաչինը մնում էր մեր վերահսկողության տակ, Արցախի իշխանություններն ունենում էին ամբողջական կառավարման իրավունք, Արցախը պետք է անդամակցեր միջազգային կառույցներին, որտեղ դե յուրե ճանաչումը պարտադիր չէ եւ Արցախի ապագա կարգավիճակն ամրագրվելու էր հանրաքվեով, ունենալու էր պարտադիր կամարտահայտություն: Դա այն փաստաթուղթն է, որը ներկայացվել է համանախագահների կողմից եւ հրապարակային ներկայացվել է ՌԴ ԱԳՆ կայքում:

Իսկ հող տալու վերաբերյալ Լուկաշենկոյի եւ Սերժ Սարգսյանի ձայնագրությունները լսեք, տեսեք այո, մենք հող տվող չէինք: Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է մեր նպատակը հող տալը կամ չտալը չէ, մեր նպատակը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը հասնելն է: Իսկ այդ նիկոլիստները, Նիկոլի հաճախորդները, քաղաքական ձագերը, որ սկսել են կվկվացնել, իրենց ընդամենը մի բան ասեմ՝ մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանին մեղադրում էիք, որ Կիսելյովին ասել է 5 շրջանից պատրաստ ենք դուրս գալ կարգավիճակի դիմաց, այն ժամանակ ասում էին՝ Սերժը հող է տալիս, հիմա էլ Լավրովն ասում է՝ նախկին իշխանությունը հող չէր տալիս, հիմա էլ եկել ասում եք՝ հող խի չեք տվե՞լ: Հող տվողն էլ, պարտություն ստորագրողն էլ, ինքնորոշման իրավունքից հրաժարվողն էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է: Փաստերով ապացուցել եմ ու կապացուցեմ:

Մենք ունեցել ենք կարմիր գիծ, մեր կարմիր գիծը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում ու չի էլ լինելու: Դա մեր կյանքի նպատակն է, մեր կյանքի առաքելությունն է: Շատերի համար դա երազ է թվում, անհաղթահարելի է, բայց այսօր փառք Աստծո, Արցախում էլ կան արդեն ղեկավարներ, որոնք այդպես են մտածում: Արցախի ժողովուրդն էլ է այդպես մտածում, ինքը չի պատկերացնում իր ապագան Ադրբեջանի կազմում»:

Հարցին՝ չկա՞ Լավրովի խոսքում մանիպուլյացիա, երբ ՀԱՊԿ-ի անգործության հետ կապված ասում է՝ Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք իրեն են պատկանում, այդ դեպքում 2022-ի սեպտեմբերի 13-ին ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակում եղավ, ինչո՞ւ ՀԱՊԿ-ը լռեց՝ Շարմազանովը պատասխանեց. «Մեր առաջին պահանջը պետք է լինի ոչ ՀԱՊԿ-ից, ոչ ԵՄ-ից, ոչ Արեւմուտքից, ոչ էլ ՆԱՏՕ-ից, մեր առաջին պահանջը պետք է  լինի Նիկոլ Փաշինյանի ռեժիմից: Երբ որ 41 քկմ-ն 2021-ի մայիսին Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Ադրբեջանը առանց մի կրակոցի նվաճեց, Նիկոլ Փաշինյանն ի՞նչ արեց՝ ոչինչ: Գիտեք, եթե իմ տան վրա հարձակվում են, ես ոչ մի բան չեմ անում, ուրիշից ի՞նչ ունենք սպասելու: Իսկ ՀԱՊԿ-ը Երեւանում գագաթաժողովի ժամանակ հստակ առաջարկել է ռազմական օժանդակություն, որի մասին Զասը խոսել է: Այդ մարդիկ հրաժարվել են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728