Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր ՀԱՊԿ-ն առաջարկում Հայաստանին, Ստանիսլավ Զասը փակագծեր բացեց

Դեկտեմբեր 19,2022 17:19

«Մանրամասներ, իհարկե, բացահայտել չեմ կարող, քանի որ նախագիծը գաղտնի է։ Բայց ասեմ, որ իսկապես եղել է կետ, որը նախատեսում էր Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն տրամադրել։ Ցուցակ, իհարկե, չկար, թեեւ հայկական կողմը ՀԱՊԿ–ին տվյալներ էր փոխանցել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի առաջնահերթ կարիքների մասին։ Իսկ տրամադրման պայմանները տարբեր էին՝ ինչ-որ բան, որպես օգնություն, ինչ-որ բան՝ արդեն ներքին գներով»,- այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում, Մոսկվա–Աստանա–Բիշքեկ–Երեւան–Մինսկ տեսակապի միջոցով կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը` պատասխանելով ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք օգնության մասին հարցին։

Հիշեցնենք, նոյեմբերի վերջերին, Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովում, Հայաստանին ՀԱՊԿ-ի կողմից տրամադրվող օգնության մասին փաստաթուղթը Հայաստանը չստորագրեց՝ ուղարկելով լրամշակման, քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, տեքստը թերի էր: Ավելի ուշ խորհրդարանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ այդ փաստաթղթում դիտարկվում էր նաեւ Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն տրամադրելու հարցը, սակայն, հայկական կողմի համար առավել կարեւոր էր քաղաքական գնահատականը:

Ստանիսլավ Զասը նաեւ մանրամասնեց՝ ասելով, որ ամենեւին էլ նկատի չունի, որ փաստաթղթի ստորագրման հաջորդ օրը ինքնաթիռներ կժամանեին՝ Հայաստանի համար անհրաժեշտ ռազմատեխնիկայով, սակայն, դա հնարավորություն կտար ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարություններին՝ աշխատել այդ ցանկով:

Ավելի ուշ Ստանիսլավ Զասը հավելեց, որ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին առաջարկվել է թե քաղաքական ու դիվանագիտական, թե ռազմական օգնություն, այդ թվում՝ առաքելության ուղարկում հայ-ադրբեջանական սահմանի այն հատված, որտեղ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Առհասարակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարծիքով, իր գլխավորած կառույցը արագ եւ արդյունավետ աշխատանք է կատարել սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ՝ ընդունելով մի շարք կարեւոր որոշումներ. «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ է գումարվել 5 անգամ՝ քննարկելու հրատապ խնդիրները։ Սա առաջին անգամն է մեր կազմակերպության պատմության մեջ։ Երեք անգամ նիստ է հրավիրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումի համաձայն։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստերում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Պետությունների ղեկավարների հանձնարարությամբ մշակվել է մոնիթորինգային առաքելություն՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի եւ Միացյալ շտաբի պետի գլխավորությամբ»:

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 13-ին, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին սկսված թեժ մարտերի օրը, ՀԱՊԿ անդամ պետության ղեկավարները առցանց ձեւաչափով Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողով են անցկացրել. «Անմիջապես որոշվեց մոնիթորինգային առաքելություն ուղարկել Հայաստան։ Բառացիորեն մեկ օր անց արդեն Երեւան վայրէջք կատարեց մոնիթորինգային առաքելության առաջին խմբի ինքնաթիռը։ Եվ հետագա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք կարող ենք աշխատել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է արագ եւ արդյունավետ գործել: Այդ առաքելության աշխատանքի արդյունքում նախապատրաստվել են ՀՀ-ին օգնության տրամադրման ժամանակակից միջոցների վերաբերյալ ՀԱՊԿ խորհրդի մի շարք որոշումներ, որոնք քննարկվել են սույն թվականի նոյեմբերի 23-ին Երեւանում կայացած ՀԱՊԿ նստաշրջանում»

Նա հույս հայտնեց, որ համապատասխան լրամշակումից հետո, ՀԱՊԿ-ը կընդունի՝ իր բնութագրմամբ՝ շատ կարեւոր եւ միմյանց փոխլրացնող երկու փաստաթուղթ՝ ՀՀ-ին օգնության տրամադրման եւ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հայտարարությունը, որոնք նպաստելու են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031